Թուրքիայի աշխարհաքաղաքական մեծ սխալը


 

Սիրիայում առկա հակամարտության, դրանում թուրքական միջամտության մասին է զրույցը

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ:

- Արդեն երկար ժամանակ է, ինչ Սիրիայում շարունակվում է հակամարտությունը: Իրականում ի՞նչ է կատարվում այդ երկրում, և ո՞ւմ շահերից է դա բխում:

- Սիրիայում, փաստորեն, կառավարական ուժերի դեմ պայքարում են արտասահմանից ֆինանսավորվող և տարբեր երկրներից վարձկաններ: Ուժային մի քանի կենտրոններ` առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները, շահագրգռված են, որ Սիրիայի իշխանությունները պարտություն կրեն: Այդ հարցում մեծ դեր ունեն նաև արաբական մի շարք երկրներ, մասնավորապես, Սաուդյան Արաբիան և Կատարը: Այս պայքարում շատ կարևոր է Թուրքիայի դերը: Ըստ էության, Սիրիայի կառավարական ուժերի դեմ պայքարը սնվում և սկիզբ է առնում Թուրքիա յի տարածքում` թուրքական իշխանությունների և հատուկ ծառայությունների օժանդակությամբ:

- Թուրքիան աշխատում է օգուտներ քաղել ստեղծված իրավիճակի՞ց:

- Ես կարծում եմ` Թուրքիան աշխարհաքաղաքական և քաղաքական առումով շատ կոպիտ սխալ թույլ տվեց: Փաստորեն, ակտիվորեն ներգրավվելով հակաասադյան պայքարում, Թուրքիան ստացավ իր համար ծանր` Սիրիայի քրդերի հետ կապված մի խնդիր: Այսպիսով, մենք հիմա կարող ենք տեսնել, որ Սիրիայի տարածքում ձևավորվում է քրդական ինքնավարություն, որը հետագայում կարող է նաև քրդական պետականության վերածվել: Այսինքն, իր սահմանների վրա Թուրքիան ստացավ երկրորդ քրդական պետական կազմավորումը: Առաջինը ստացել էր Իրաքի դեպքերի հետևանքով. գիտենք, որ հյուսիսային Իրաքում կա քրդական ինքնավարություն: Փաստորեն, նմանատիպ կազմավորում ստեղծվում է նաև Սիրիայի հետ իր սահմանի տարածքի վրա: Սա մեկ: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Սիրիայի քրդերը սերտորեն համագործակցում են Թուրքիայում գործող քրդական բանվորական կուսակցության հետ: Դա լրացուցիչ դժվարություններ է առաջացնում Թուրքիայի համար: Արևմտյան վերլուծաբանները կանխատեսում են, որ այսպես կոչված արաբական գարունը կարող է շուտով վերածվել նաև քրդական գարնան, ինչը կհանգեցնի Թուրքիայում քրդական շարժման ակտիվացմանը: Իսկ դա, իր հերթին, կարող է անմիջականորեն սպառնալ թուրքական պետականությանը: Այնպես որ, Թուրքիան այսօր կանգնած է այս շատ բարդ խնդիրների առջև, կապված Սիրիայի իրադարձությունների հետ: Կրկնում եմ, դա իր` Թուրքիայի կոպիտ սխալի հետևանքն է:

- Վերջերս, եթե չեմ սխալվում, Դավիթօղլուն էր հայտարարել, թե Թուրքիան պատրաստ է իր տարածքում ընդունել Սիրիայից փախստականների. ավելացրել էր նաև` հայերի: Ի՞նչ կարող է սա նշանակել :

- Չեմ կարող ասել, թե նա ինչ նկատի ուներ, բայց փախստականների առումով` Թուրքիայի խնդիրներն աստիճանաբար ավելանալու են: Սիրիայից մեծ թվով փախստականներ կան Թուրքիայում` տասնյակ հազարավոր: Դրանց զգալի մասը քրդեր են: Փաստորեն, նրանք միանում են այնտեղ գործող քրդական շարժմանը: Նաև վերջերս տեղեկատվություն ստացվեց, որ Թուրքիայում ստեղծված` փախստականների ճամբարում հումանիտար պայմանները շատ ծանր են: Ուղղակի դժգոհություն կա, ինչն աստիճանաբար հանգեցնում է նրան, որ տեղի են ունենում բախումներ թուրքական ոստիկանության և փախստականների միջև: Այսինքն, Սիրիայի հետ Թուրքիայի սահմանների վրա տեղակայված մեծ թվով փախստականները Թուրքիայի համար դառնում են հերթական խնդիրը` կապված Սիրիայի հետ:

- Գիտեք նաև, որ վերջերս ԱՍԱԼԱՆ հանդես եկավ նախազգուշացնող հայտարարությամբ` սպառնալով, որ անտարբեր չի մնա, եթե հայության դեմ Թուրքիան ոտնձգություններ թույլ տա: Ի՞նչ ազդեցդություն կարող է ունենալ ԱՍԱԼԱ-յի ներգրավումը հակամարտությանը:

- Դժվարանում եմ գնահատական տալ, բայց ակնհայտ է, որ Թուրքիան ցանկություն ունի այսպես կոչված` հումանիտար միջանցքների, բուֆերային ու ապահովության գոտիների պատրվակի ներքո բռնագրավել Սիրիայի տարածքը: Թուրքիայում այսօր արդեն քննարկում են, թե ինչ պետք է անեն հայերի հետ, ովքեր կլինեն իրենց բռնագրաված այդ տարածքներում: Եվ սա, իհարկե, խնդիր է, որը մտահոգում է մեզ` հայերիս: Կարծում եմ` Թուրքիան նույնպես փորձում է այս խնդիրը լուծել: Այս համատեքստում եմ դիտարկում այն հայտարարությունը, որ վերջերս արվեց Սիրիայի ընդդիմության այն ուժերի կողմից, որոնք սպառնում էին հայ համայնքին: Կարծում եմ` դա արվել է Թուրքիայի հորդորով: Համենայն դեպս, կան ակնհայտ փաստեր, որ Թուրքիան ազդեցություն ունի սիրիական ընդդիմության որոշ հատվածի վրա, որն իրենից զենք ու փող է ստանում: Ես կարծում եմ, որ նման հայտարարությունների ծայրերը գնում են դեպի թուրքական հատուկ ծառայություններ: Թուրքերը ձգտում են, որ Սիրիայում հայերի միջավայրում անկառավարելի իրարանցում սկսվի, և հայերը լքեն երկիրը:

- Գուցե հայերի գոյությունը նրանց անհանգստացնում է այն առումով, որ մոտենում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակն, ու այդ հարցն առաջիկայում աշխարհում կսրվի՞:

- Մտավախությունը ես կարծում եմ` ավելի իրական է այսօրվա քաղաքականության հետ կապված: Իսկ ինչ վերաբերում է Ցեղասպանության 100-ամյակին, այո, Թուրքիայում մենք տեսնում ենք, որ շատ և շատ անհանգստություն կա: Ինչպես ասում են` գող, սիրտը` դող: Դա հասկանալի է, որովհետև Թուրքիան տասնամյակներով ժխտման և կեղծիքների քաղաքականություն վարելով, փաստորեն, հասկանում է, որ ճնշումներն են ավելանում: Եվ մտավախություն ունեն, որ 100-ամյակի հետ կապված` այդ ճնշումներն ավելի մեծ կլինեն: Եվ փորձում են այդ վտանգից ամեն կերպ խուսանավել:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ