Թող մի´շտ հնչի Հայոց ծիրանափողը


Ի՞նչ է պատմում մեր հայկական ազգային հնագույն նվագարաններից մեկը` դուդուկը: Կարծես հե´նց հայի ու Հայաստանի պատմության թախծալուր էջերի մեղեդին է լցնում մեր հոգու ծալքերն ի վար: Անխոս, անբարբառ, բնությանը ձուլված, բնությանն այնքա˜ն ներդաշնակ` մեր ծիրանափողն աշխարհին ավետում է մի կորուսյալ երկրի, ավերակված, թալանված, բռնազավթված մի չքնաղ երկրի պատմություն. երկի´ր, ուր գազպան ու մանանան էին ծորում, ուր թթենիների ու ծիրանենիների, նոր աշխարհ կոչվող ծառերի այգիների բուրմունքից խենթանալ կարելի էր, երկիր, ուր ծիրանի փայտից ծիրանափող էին պատրաստում և սար ու ձոր լցնում անուշ ելևէջներով:

...Ապրե´ց հայը, ապրեց հայի հետ իր դուդուկն ու ապրեցրեց` դառնալով հայկական ու հայության, Հայաստանի խորհրդանիշներից մեկը: Բազում վարպետներ հանրաճանաչ դարձան ծիրանափողի ելևէջներով սրտեր գերելով... Դուդուկն ինչ-որ առումով դարձավ նաև հայության ու Հայաստանի անձնագրի բաղադրիչներից մեկը, մեր նկարագրի անբաժանելի մի մասնիկը: Հանրաճանաչ դուդուկահարներ Լևոն Մադոյանի, Վաչե Հովսեփյանի, Ջիվան Գասպարյանի, Գևորգ Դաբաղյանի, Կամո Սեյրանյանի և այլոց հիմնած դուդուկի դպրոցը մի սքանչելի դարբնոց դարձավ երիտասարդ սերնդի համար: Այս ազգային նվագարանը հմայեց նաև օտարներին, և նրանցից շատերը դուդուկի միջոցով ճանաչեցին հային ու Հայաստանը, ծնկի իջան, խոնարհվեցին Ծիծեռնակաբերդի բարձունքին վեր խոյացող Հայոց նահատակաց հիշատակին կառուցված հուշարձանի անմար կրակի մոտ… Դուդուկն ու ազգային հնագույն նվագարանները դարձան փառատոների փնտրված «հերոսներ», որոնց հանդեպ մի առանձնակի ուշադրություն է ցուցաբերում ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Վերջինիս կողմից ձեռնարկված հայապահպան բազմաթիվ ծրագրեր կյանքի են կոչվում տարիներ շարունակ և արդեն ձեռք են բերել ավանդույթի ուժ: Եվ ավանդական դարձած այդ ծրագրերին առանձնակի սիրով են սպասում թե´ մասնակիցները, թե´ կատարողները: Դրանցից մեկն էլ «Իմ Հայաստան» համահայկական ծրագիրն է, որն այս անգամ նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակին: Այդ շրջանակներում տեղի ունեցած «Դուդուկի և հայկական այլ նվագարանների օրեր» փառատոնին մասնակցում էին Հայաստանից, Արցախից և աշխարհի տարբեր երկրներից ժամանած 35 երաժիշտ-կատարողներ:

Փառատոնի մեկնարկի առիթով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում կարևորելով մեր ազգային նվագարանների և, առհասարակ, մեր ազգային խորհրդանիշ հանդիսացող հոգևոր արժեքների դերը` մասնավորապես ասաց.

- Փառատոնն առիթ է, որ դուք ավելի նախապատրաստվեք, նոր գործեր սովորեք, նոր հանդիսատես նվաճեք, ինչպես նաև ծանոթություններ հաստատեք տարբեր երկրների և մշակույթների կրողների հետ: Հավատում եմ` Հայաստանն այնքան եք սիրել, որ այսուհետ ավելի հաճախ կայցելեք ծիրանափողի երկիր:

Ծիրանափողի երկիր Հայաստանն, իրավամբ, կարելի է համարել հոգևոր արժեքների ու առեղծվածային անբացատրելի խորհուրդների մի ուրույն աշխարհ, որտեղից սկիզբ առնող առասպելներն ավելի իրական են և միևնույն ժամանակ` անմեկնելի, քան ցանկացած պատմություն: Մեր ազգային նվագարաննե´րն են նաև այդ իրական առասպելները մեկնում` Հայաստանում և Սփյուռքում ապրող, ստեղծագործող հայորդիների և օտարազգիների կատարումներով: Արցախից այս փառատոնին մասնակցող Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող, երիտասարդ շվիահար, դուդուկահար Հակոբ Բաբայանի հետ ունեցած զրույցի ընթացքում, այս էլ որերորդ անգամ, համոզվում ես, որ այդ հրաշք գործիքը ծնվել է Հայաստանի ու հայի հետ.

- Դուդուկն իմ հոգու ձայնն է, այն ինձ տանում է դեպի հեռավոր անցյալ, դեպի նախնիներիս երկիր, դեպի Պատմական Հայաստան: Դուդուկն իմ հոգին պարուրում է մի անբացատրելի զգացումով` վերերկրային: Ես այնքա˜ն շնորհակալ եմ Սփյուռքի նախարարին, որ նման ծրագրեր է կյանքի կոչում, փառատոներ կազմակերպում. այս գեղեցիկ իրադարձությունները մեզ` երաժիշտ կատարողներիս համար, նաև ինքնահաստատման, ինքնադրսևորման, նոր ծանոթությունների յուրօրինակ հարթակ են,սում է Հակոբը:

Տեսողական խնդիրներով այդ երիտասարդի մատներն այնպես են տիրապետում գործիքին, որ թվում է, թե հենց այդ պահին, նույն վայրկյանին Արևն իր կենարար շողերով Լույսի մի ջրվեժ կթափի նրա աչքերին. ուզո´ւմ ես, որ այդպես լինի և ակամայից հավատում ես այդ հրաշքին: Հատկանշական է գերմանացի դուդուկահարներ Սորեն Բիրկեի ( Բեռլին), Գրեգոր Շուլենբերգի, նվագակցողներ Ուվե Ֆիշերի, Աքսել Լորենցի, երգահան Դիրկ Միքայելիսի մասնակցությունն այս փառատոնին: Սորեն Բիրկեն, իր խոսքում կարևորելով նման փառատոների կազմակերպումը, հավելում է.

- Հայ մեծանուն դուդուկահար Ջիվանը և Գևորգն, իսկապես, կարողանում են դուդուկը տարածել աշխարհով մեկ` կամուրջ ստեղծելով հայ և մյուս ժողովուրդների մշակույթների միջև:

Փառատոնի բոլոր մասնակիցները` Իրանից, Կանադայից, Թուրքիայից, Սիրիայից, Արցախից, Վրաստանից, Հայաստանից, միավորվեցին մի ընդհանուր գաղափարի շուրջ, այն է` նախարար Հրանուշ Հակոբյանի` ազգային նվագարանների միջազգային փառատոն կազմակերպելու գաղափարը: Փառատոնի մասնակիցները համերգներով հանդես եկան Թալինում, Գավառում: Այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Ազգային պատկերասրահ, Գառնի, Գեղարդավանք, Թալինում ծաղիկներ խոնարհեցին ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հուշարձանին…

Բարեբեր, հիասքանչ հայաստանյան աշունն ինքնին տոն է արդեն` լեցուն աշնանային գույներին միախառնված տոնակատարություններով ու բազմաթիվ միջոցառում ներով: Միջոցառումներ, որոնց լավագույն նախաձեռնողներից է ՀՀ սփյուռքի նախարարությունն` իր կազմակերպած Համահայկական մշակութային միջոցառումներով` դուդուկի, ազգային այլ նվագարանների, պարարվեստի, երգարվեստի փառատոներով: Հանդիսատեսին մեծագույն վայելք պարգևելուց զատ, և դրանից էլ առաջ` դրանք հրաշալի կամուրջ են` համայն հայության համախմբման ու համագործակցության առումով: Թո´ղ միշտ հնչի հայոց ծիրանափողը` մեղրածոր թախծոտ մեղեդին այսուհետ երջանկաբեր օրոր դարձնելով:

Կարինե ԱՎԱԳՅԱՆ