ՄՏԱՀՈԳՎՈՂ ՓԱՍՏ


 

Անցած կիրակի, ինչպես արդեն հայտնի է, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածում հրդեհ է բռնկվել «Պեժո» մակնիշի ավտոմեքենայում: Գիտենք նաև, որ հրդեհի արդյունքում ավտոմեքենան ամբողջովին այրվել է: Ինչպես արդեն հայտնի է դարձել, այդ մեքենան գրանցված էր Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում էր ՕԵԿ պատգամավոր Մարգարյան Հովհաննեսին: Ցավալի է, իհարկե, որ մեքենա է այրվել, սակայն առավել ցավալի է, որ այդ մեքենան գնվել է հարկատուների հաշվին:

Հուզական մոտեցումներից զատ, մեզ մտահոգում է մեկ այլ հանգամանք ևս. մի՞թե ԱԺ աշխատակազմում վերահսկողություն չկա սահմանված, մի՞թե այստեղ պատգամավորներն ու նրանց վարորդները կարող են անգամ հանգստյան օրերին օգտվել ծառայողական մեքենաներից ու դուրս գալ քաղաքից: Երբ ուսումնասիրում ենք ԱԺ ծախսերը, տեսնում ենք, որ պետական բյուջեից տրվող գումարներից հսկայական մասհանումներ են արվում պատգամավորներին սպասարկող ավտոմեքենաները բենզինով ապահովելու համար: Իսկ ահա այդ պատգամավորներն էլ շռայլորեն ծախսում են պետական միջոցները` բնավ չմտածելով, որ այդ գումարներով կարելի կլիներ լուծել մի շարք սոցիալական հարցեր: Դիցուք` մի քանի երիտասարդ ընտանիքի ապահովել նպաստներով, որպեսզի նրանք չհեռանան երկրից: