Գուրգեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԵՐԿՆՔՈՒՄ ԳԵՐՎԱԾՆԵՐԸ


 

ՍԵԴԱ _ (Իրենից անկախ) Ա˜յ քեզ բոզանոց…

ՈԳԻ _ Դե չէ … (Կրկին չի իմանում` ինչ ասի):

ՏԻԳՐԱՆ _ Լավ, իսկ ի՞նչ կա դժոխքում: Ճի՞շտ է, որ այնտեղ չար ոգիները տառապում են կրակների մեջ:

ՈԳԻ _ Իհարկե ճիշտ է… Ու ո˜նց են տառապում, ո˜նց են տառապում:

ՍԵՆԻԿ _ Բայց, ինչ-որ մի բան տրամաբանական չէ: Հակագիտական է: Ոգիները` այսինքն մենք, նյութական չենք, ճի՞շտ է

ՈԳԻ _ Այո´: Թեև մեզ երբեմն կարող է թվալ, թե նյութական ենք:

ՍԵՆԻԿ _ Թվալը` մի կողմ… Ոգիները նյութական չեն: Ուրեմն պիտի լինեն մի այնպիսի բան, որը, ասենք, էներգիայի ձևով է, էներգետիկ դաշտի, որոշակի ուրվագծում ամփոփված մագնիսական դաշտի պես ինչ-որ բանի: Իսկ կրակը, հալված կուպրը էներգետիկ դաշտի վրա ազդել չեն կարող: Ասել է` նրան տանջել չեն կարող: Համոզիչ չէ: (Ոգուն) Դու իսկապե՞ս տեսել ես, որ հալված կուպրը էներգետիկ դաշտի վրա ազդում է:

ՈԳԻ _ Դե իհարկե տեսել եմ: (Վիրավորված) Դուք ինչ անհավատ ոգիներ եք:

ՏԻԳՐԱՆ _ Ու ճշմարի՞տ է, որ սատանան է չար ոգիներին տանջում:

ՈԳԻ _ Այո´, սատանան է տանջում:

ՍԵԴԱ _ Այսինքն` բոլոր նրանց, ովքեր եղել են անհավատ: Նրա´նց, ովքեր չեն հետևել Աստծո խորհրդին: Նրա´նց, ովքեր եղել են չար… Եվ այլն, և այլն, և այլն, սատանան դաժանաբար, տեղը տեղին տանջում է:

ՇՈՂԵՐ _ Եվ ի՞նչ դուրս եկավ…

ՍԵՆԻԿ _ (Բառերն արտասանում է հատ-հատ): Կեցցե´… արդարադատ… սատանան…

ՈԳԻ _ Դե չէ…

ՏԻԳՐԱՆ _ Չէ˜… Ինչ-որ բան իսկապես այն չէ´:

ՈԳԻ _ Լսե´ք, դուք ինձ ինչո՞ւ եք կանչել: Ինչ-որ բան իմանալո՞ւ համար, թե՞…

ՏԻԳՐԱՆ _ Նաև` թե…

ՈԳԻ _ Ուրեմն Մեդիումին պիտի ասեիք, որ ձեզ հարկավոր է փիլիսոփա ոգի, գիտությունների դոկտոր, էներգետիկայի մասնագետ, տրամաբանության, մագնիսական դաշտերի:

ՍԵԴԱ _ Իսկ դո՞ւ…

ՈԳԻ _ Ես մի հասարակ, պարզ ոգի եմ: Էներգետիկայի-մեներգետիկայի հետ գործ չունեմ: (Վեր կենալով) Համ էլ իմ ժամանակը լրացավ: Ես պիտի գնամ:

ՍԵՆԻԿ _ Բայց դուռը փակ է: Ինչպե՞ս ես գնալու:

ՈԳԻ _ Ես կբացեմ:

ՍԵՆԻԿ _ Բա ինչո՞ւ մենք չենք կարողանում բացել: Չէ՞ որ քեզ նման ոգիներ էլ մենք ենք:

ՈԳԻ _ Որովհետև ձեր տեղը դեռ որոշված չէ: Եթե նույնիսկ բացեք, դուրս գաք, մեկ է, իսկույն հետ կբերեն:

ՍԵԴԱ _ Իսկ եթե որոշվի, կարող ենք քեզ պես շրջագայե՞լ:

ՈԳԻ _ (Մոտենում է դռանը, սպասում, որ բացվի): Եթե ուղարկեն դրախտ…

ՏԻԳՐԱՆ _ Բայց դուռը չի բացվում: (Մի պահ սպասում են):

ՇՈՂԵՐ _ Իսկ լինո՞ւմ է, որ դրախտից գործերը հետ ուղարկեն:

ՈԳԻ _ Ո˜չ: Ի˜նչ ես ասում:

ՇՈՂԵՐ _ Ուրեմն դրախտում անհնա՞ր է մեղք գործել:

ՈԳԻ _ (Ծիծաղելով) Դե, էլ ի՞նչ դրախտ, եթե այնտեղ էլ պիտի մեղքեր լինեն:

ՇՈՂԵՐ _ Բայց մի անգամ արդեն եղել է, չէ՞:

ՍԵԴԱ _ Եվ դուռն էլ չի բացվում…

ՈԳԻ _ (Անհանգստանալով) Իսկապես: Ինչո՞ւ չի բացվում:

ՍԵՆԻԿ _ Ինձ թվում է, որ քո գործերն իրոք ուղարկել են վերաքննության, ու քեզ դատելու են մեզ հետ միասին:

ՈԳԻ _ (Ավելի անհանգստացած) Ո˜չ: Այդպիսի բան լինել չի կարող: Ես դրախտի´ ոգի եմ: (Կրկին փորձում է դուռը բացել, բայց չի հաջողվում: Նայում է չորս կողմը): Այստեղ հարմար բան չկա՞:

ՏԻԳՐԱՆ _ Ուզում ես կոտրե՞լ: Մենք փորձել ենք: Մի´ չարչարվիր: (Ոգին գտնում է ինչ-որ փայտ և դուռը փորձում բացել):

ՍԵԴԱ _ Բայց եթե որոշել են քեզ թողնել այստեղ, ինչո՞ւ ես ուզում կոտրել: (Որոշակի խորհրդավորությամբ) Ըմբոստանո՞ւմ ես:

ՈԳԻ _ Դե չէ, ես… (Հանկարծ փայտը դուրս է պրծնում, դիպչում ոգու գլխին, և նա ընկնում է: Բոլորը նայում են իրար: Տիգրանը մոտենում է, շոշափում):

ՇՈՂԵՐ _ Ի՞նչ պատահեց:

ՏԻԳՐԱՆ _ (Զարմացած) Մեռավ:

ՍԵԴԱ _ Տարօրինակ է: Եթե ոգի էր, ինչպե՞ս մեռավ:

ՏԻԳՐԱՆ _ Եվ, գիտե՞ք, նա էլ մեզ նման դեռ նյութական, սովորական մարմին է:

ՍԵՆԻԿ _ (Մտածելով) Բայց այդպես լինել հնարավոր է: Ամեն նյութ կամ էներգիա տարբեր միջավայրերում տարբեր հատկություններ է ունենում:

ՍԵԴԱ _ Ուրեմն մենք էլ այս պատերից դուրս, ասենք` դրախտում, կարող ենք լինել ոգո՞ւ պես:

ՍԵՆԻԿ _ Անշուշտ: Եվ այդ պատճառով է, որ այս ոգին այստեղ այսպիսին է` մեզ նման: Հակագիտական ոչինչ չկա: Ու չի բացառվում, որ հենց դրախտում էլ այդ էներգիան տարբեր ձևեր ընդունի: Ինձ թվում է, որ վայելքների պահին ոգին նյութական է դառնում: Ի վերջո, տղամարդիկ հո չե՞ն սիրում հավերժահարսերի էներգետիկ դաշտը… Իսկ դրախտի պտուղները, կարծում եք, ոգինե՞րն են վայելում:

ՍԵԴԱ _ Տրամաբանության առումով` ամեն ինչ ճիշտ է: (Թեթև կատակով) Բայց հիմա մենք ի՞նչ անենք մեզ վրա մնացած այս դրախտային էակին:

ՇՈՂԵՐ _ Սա հենց սկզբից ինձ տարօրինակ թվաց: Կարծես… (Ձեռքով ցույց է տալիս, թե ծալը պակաս էր):

ՍԵՆԻԿ _ Բայց ինչո՞ւ եք կարծում, թե դրախտում բոլորը պիտի լինեն գիտնական: Բացառվա՞ծ է, որ երկրային, այսպես կոչված, թեթևամիտները չգործեն դժոխային մեղքեր: (Ոգին սկսում է շարժվել, կենդանանալու նշաններ է ցույց տալիս):

ՈԳԻ _ (Գլուխը բռնելով) Այսպես լինում է, մի´ զարմացեք: Կարծում եք, թե մենք` դրախտային էակներս, ցավ չե՞նք զգում:

ՏԻԳՐԱՆ _ Բնական է, որ եթե զգում եք հաճույք, ուրեմն պիտի զգաք նաև ցավ:

ՇՈՂԵՐ _ Եվ, փաստորեն, դրախտը աշխարհից չի տարբերվում…

ՈԳԻ _ Ա˜… (Բոլորը նայում են նրան` սպասելով, թե ի՞նչ է ասելու): Ես իմացա, թե ինչու դուռը չի բացվում: Պարզապես մոռացել եմ ասել կախարդական խոսքը… Սեզա´մ, բացվի´ր… Սեզա´մ, բացվի´ր… (Դուռը դեռևս չի բացվում):

ՇՈՂԵՐ _ (Ոգու հետ միասին կրկնում է): Սեզա´մ, բացվի´ր… Սեզա´մ, բացվի´ր… (Մյուսները նույնպես միանում են նրանց):

ԲՈԼՈՐԸ` ՄԻԱՍԻՆ _ Սեզա´մ, բացվի´ր… Սեզա´մ, բացվի´ր…

Դուռը դանդաղ բացվում է: Գունավոր մշուշն ու երաժշտությունը կրկին ստեղծում են խորհրդավոր միջավայր: Ոգին հեռանում է: Մյուսները բաց դռնից փորձում են դուրս նայել, բայց մշուշն այնքան թանձր է, որ ոչինչ չի երևում: Քիչ անց վերադառնում են մահճակալների մոտ: Հանկարծ նույն դռնից ներս է գալիս մեկ այլ` սովորական ոգի, որը հետաքրքրությամբ նայում է չորս կողմը:

ՇՈՂԵՐ _ (Առանց զարմանքի, սովորական տոնով) Իսկ դո՞ւ ով ես: Որտեղի՞ց եկար:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈԳԻ _ Ե՞ս: Ոգի եմ: Երկրից եկա: (Զգացվում է, որ բոլորի հետաքրքրությունը շարժվեց):

ՍԵԴԱ _ Երկրի՞ց… Հանգուցյա՞լ ես:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈԳԻ _ Չէ´: Ի՞նչ ես ասում: Իմ տերը պարզապես քնել է: Ու, ճիշտն ասած, այնպես էր խռմփացնում, որ նյարդերս չդիմացան: Դուրս եկա` զբոսնեմ:

ՍԵԴԱ _ Եվ ինչո՞ւ մտար այստեղ:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈԳԻ _ Հենց այնպես: Դուռը բաց էր, ես էլ մտա: Իսկ դո՞ւք այստեղ ինչ եք անում: Ինչո՞ւ դուրս չեք գալիս:

ՏԻԳՐԱՆ _ Որովհետև չեն թողնում: Եթե դուրս էլ գանք, մեկ է, հետ կբերեն: Մենք հանգուցյալներ ենք: Սպասում ենք մեր դատաստանին:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈԳԻ _ Մեղքեր շա՞տ ունեք:

ՍԵԴԱ _ Մենք էլ չգիտենք, բայց մեզ արդեն դժոխքի համար նախապատրաստում են:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈԳԻ _ Պարզ է: Ուրեմն սա ձեր վերջին կայարա՞նն է:

ՏԻԳՐԱՆ _ Այդպես է դուրս գալիս:

ՍԵՆԻԿ _ Իսկ դու ե՞րբ ես վերադառնալու երկիր:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈԳԻ _ Շուտով: Երբ տերս արթնանա:

ՍԵՆԻԿ _ Իսկ ո՞վ է ձեր մեջ գլխավորը. դո՞ւ, թե տերդ:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈԳԻ _ (Մտածելով) Եսի՞մ: Երևի թե` տերս, որովհետև իմ անելիքը միշտ կախված է նրանից:

ՍԵԴԱ _ Բայց մենք հիմա մեր մարմիններից կախում չունենք: Ավելին` նրանք արդեն անշունչ իր են, իսկ մենք կանք: Դուրս է գալիս, որ գլխավորը եղել ենք մենք:

ՍԵՆԻԿ _ Դե, այդտեղ հակասական ոչինչ էլ չկա: Այն աշխարհում գլխավոր է մարմինը, այս աշխարհում` մենք: Այդ պատճառով էլ մեծ աշխարհը բաժանված է երկու մասի` նյութական ու ոգեկան: Պարզ չէ՞, որ նյութական աշխարհում գլխավորը պիտի լինի նյութը` մարմինը:

ՏԻԳՐԱՆ _ (Ոգուն փոքր-ինչ մոտենալով) Ես քեզ մի խնդրանք ունեմ: Կանե՞ս:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈԳԻ _ Սիրով: Եթե միայն դա լինի իմ հնարավորության սահմանում:

ՏԻԳՐԱՆ _ Գիտե՞ս, ես անակնկալ մեռա, ու մորս տան տանիքը մնաց չնորոգած: Հիմա ինչքան անձրև, ձյուն գա` կաթելու է: Եթե նույնիսկ ընկնեմ դրախտ, միևնույն է, ինձ չեմ ների, չեմ ունենա հանգիստ: Պիտի խնդրեմ` օգնես ինձ` նորոգես: (Ոգին մտածում է: Մյուսները մոտենում, նրան շրջապատում են):

ՍԵՆԻԿ _ Ես էլ շարունակ ծուլացա, ամեն օր ականջի հետև գցեցի ու հորս շիրիմը թողեցի անտեր, անհիշատակ: Եթե կարող ես, խնդրում եմ, գոնե գերեզմանին մի քար դիր:

ՍԵԴԱ _ Իմ կողմից ծաղիկների պարտեզ տնկիր, և դա թող լինի նվեր աշխարհին:

ՍԵՆԻԿ _ Հիշիր իմ գտած խաչքարի տեղը` Աչիկ լճի մոտ` ընկուզենու տակ: Եթե կարող ես, հանիր:

ՇՈՂԵՐ _ Իսկ ինձանից պարզապես բարև տար Երկիր մոլորակին…

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈԳԻ _ Լավ: Ձեր խնդրանքը ես տիրոջս կհաղորդեմ, բայց չգիտեմ` նա կանի՞, թե ոչ: Հաճախ նա ինձ չի հավատում և ասածներս շուտ մոռանում է: Համ էլ քանի որ նա ունի շոշափելի բջջային կառուցվածք, անմիջապես մտածելու է, որ տանիք նորոգելու համար հարկավոր է շոշափելի իր, այսինքն` փող: Նույնը կմտածի տապանաքարի համար: Ծաղիկներ տնկելը, խաչքար հանելը, կասի, (բառերը երկարաձգելով) աշխատա˜նք է, չարչարա˜նք: Իսկ քո բարևը ես անպայմա´ն, անպայմա´ն կհաղորդեմ: Դե, իմ տերը ոնց որ ուզում է արթնանալ: Ես պիտի գնամ: (Քայլում է դռան կողմը):

ՇՈՂԵՐ _ Հաջողություն, Երա´զ ոգի:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈԳԻ _ (Ձեռքով մնաս բարև անելով) Հաջողությո˜ւն, հաջողությո˜ւն: (Գնում է):

ՇՈՂԵՐ _ (Մի քանի վայրկյան անց արտասանում է):

Երազնե´ր, երազնե´ր իմ կապույտ,

Երազներ իմ լուսե, իմ մաքուր…

ՏԻԳՐԱՆ _ (Շարունակում է):

Իմ` գինով, իմ` լուսնոտ երազներ…

ՍԵԴԱ _ (Շարունակում է):

Խելահեղ, հեշտագի˜ն ցնորքներ…

ՇՈՂԵՐ _ Դուք ուրիշ, դուք ուրի˜շ մի աշխարհ…

ՍԵՆԻԿ _ Դուք ուրի˜շ մի հեքիաթ աստղավառ…

ՏԻԳՐԱՆ _ Դուք միրաժ, դուք պատրանք, դուք տեսիլք…

ՍԵԴԱ_ Բայց կյանքի, գոյության հավաստիք…

(Կրկին մի պահ տիրում է լռություն):