ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆՑ.

«ԻՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄ ՍԱՆԵՐՆ ԵՆ»


 

Անվանի երաժիշտ-մանկավարժ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆայել ՀԱԿՈԲՅԱՆՑԻ անունը կարելի է լսել տարբեր համերգների ժամանակ, կարդալ տարբեր մրցույթ ների ազդագրերում:

Իր յոթանասունը բոլորած արվեստագետ-մանկավարժն իրավամբ ապրում է մեր արվեստի հոգսերով, ամեն ինչ անում, որպեսզի մոռացության չտրվեն մեր մեծերի` Գոհար Գասպարյանի, Տաթևիկ Սազանդարյանի, Նար Հովհաննիսյանի, Տիգրան Լևոնյանի, մյուսների անունները: Եվ ոչ միայն անունները: Այնպես է աշխատում ուսանողների հետ, որպեսզի նրանց երգեցողությունը սերտակցված լինի ազգային օպերային երգեցողության դասական ավանդույթներին:

- Եկել է մրգահասի ժամանակը. Դուք ապրում եք տարիքային մի ժամանակաշրջան, երբ ոմանք մտածում են միայն հանգստի մասին: Բայց Ձեզ ճանաչողները չեն կարող պատկերացնել Ձեզ` առանց անհանգիստ առօրյայի:

- Կարծեմ Չայկովսկին է ասել. «Արվեստի մարդու համար հանգիստն համազոր է մահվան»: Ես չեմ պատկերացնում այդ հանգիստը, որովհետև ինձ դեռ զառամյալ ծերունի չեմ զգում: Իմ օրը հագեցած է, օրվա բոլոր ժամերը վաղօրոք ծրագրված են: Եթե ես նստեմ տանը, չմտածեմ աշխատելու մասին` սիրտս կպայթի: Մանավանդ հիմա, երբ զգում եմ, որ աստիճանաբար անհետանում են մեր արժեքները, երբ հարկավոր է առավել նախանձախնդիր վերաբերմունք ունենալ հատկապես մեր օպերային արվեստի նկատմամբ:

- Ես Ձեր նախանձախնդրության մասին վաղուց գիտեմ: Գիտեմ նաև, որ ամեն ինչ անում եք, որպեսզի ոչինչ մոռացության չտրվի: Հիշում եմ իմ լավ բարեկամ Տիգրան Լևոնյանի հիացմունքն այդ առթիվ, նա միշտ ասում էր, որ Ռաֆայելը այն եզակի մարդկանցից է, ով ապրում է` վառ պահելու համար մեծերի հիշատակները:

- Ես մարդկային ու ստեղծագործական մեծ բարեկամություն եմ ունեցել Գոհար Գասպարյանի և Տիգրան Լևոնյանի հետ, կարծես նրանց ընտանիքի անդամն եմ եղել... Հետևաբար, շնորհակալ եմ, որ նորից հիշեցրեցիք Տիգրան Լևոնյանի անունը, այդ տաղանդավոր մարդու, ով կարողացավ մեր օպերային թատրոնը փրկել վերահաս ոչնչացումից, բայց ում հանդեպ շատ դաժան ու անարդար եղան մեր իշխանությունները` անգամ զրկելով թատրոն վերադառնալու հնարավորությունից: Մենք շատ հարուստ օպերային մշակույթ ենք ձևավորել. 20-րդ դարում մեր օպերային երգեցողությու նը ողջ Խորհրդային Միությունում լավագույններից մեկն էր: Եթե մեր բալետը դեռևս չէր կարող մրցունակ համարվել, չէր կարող համազորվել Մեծ թատրոնի բալետին, ապա մեր օպերան զարմացնում և հիացնում էր իր ձայներով, իր բեմադրությունների նորարարական միտումներով: Գոհար Գասպարյան, Տաթևիկ Սազանդարյան, Գոհար Գալաջյան, Միհրան Երկաթ, Նար Հովհաննիսյան, Արշավիր Կարապետյան, Վահան Միրաքյան անունները կարելի էր տեղափոխել աշխարհի ցանկացած հռչակավոր օպերային թատրոնի բեմ: Մեզ մոտ, այսպես կոչված «երկրորդական ձայներն» անգամ կարող էին զարդարել շատ թատրոնների բեմեր: Տարիների հետ, հավանաբար նաև ձևավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերների պայմաններում, մենք շատ բան կորցրեցինք: Չկարողացանք գուրգուրել ու փայփայել մեր տաղանդներին, նրանց համար նորմալ պայմաններ ձևավորել: Օպերային երգչի բեմական կյանքը շատ կարճ է` հազիվ քսան տարի: Տարիների հետ թուլանում են նրա մկանները, ձայնը կորցնում է իր հզորությունն ու արտահայտչականությունը, ուստի պետք է այս կարճ ժամանակամիջոցն արդյունավետորեն օգտագործել, ընձեռել բոլոր հնարավորությունները, նպաստել օպերային տաղանդների բացահայտումին:

- Գուցե նաև պետք է մտածել գնահատումների մասին, օպերային արվեստի հանդեպ պետական հոգածության մասին:

- Միանգամայն համաձայն եմ: Մեզանում հենց դա է հիմա պակասում, կամ, ավելի ճիշտ` բացակայում: Ձեր թերթը գրել է այն մասին, որ Գոհար Գասպարյանի հիշատակը մինչև օրս չի հավերժացվել, մինչդեռ մեր հարևան երկրներում իրենց ազգային արժեքները գտնվում են ուշադրության կենտրոնում: Վախճանվել էր մեր նշանավոր երգչուհի Տաթևիկ Սազանդարյանը, ում ստեղծագոր ծությունը դեռևս կարոտ է համակողմանի լուսաբանման: Նրա հուղարկավորությանը պետական այրերից միայն մշակույթի նախարարի` սպորտի հարցերով տեղակալն էր մասնակցում: Սա մեր ամոթն էր ու մեր խայտառակությունը: Այսօր ունենք շնորհալի երիտասարդություն, շատերը մասնակցում են միջազգային մրցույթների, դափնեկիրներ ու հաղթողներ դառնում, սակայն նրանց հանդեպ ևս չկա արժանի վերաբերմունք: Արվեստագետն իր ժողովրդի գեղարվեստական կուտակումների արտահայտիչն է, այն անձը, ով կամուրջ է դառնում սեփական ժողովրդի և աշխարհի միջև: Ուստի պետք է գնահատել արվեստագետին, ճիշտ ժամանակին արժևորել: Դուք գիտեք թատրոնի պատմություն, տեղյակ եք, որ անտիկ Հունաստանում և Հռոմում դերասաններն ու երգիչ-դերարարները պետական բարձր պաշտոնյաներ էին համարվում, նրանց աշխատավարձ էր տրվում պետական գանձարանից: Մեզ մոտ էլ է աշխատավարձ տրվում, սակայն այդ աշխատավարձը չափազանց քիչ է, գրեթե ողորմելի մի բան է, ինչն էլ դրդում է, որ մեր շատ տաղանդավոր երգիչ-երգչուհիներ հեռանան երկրից:

- Սա, իհարկե, մեր մեծագույն ցավերից մեկն է: Գիտեմ, որ հիմա Ռուսաստանի և Եվրոպայի շատ առաջավոր երաժշտական թատրոններում աշխատում են Ձեր սաներից շատերը: Նրանց մի մասը հեռացել է նույն անտարբերության և նյութական անբավարար վիճակի պատճառով: Պահպանո՞ւմ եք կապեր նախկին սաների հետ:

- Իմ հաջողություններն իմ սաներն են: Ես շատ շուտ թողեցի օպերային երգչի կարիերան և անցա մանկավարժական գործունեության: Այդպես դասավորվեց իմ կյանքը: Բայց չեմ դժգոհում, որովհետև ունեցա շատ լավ սաներ, լավ աշակերտներ: Այո´, նրանցից շատերն այսօր Ռուսաստանի և Եվրոպայի առաջավոր թատրոններում են, կատարում են գլխավոր դերերգեր, արդեն կայացած արվեստագետներ են: Շատ կուզենայի, որ մեր օպերայի բեմում երգեին, բայց, ինչպես ասում են` մեծ նավին մեծ նավարկություն... Արվեստագետի կյանքում հնարավորությունը մեկ անգամ է տրվում, ու նա պետք է օգտվի այդ հնարավորությունից: Հպարտանում եմ, երբ իրենց հարցազրույցներում հիշատակում են իմ անունը, նշում, որ ինձանից ինչ-որ բան սովորել են: Սովորեցնելը նույնպես արվեստ է, որի շատ գաղտնիքներ ես Գոհար Գասպարյանից եմ ժառանգել: Նա հրաշալի էր աշխատում ուսանող երգիչների հետ, կարողանում էր բացահայտել նրանց, ինքնաճանաչման մղել: Երբ երգիչը ճանաչում է իր ձայնը, գիտե իր ձայնածավալի հնարավորությունները, նա կարողանում է հեշտությամբ տիրապետել ցանկացած նյութի:

- Օրերս Դուք նշեցիք ձեր ծննդյան 70-ամյակը, լսեցիք շնորհավորանքի բազմաթիվ խոսքեր: Ձեր մասին առանձնակի ջերմությամբ արտահայտվեցին նշանավոր երգչուհի Էլվիրա Ուզունյանը և աշխարհում մեծ ճանաչում ունեցող երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը: Բոլորի համար Դուք շատ սիրելի մարդ եք` անչար ու բարի: Անգամ զարմանում եմ, որ թշնամիներ չունեք:

- Թշնամիներ չունեմ, ունեմ համախոհներ, կան մարդիկ, ովքեր ինձ հետ կարող են համաձայն չլինել այս կամ այն հարցում: Ես աշխարհին նայում եմ բարության հայացքով, ուզում եմ, որ ինձ շրջապատող մարդիկ բարի լինեն, ապրեն այն համոզմունքով, որ միայն բարությունը կփրկի աշխարհը: Ուզում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր ինձ շնորհավորել են, նաև միշտ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ավանգարդ» թերթին, որը չափազանց ուշադիր է և ոչ միայն իմ հանդեպ:

Զրուցեց Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԸ

«Զարմանալի, հետաքրքիր, ինքնատիպ, միշտ կնամեծար և միշտ հոգատար բոլորի հանդեպ...… Այսպիսին է Ռաֆայել Հակոբյանցը` իմ երկար տարիների ընկերն ու բարեկամը, իմ արվեստակիցը: Տարիների բարեկամությունն է կապում մեզ, ու տարիների մեջ չի փոխվել Ռաֆիկը, չի կորցրել իր դիմագիծը: Ես հպարտանում եմ նրա հետ ունեցածս ընկերությամբ»:

Էլվիրա ՈՒԶՈՒՆՅԱՆ

Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի

«Հրաշալի մարդ է Ռաֆայել Հակոբյանցը, հրաշալի երաժիշտ ու մանկավարժ, իր գործը սիրող անհատականություն: Երկար տարիների բարեկամություն ունեմ նրա հետ, երկար տարիներ գիտեմ ու ճանաչում եմ նրան: Այդ ճանաչումն օգնել է ինձ հասկանալ ու գնահատել նրան, տեսնել այնպիսի հատկանիշներ նրա մեջ, որոնք ուրիշների մոտ բացակայում են: Այսօր շատ շնորհալի վոկալիստներ հպարտությամբ կարող են ասել, որ Ռաֆայել Հակոբյանցի սաներն են եղել: Հպարտությամբ, որովհետև նրա անունն արդեն իրենց առջև դռներ է բացում: Մեծ աշխատանք է կատարել Ռաֆիկը մեր օպերային թատրոնի համար, այսօր շատ երիտասարդ երգիչ-երգչուհիներ նրա դպրոցն են անցել, հաջողություններ գրանցել: Ես պատահական չասացի` դպրոց, որովհետև Հակոբյանցն արդեն իր մանկավարժական դպրոցն ունի, որը շատ լավն է և շատ հուսալի:

Բարսեղ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր

- Զարմանալի և չափազանց հետաքրքիր մարդ է մեր Ռաֆիկը, նա մեր օպերային երգեցողության պատմության քայլող հանրագիտարանն է: Բայց ոչ միայն գիտի փաստեր, այլև մտահոգ է, որպեսզի պահպանվեն ու գնահատվեն արժեքները, փոխանցվեն սերունդներին:

Ռաֆայել ՔՈԹԱՆՋՅԱՆ

ՀՀ ժողովրդական արտիստ