Միջազգային համակեցության նոր կանոննե՞ր


Անցյալ շաբաթ համաշխարհային մամուլում հրապարակվեց Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում այդ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի ղեկավարությամբ կայացած «Չմիացած երկրների շարժման» 15-րդ գագաթաժողովի ընդունած «Հռչակագիրը»: Դրանում, բառ իսկ չասելով պետությունների տարածքային ամբողջականության պահպանման միջազգային սկզբունքի մասին, հատուկ մի պարբերություն նվիրված է ազգերի ինքնորոշման իրավունքին. «Չմիացած երկրների կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները շարունակում են աջակցել բոլոր ժողովուրդների հիմնարար և անօտարելի ինքնորոշման իրավունքին` ներառյալ բոլոր ոչ-ինքնակառավարվող տարածքները, ինչպես նաև օտար օկուպացիայի կամ գաղութային և օտար իշխանության տակ գտնվող տարածքները: Ազգերի ինքնորոշման սկզբունքը կենսական և կարևորագույն գործոն է նմանատիպ բոլոր իրավիճակներն արմատախիլ անելու և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներն ու ազատություններն ապահովելու համար»: Սա մի բացառիկ կարևոր փաստաթուղթ է, որը կարող է լուրջ ազդեցություն գործել աշխարհի հետագա քաղաքական ճակատագրի վրա: «Չմիացած երկրների շարժումը», որը գոյություն ունի 1961 թվականից, այսօր արդեն միավորում է ՄԱԿ-ի անդամ 119 պետություն, որոնցում ապրում է երկրագնդի բնակչության կեսից ավելին: Կազմակերպությանը դիտորդի կարգավիճակով անդամակցում է նաև 16 այլ պետություն, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունը, 5 միջազգային և 2 ազգային-ազատագրական կազմակերպություն: «Չմիացած երկրների շարժման» անդամ են նաև «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության գրեթե բոլոր անդամները, որոնց ճնշող մեծամասնությունը «կողմ» է քվեարկել ընդունված «Հռչակագրին»: Եթե այս փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրած բոլոր պետությունները, այդ թվում «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությանն անդամակցող երկրներն անշեղորեն առաջնորդվեն ընդունված հռչակագրի այն դրույթով, որը գերակայություն է տալիս ազգերի ինքնորոշման սկզբունքին, ապա ՄԱԿ-ի նստաշրջաններում այս կամ այն ժողովրդի, այդ թվում նաև արցախահայության անկախության ձգտումների առթիվ հնարավոր քննարկումների ժամանակ Ադրբեջանն այլևս չի ստանա իսլամական երկրների անվերապահ աջակցությունը: Ադրբեջանը միշտ ձգտում էր Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորան հարցը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներից և տեղափոխել միջազգային այլ ատյաններ, այդ թվում` ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեա: Տարիներ առաջ նա այդպիսի մի փորձ արեց` վերջինիս քննարկման թեմա դարձնելով Ադրբեջանի այսպես կոչված «գրավյալ տարածքների» խնդիրը: ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնության «ձեռնպահ» քվեարկության և «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ-երկրների աջակցության շնորհիվ Ադրբեջանը կարողացավ ընդունել իրեն ցանկալի բանաձև, չնայած դրան դեմ արտահայտվեցին այս աշխարհի բոլոր հզորները, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի Եռանախագահ երկրները: Ընդունված բանաձևն, իհարկե, Ադրբեջանին ոչինչ չտվեց, քանի որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բանաձևերն ընդամենը խորհրդատվական բնույթ ունեն, պարտադիր կատարման ուժ չունեն: Պարտադիր կատարման ենթակա են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշումները, իսկ այդ Խորհուրդը Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը վերապահել է հենց ԵԱՀԿ-ին և նրա Մինսկի խմբին ու Եռանախագահներին: Սակայն Ադրբեջանը մինչև հիմա էլ մատի փաթաթան է դարձրել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ընդունել տված ինքնաշահ բանաձևերը և դրանք օգտագործում է քարոզչական նպատակներով: Իլհամ Հեյդար-օղլին հենց վերջերս լոնդոնյան իր հրապարակային ելույթում կրկին շեշտեց, թե «Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել միջազգային սկզբունքների` պետությունների տարածքային ամբողջականության պահպանման, ուժի չկիրառման և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա»: Շարմ էլ Շեյխում ընդունած Հռչակագրով` 119 երկիր Ադրբեջանին և նրա նման այլ բռնակալ երկրներին բաց տեքստով ազդարարում են, թե վերջ տվեք ձեր պետությունների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի հետևում թաքնվելուն և ձեր գերիշխանությունը հպատակեցված ու ստրկացված ժողովուրդներին պարտադրելուն: Անցյալ օգոստոսի 8-ին Վրաստանի կողմից Հարավային Օսիայի վրա հարձակվելու, հրով ու սրով իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու ձախողակ փորձը «արդարացվում» էր հենց Հելսինկիում 1975 թ. ընդունված «Հիմնարար փաստաթղթի» մեջ ամրագրված «Պետությունների տարածքային ամբողջականության պահպանման» սկզբունքով: Օգոստոսյան 5-օրյա պատերազմից անմիջապես հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդես եկավ Եվրոպայում ու աշխարհում անվտանգության նոր, ավելի արդարացի համակարգ, իր ձևակերպմամբ` «նոր ճարտարապետություն կառուցելու» առաջարկով: Նա ընդգծում էր, թե 1975-ին ստեղծված անվտանգության համակարգը հնացել է, այլևս չի համապատասխա նում նոր դարի պահանջներին ու մարտահրավերներին, ուստի «հարկավոր է առաջնություն տալ ազգերի ինքնորոշման սկզբունքին, սեփական ճակատագիրը ազատ կամարտահայտմամբ տնօրինելու ժողովուրդների իրավունքին»: Մեդվեդևի այս առաջարկն Արևմուտքը քամահրանքով ընդունեց: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Միլիբենդը հրապարակավ նույնիսկ դատապարտեց Ռուսաստանի նախագահին` Մոսկվային մեղադրելով երբեմնի խորհրդային գերտերության կարգավիճակին վերադառնալու ձգտումների մեջ: Հռչակագիրը, սակայն, ապացուցում է, որ «Չմիացած երկրների շարժում» կազմակերպութ յան անդամ 119 երկիր ճիշտ նույն կերպ է մտածում, ինչպես Ռուսաստանի նախագահը: Միգուցե տասնամյակներ պահանջվեն, մինչև Շարմ էլ Շեյխում ընդունված «Հռչակագիրը» դառնա համաշխարհային կյանքի նորմ, բայց` անպայման կդառնա: Որովհետև ինչքան էլ իրենց տարածքներում ազգային փոքրամասնություններ ունեցող պետությունները հակառակվեն, ինչքան էլ ցանկանան իրենց տարածքային ամբողջականությունը պահպանելը մատի փաթաթան դարձնելով հավերժացնել հպատակ ժողովուրդների ստրկությունը` չի ստացվի: Ժողովուրդները, ինչպես որ պետությունները, մեծ թե փոքր, հավասար են իրենց արժանապատվությամբ: Անհեթեթ է ժողովուրդներին բաժանել երկու մասի` սեփական ինքնիշխան պետությանը տեր լինելու իրավունք ունեցողներ և… այդ իրավունքից հավերժորեն «զրկվածնե¯ր»:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ