Մանկապղծությունն ու հոգևորականները


 

Ճիշտ եք, պիտի որ անհամատեղելի լինեին այս հասկացությունները: Բայց դրանք փաստորեն այնքան են սերտաճել ու այնքան բացահայտ դարձել, որ Բելգիայի կաթոլիկ քահանաների համար հոգեբանական հատուկ դասընթացներ են կազմակերպելու: Նպատակը հոգևոր ծառայողների կողմից երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունները կանխելն է (տեղեկացրել է Le Soir-ը):

Տուրնե քաղաքի արքեպիսկոպոս Գի Արպինյիի հավաստմամբ` հոգեբանները կօգնեն պաշտամունքի ապագա ծառայողներին` «հաղթահարել և հակազդել երեխաների հետ կապված իրավիճակների հնարավոր խնդիրները»: Ձևակերպումն, իհարկե, բավական «նրբանկատ» ու մեղմ է: Մինչդեռ նրանց համար հոգեբանական դասընթացներ կազմակերպելու փաստը շատ ավելի խոսուն է: Մանավանդ` երբ տեղեկանում ենք, որ կաթոլիկ մանկապիղծ-հոգևորականների դեմ Բելգիայի դաշնային դատախազություն բողոք է ներկայացրել ավելի քան 800 քաղաքացի: Այդ բողոքների թիվն ակնհայտորեն ավելանում է: Ու այդ արատը նորություն չէ, որովհետև լրատվամիջոցների հավաստմամբ` բողոքողները գերազանցապես միջին տարիքի տղամարդիկ են, ովքեր հոգևորականների կողմից սեռական շահագործման են ենթարկվել մանուկ հասակում. տուժածներից ամենատարեցը 82 տարեկան է:

Բելգիայի եպիսկոպոսարանը համաձայնել է մինչև 25.000 եվրո փոխհատուցում վճարել տուժողներին (ԻՏԱՌ-ՏԱՍՍ):