Արմեն ՄԽԵՅԱՆ

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

(Սկիզբը` «ԱՎԱՆԳԱՐԴ»-ի թիվ 7-11-ում)

Հավանաբար քչերին էր հայտնի այն մուտքը, որով Տաթևն ու Սամվելը մտան Կառավարական շենք: Այն հիմնականում նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների ու հյուրերի համար: Անվտանգության աշխատակիցը լավ էր ճանաչում Տաթևին, և անցագիրն անգամ պետք չէր, իսկ Սամվելի դեպքում անձը հաստատող փաստաթուղթ պահանջեց: Տաթևը միջամտեց.

- Կարիքը չկա: Ինքն իմ հյուրն է:

Անվտանգության աշխատակիցը դեմքին դժգոհ արտահայտություն տվեց:

«Երբվանի՞ց է այս սիրունիկ տիկինը տղամարդ հյուրեր ընդունում աշխատավայրում, այն էլ` ոչ աշխատանքային օրով»:

Տաթևը հավանաբար հասկացավ, թե ինչ կարող է մտածել անվտանգության աշխատակիցը և ավելացրեց.

- Քննիչ Գևորգյանը մի քանի հարց ունի ինձ տալու` այօրվա պատահածի հետ կապված:

Տաթևի վերջին ասածն իր ազդեցությունն ունեցավ: Անվտանգության աշխատակիցն այլևս ձայն չհանեց, բայց նրա սուր աչքից չվրիպեց նաև այն, որ Տաթևն այսօր առանց իր հավատարիմ «ընկերոջ»` առանց պայուսակի էր եկել: Թեպետ ամեն օր դրանք տարբեր էին, բայց միշտ աչքի էին ընկնում իրենց մեծությամբ: Անվտագության աշխատակիցը հայացքով հետևեց` մինչև նրանք կբարձրանային աստիճաններով: Տաթևը բավականին գեղեցիկ էր ու նույնքան հիանալի կազմվածք ուներ: Ամեն անգամ հայացքը կտրել դժվար էր լինում անվտանգության աշխատակցի համար: Սակայն այսօր նրա հայտնվելը տարօրինակ էր ու հատկապես մենակ չլինելը նրան դուր չեկավ: Այդ պատճառով գրանցամատյանում նշեց նրանց ներս մտնելու ժամը և Տաթևի անունը վերցրեց շրջանակի մեջ:

Միջանցքում լռություն էր, ոչ մի ձայն: Տաթևն առաջ անցավ ու, մի քանի դռների կողքով անցնելուց հետո, կանգնեց: Դռան աջ կողմում փակցված էր` «ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ»:

Մեծ եղավ Տաթևի զարմանքը, երբ նկատեց, որ դուռը բաց է: Նրա հարցական հայացքը կանգ առավ Սամվելի վրա: Սամվելը մի կողմ քաշեց Տաթևին ու արագ բացեց դուռը: Գեղեցիկ կահավորված սենյակը, որ ընդունարան էր ծառայում, ամբողջովին լուսավորված էր ի տարբերություն միջանցքի: Գրասեղանի մոտ նստած մոտ քսանհինգ տարեկան կինը դռան արագ բացվելուց գլուխը բարձրացրեց ու տեսնելով անծանոթի` վախից թույլ ճիչ արձակեց: Մեկ վայրկյան հետո Տաթևը ևս հայտնվեց շեմքին:

- Տիկին Ստեփանյա՞ն, ինչպե˜ս վախեցրիք:

- Դու էլ մեզ, բայց լավ է, որ այստեղ ես, Անահիտ ջան: Սարգսյանի աշխատասենյակը բա՞ց է:

Անահիտը չգիտեր ինչպես ասեր, թե ինչ է կատարվել, իսկ Տաթևն, առանց պատասխանին սպասելու, փորձեց բացել դուռը:

- Նա տեղում չէ,- հազիվ կարողացավ ասել հուզված աղջիկը:

- Գիտեմ, Անահիտ, ամեն ինչ գիտեմ…

Անահիտը սրբեց աչքերն, ապա շունչ քաշեց.

- Քիչ առաջ ոստիկաններ էին եկել: Դուռը բացել տվեցին, հետո փակեցին, - մի կերպ կարողացավ խոսել աղջիկը:

- Անահի´տ, բանալին ո՞ւմ մոտ է:

- Չգիտեմ:

Մի պահ լռություն տիրեց:

- Պտուտակահան կարո՞ղ ես գտնել,- առաջինը խոսեց Տաթևը:

Սամվելի ու Անահիտի զարմացած հայացքներին Տաթևն ուշադրություն չդարձրեց:

- Անահիտ, շտա´պ է, խնդրում եմ:

- Դու պատրաստվում ես կոտրե՞լ աշխատասենյակի դուռը,- ցածրաձայն ասաց Սամվելը` մինչ Անահիտը փնտրում էր Տաթևի պահանջածը:

- Դե իհարկե` ո´չ,- Տաթևի դեմքին խաղաց ժպիտը,- տղամարդը կանգնելու է ու նայի՞, թե ինչպես է կինը փորձում պտուտակահանով բացել դուռը: Դուռը կբացես դո´ւ:

***

Կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Տաթևն ու Սամվելը կորան անվտանգության աշխատակցի տեսադաշտից, դուռը նորից թակեցին:

«Վերջապես այսօր շաբաթ է, ի՞նչ են լսել բոլորը»,- ինքն իրեն բողոքեց երիտասարդը` հայացքն էկրաններից հեռացնելով և հարցական նայելով դուռը թակող տղամարդուն:

Թակողը երկրորդ անգամ ոչ թե թակեց, այլ հարվածեց դռանը:

- Ո՞ւմ եք ուզում,- արդեն զայրացած հարցրեց երիտասարդը:

- Ես հանդիպում ունեմ,- տարօրինակ բարբառով խոսեց անծանոթը:

«Այսօր ոչ աշխատանքային օր է, ու աշխատակիցներից մարդ չկա, ո՞ւմ հետ պետք է հանդիպի»:

Անվտանգության աշխատակիցն ավելի մոտեցավ դռանն ու նկատեց տղամարդու բաճկոնին ամրացված ոստիկանության տարբերանշանը: Դուռը բացեց:

«Տեսնես երբ կկարողանան կեղծ տարբերանշանը տարբերել իսկականից»,- անցավ տղամարդու մտքով, ու մինչ անվտանգության աշխատակիցը կփորձեր հարցնել, թե ով է, տղամարդու ձեռքին հայտնվեց խլացուցիչով ատրճանակը: Մեկ վայրկյան հետո լսվեց կամաց ճայթյուն, ու անվտանգության աշխատակիցն անգամ ձայն չկարողացավ հանել: Կարճ ժամանակ անց մարդասպանը հասցրել էր մաքրել բոլոր հետքերն ու անվտանգության տեսախցիկների մոտ նստած` համակարգչից ջնջում էր վերջին րոպեներին մուտքի մոտ կատարվածի տեսագրությունները: Իսկ հետո սկսեց աչքի տակով անցկացնել նաև հարկաբաժնում եղած մյուս տեսախցիկների տեսագրություն ները ու կանգ առավ մեկի վրա:

- Ահա և նրանք,- շշնջաց նա:

Փոքրիկ էկրանին երևում էր այն ամենը, ինչ կատարվում էր աշխատասենյակներից մեկում: Տղամարդը փորձում էր բացել դուռը, իսկ կանայք աշխատասեղանի մոտ էին:

Նրանք նույնպես փնտրում են այն, ինչ ինքը: Իր փորձառությունը չէր խաբում իրեն: Այս դեպքում պետք էր սպասել, մինչև ցանկալին կլինի նրանց ձեռքում, իսկ հետո նոր գործի անցնել:

Անվտանգության աշխատակիցների փոքրիկ սենյակը նեղ էր նույնիսկ մեկ հոգու համար, իսկ երիտասարդի դին` այլ տեղ չէր կարող տանել:

Մարդասպանը հայացք գցեց քիչ առաջ իր առջև դուռը բացած աշխատակցի ուղղությամբ: Եթե չլինի վերնաշապիկի վրա` սրտի շրջանում վառ կարմիր արյան հետքը, ապա կկարծեն, թե քնած է, իսկ որքան երկար մտածեն, թե քնած է. ավելի´ լավ:

Մարդասպանը մոտեցավ ու մահացածի ձեռքերն այնպես դրեց, որ ծածկեն արյան բիծը, ապա սկսեց նայել դարակները: Գտավ այն, ինչ պետք էր` անվտանգության աշխատակցի արտահագուստ: Նրա դեմքին խաղաց չարագուշակ ժպիտ:

«Ամեն ինչ ավելի հետաքրքիր է դառնում»:

(Շարունակելի)