Կոմիտասյան զանգակատան ղողանջների խորհուրդը


Իր բովանդակային բազմաշերտ հագեցվածությամբ Անկախության հոբելյանական հանդիսաշարում իր հեռահար առաջնահերթությունը հավաստեց Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը` սեպտեմբերի 26-ին մեկնարկած «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» միջազգային գիտաժողով-փառատոնը (տնօրեն` Նիկոլայ Կոստանդյան, գեղարվեստական ղեկավար` Մհեր Նավոյան): Ղողանջեցին Կոմիտասին նրա անունը կրող պանթեոնում հավերժացնող գիտամշակութային հուշահամալիրի զանգակատան զանգերը: Ասենք, որ նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին նորակառույց թանգարան-ինստիտուտում (ճարտարապետ` Արթուր Մեսչյան) այդ զանգերը հնչեցնում են տարին 3 անգամ` Կոմիտասի ծննդյան ու մահվան օրերին և նրա ու իր ժողովրդի պատմության մեջ միլիոնավոր նահատակների արյունով դաջված Ապրիլի 24-ին:

Թանգարան-ինստիտուտն ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն: Այս կառույցի շրջանակում արդեն գործում են գիտահետազոտական կենտրոն, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն: Գործունեության ընդամենը մեկ տարվա ընթացքում Կոմիտասի թանգարան-ինստիտուտն իր հարկի ներքո կազմակերպել է 23 նպատակային միջոցառում, հյուրընկալել է 26 հազար այցելուների և արդեն անդամակցում է Թանգարանների միջազգային միությանը:

Կոմիտասի ծննդավայր Կուտինայի աշխարհահռչակ հայկական հախճապակու արվեստը հանրահռչակող նորաբաց ցուցահանդեսը, որի շրջանակներում անցկացվում են նաև խեցեգործության վարպետության դասընթացներ, գործելու է մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը: Մինչ այս իրագործված կոմիտասահենք վերջին նախագծերից հիշարժան են Կոմիտասի պարերգերի և գերմաներեն երգերի դասախոսություն-երգուսուցումները: Հայտնի է, որ բանաստեղծելու ձիրք ունեցող բազմաշնորհ Վարդապետը Բեռլինում ուսանելիս է երգեր գրել գերմանացի պոետների խոսքերով: Նրա երգացանկում մեծաթիվ են իր պաշտելի Խաչատուր Աբովյանի, կրտսեր դասընկեր Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Հովհաննես Թումանյանի և ուրիշ շատ հայ պոետների խոսքերով ստեղծված երգերը: Թանգարան-ինստիտուտում ցուցադրվում է դեռևս Էջմիածնում ուսանելիս Գևորգյան ճեմարանի սան Թաշճյանի խոսքերով նրա գրած և 1891-ին «Արարատ» ամսագրում տպագրված առաջնեկը` «Ազգային օրհներգը»` երկձայն, եռաձայն և քառաձայն խմբի համար:

Փարիզյան հիվանդանոցներում բժշկվելու 16 տարիների ընթացքում, ավաղ, կորսվեց ձեռագրային ժառանգության զգալի մասը, որոնց մասունքների համառ փնտրտուքը մեր օրերում էլ շարունակվում է: Այդուհանդերձ, սերունդներին փոխանցելու պատկառելի նյութ է ժողովված, և թանգարան-ինստիտուտի աշխատակիցները շերտ առ շերտ ջանասիրաբար խորացնում են հայ մանուկների ու պատանիներին կոմիտասագիտությունը: Միով բանիվ` լայնամասշտաբ ընդգրկմամբ «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» միջազգային գիտաժողով-փառատոնի նախաձեռնությունն ամենևին էլ ժամանակավրեպ չէր: Առկա էին համարժեք հնչողությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

Ճապոնայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Կիպրոսից, Միացյալ Նահանգներից ժամանած երաժիշտ կատարողներն ու երաժշտության հանրահայտ տեսաբանները, գիտաժողով-փառատոնի ծրագրային առաջին իսկ համերգի ունկնդրությամբ` տպավորվեցին արդի հայ երգչախմբային արվեստի անշփոթելի ինքնատիպութ յամբ: Հայաստանի 4 պետական երգչախմբեր սահուն անցումներով էին ներկայացնում իրենց կամերային և ակադեմիական կոմիտասյան մեկնաբանությունները: Հանրաճանաչ խմբավարներ Սոնա Հովհաննիսյանի, Ռոբերտ Մլքեյանի, Հարություն Թոփիկյանի և հռչակավոր Հովհաննես Չեքիջյանի անսայթաք առաջնորդությամբ հարաճուն ներշնչանքով էին կենդանացնում «հայ երգի Մեսրոպ Մաշտոցի» գոհարները: Բազմաձայն միասնությամբ` կատարումից կատարում նորովի շեշտադրում էին «ներդաշնա կության և պոլիֆոնիայի հազվագյուտ վարպետ» Վարդապետի ստեղծագործական ժառանգության մասունքների բացառիկ արժեքավորությունը` երաժշտության համաշխար հային ձայնադարանում: Առանձին-առանձին և միասնաբար:

Փառատոնային առաջին համերգի հաջորդ օրը մեկնարկած գիտաժողովին Կոմիտասին համակողմանի բացահայտելու միտված իրենց ուսումնասիրությունները ներկայացրեցին տարազգի 14 երաժշտագետներ:

Հուզմունքի մեծ ալիք բարձրացրեցին հատկապես Կլոդին Բելամն և Միշել Քեղը (Ֆրանսիա)` «Հայր Կոմիտասի` հոգեբուժարանում անցկացրած ժամանակի մասին» համատեղ զեկուցմամբ: Մենք, անկասկած, առիթ կունենանք մեր հարցերով համաձայնելու կամ հակադրվելու` Վիլժյուիֆի հոգեբուժարանի կողմից Կոմիտաս Վարդապետին ժամանակին արված ախտորոշմանը նրանք հակադարձեցին իրենց գտած մեկ այլ հիմնավորմամբ` նա իրականում մահացել է ձախ ոտքի ոսկրախտից, որի առաջացման պատճառը փայտե ոտնամանն է եղել...

Ճանաչողական արժեք ունեին Կոմիտասի բանահավաքչական ու տեսական գործունեությանը, խազային նոտագրությանն ու պարային ժառանգությանն առնչվող և մյուս բոլոր զեկուցումները ևս: Գիտաժողով-փառատոնի գուցե թե ամենալարված օրվա ավարտին թանգարան-ինստիտուտի դահլիճում հանդես եկավ ճապոնական «Նոհ» միջնադարյան թատրոնը, որը հայտնություն դարձավ գիտաժողովի մասնակիցներից շատերի համար:

Վստահ ենք, որ գիտաժողովի չորրորդ նիստին համադրված համերգը` Հայաստանի պետական կամերային երգչախմբի մատուցած կոմիտասյան «Պատարագը» Ռոբերտ Մլքեյանի բազմահմուտ խմբավարությամբ, առավել կամրապնդի արդի հայ երգչախմբային արվեստից գիտաժողով-փառատոնի հյուրեկ մասնակիցների առաջին տպավորությունը Հաղպատի վանական համալիրի բարենպաստ միջավայրում: Այնուհետև երկուստեք մեծ հետաքրքրություն կներկայացնեն Տակահիրո Ակիբայի (Ճապոնիա) դաշնամուրային մենանվագի «տրամաբանական շարունակությունը» կդառնա վոկալ երաժշտության երեկոն: Լիահույս ենք, որ եռօրյա գիտաժողովի «Միջնադարյան երաժշտություն» և «Ութձայն համակարգը հայ երաժշտության մեջ» մոտ տասնյակ վերջին զեկուցումներն ըստ արժանվույն նորովի կվերարժևորեն Միջազգային երաժշտական ընկերության հինավուրց անդամ, բանիմաց տեսաբան ու հանճարեղ երաժիշտ Կոմիտասի գործը, լույս կսփռեն կյանքի որոշ մանրամասների վրա: Դրանք նաև հավելյալ լծակ կդառնան` ինչպես մեծանուն Հայորդու, այնպես էլ միջին դարերում տարբեր ազգերի ստեղծած բազմերանգ երաժշտության հարուստ ժառանգության հետագա համակողմանի ուսումնասիրության համար: Երաժշտագետները կամա-ակամա կհամադրեն Մեթյու Լեկղոայի (Ֆրանսիա) և Տաթևիկ Մովսիսյանի երգարվեստը: Կաշխուժանան գիտական զեկուցումների քննարկումները համերգների հավաքական ներգործությամբ, որի կիզակետը, հավանաբար, կդառնա հոկտեմբերի 8-ին կայանալիք Հայաստանի ակադեմիական երգչախմբի ելույթը` անվանի մաեստրո Հովհաննես Չեքիջյանի խմբավարությամբ:

Կարծես թե իրականալի է դառնում Արթուր Մեսչյանի նվիրական ցանկությունը` Հայաստանի մայրաքաղաքում ունենալ «ժամանակ-տարածություն-սահմաններ չճանաչող կոմիտասյան բացառիկ արվեստին» արժանի եզակի կենտրոն:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ