Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Քարոզչական նվիրատվությո՞ւն

թե՞ օրինական կաշառակերություն

Սույն հոդվածը հիմնականում նախատեսված է Միացյալ Նահանգներից դուրս գտնվող ընթերցողների համար, որոնք հավանաբար ծանոթ չեն ամերիկյան օրենքներին քարոզչական նվիրատվության մասին: Հետաքրքիր է, որ նույնիսկ ամերիկացիները հաճախ շփոթում են քաղաքական նվիրատվությունների վերաբերյալ սահմանափակում ների բարդ կանոնները, որոնք տարբեր են տեղական, նահանգային և դաշնային ընտրությունների պարագայում:

Եկեք մանրամասն քննարկենք նվիրատվությունները` դաշնային ընտրությունների, ներառյալ նախագահականի համար: Մեկ անձի կողմից նախագահի թեկնածուին տրվող նվիրատվության առավելագույն չափը կազմում է 2700 դոլար մեկ ընտրության համար: Մինչ ամերիկացիների մեծ մասը նվիրաբերում է շատ ավելի փոքր գումարներ, ոմանք օրինականորեն նվիրաբերում են տասնյակ հազարավոր կամ հարյուր հազարավոր, իսկ երբեմն էլ միլիոնավոր դոլարներ...

Մեկ անձը տարեկան կարող է նվիրաբերել 10 հազար դոլար նահանգային, շրջանային կամ տեղական կուսակցական կոմիտեին, և տարեկան 33400 դոլար` ազգային կուսակցական կոմիտեին: Սակայն, անձը կարող է նվիրաբերել տարեկան 100200 դոլար` ընտրությունների հետ կապված ամեն տեսակ ծախսերի համար: Կան նաև Քաղաքական գործունեության կոմիտեներ (PACs) և «սուպեր PACs», որոնք կարող են կատարել անսահմանափակ նվիրատվություններ:

ԱՄՆ նախագահի թե հանրապետական, թե դեմոկրատական թեկնածուները ներգրավված են տարբեր, կատարելապես օրինական, սակայն կասկածելի գործընթաց ներում, որպեսզի շրջանցեն մեկ անձի քարոզչական նվիրատվության` 2700 դոլարի սահմանափակումը: Այս հարցը լուսաբանելու համար, մեջբերեմ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբից վերջերս ստացված էլեկտրոնային նամակից:

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը սեպտեմբերի 13-ին պետք է այցելեր Բևեռլի Հիլզ, Կալիֆոռնիա` մասնակցելու երկու բացառիկ միջոցառումների, որոնց ընթացքում նախատեսվում էր հավաքել միլիոնավոր դոլարներ` նրա նախընտրական քարոզարշավի համար: Ցավոք, նրա անսպասելի հիվանդության պատճառով այցը հետաձգվեց:

Առաջին միջոցառումը նախատեսված էր սեպտեմբերի 13-ի կեսօրին, Սեթ ՄաքՖարլեյնի տանը, Լայնել Ռիչիի հատուկ ելույթով: Էլեկտրոնային նամակով հայտարար ված էր, որ յուրաքանչյուր ոք, ով նվիրաբերեր 33400 դոլար, կունենար «ճաշի գերադասելի նստելատեղի և լուսանկարվելու» իրավունք Հիլարի Քլինթոնի հետ: Նրանք, ովքեր նվիրաբերեին 10 հազար դոլար, կարող էին միայն «ճաշել և գերադասելի նստելատեղ ունենալ» նախագահի թեկնածուի հետ` առանց լուսանկարվելու իրավունքի, իսկ նրանք, ովքեր նվիրաբերեին 5 հազար դոլար, կարող էին ընդամենը ճաշել նախկին Առաջին տիկնոջ հետ` առանց գերադասելի նստելատեղի և նրա հետ լուսանկարվելու իրավունքի:

Ավելի ուշ` նույն օրը երեկոյան, նախատեսված էր ավելի բացառիկ, այդ իսկ պատճառով ավելի թանկ դրամահավաքի միջոցառում: Նրանք, ովքեր կարող էին իրենց թույլ տալ 100 հազար դոլարի նվիրատվություն անել մեկ զույգի համար, արտոնություն կունենային մասնակցելու «զրույցի և ընթրիքի Հիլարի Ռոդհամ Քլինթոնի հետ, Դայանա ֆոն Ֆյուրսթենբերգի և Բարի Դիլերի տանը»: Միջոցառումը վարելու էին «Դայանա ֆոն Ֆյուրսթենբերգը և Բարի Դիլերը, Ջեյն և Մայքլ Էյսներները, Կարեն և Ռասել Գոլդսմիթները և Էդգար Սարգսյանը»:

Հիլարի Քլինթոնի նախատեսված դրամահավաքի միջոցառումներից մեկ շաբաթ անց, նրա փոխնախագահի թեկնածու Թիմ Քեյնը, երկու անգամ հանդես եկավ Հարավային Կալիֆոռնիայում: Սեպտեմբերի 19-ին, Բևեռլի Հիլզում Ջեյ Սուրեսի կողմից տրվեց պաշտոնական ճաշ, որը հայտարարված էր որպես «Զրույց Թիմ Քեյնի հետ»: Միայն 27 հազար դոլար նվիրաբերած անձինք կարող էին մասնակցել թեկնածուի հետ ընդունելությանը: Նրանք, ովքեր նվիրաբերեին 10 հազար դոլար, կարող էին միայն լուսանկարվել փոխնախագահի թեկնածուի հետ (առանց ընդունելության), իսկ 2700 դոլար նվիրաբերող անձինք պարզապես կարող էին ճաշել նրա հետ` առանց ընդունելության և լուսանկարվելու...

Այդ օրը երեկոյան, Լոս Անջելեսում, Եվա Լոնգորիայի տանը տեղի ունեցավ ավելի թանկ, բացառիկ միջոցառում` հայտարարված որպես. «իսպանախոս ամերիկացիները Հիլարիի համար. ճաշ Թիմ Քեյնի հետ»: Նրանք, ովքեր վճարել էին 100 հազար դոլար, իրավունք ստացան մասնակցել ընդունելությանը, ճաշել և լուսանկարվել փոխնախագահի թեկնածու Թիմ Քեյնի հետ: Նվիրատուն, 33400 դոլարի դիմաց, կարող էր միայն ճաշել և լուսանկարվել, իսկ նրանք, ովքեր նվիրել էին միայն 10 հազար դոլար` միայն ճաշել...

Մինչ ոմանք մեծ քարոզչական նվիրատվություններ են անում` շփվելու քաղաքական գործիչների և հայտնի մարդկանց հետ, որոնք մասնակցում են նման դրամահավաքի միջոցառումներին, ուրիշները անձնական կամ գործարար շահեր են ակնկալում թեկնածուից, որը կարող է ընտրապայքարից հետո դառնալ Միացյալ Նահանգների նախագահ: Այս նվիրատվությունները կատարելապես օրինական են, քանի որ թեկնածուն բացահայտում է նվիրատուի անունը և ներկայացնում ստացական: Շատ երկրներում քաղաքական թեկնածուներին գումար տալը կոչվում է կաշառակերություն:

Որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ պարծենում են, որ չեն ընդունում քարոզարշավի նվիրատվություններ PACs-ից կամ ընկերություններից, ուստի իրենք պարտական չեն լինի խոշոր նվիրատուներին ընտրություններից հետո... Վերջերս էլեկտրոնային նամակում, կոնգրեսական Ջոն Սարբեյնզը (դեմոկրատ` Մերիլենդից), հայտարարել էր, որ նա գումար չի վերցնելու PAC-ից, քանի որ «Ես չեմ ցանկանում ճնշման ենթարկվել»: Նա ընդգծել է, որ հավատում է այն «կառավարությանը, որն ստեղծված է ժողովրդի կողմից, ժողովրդի մասնակցությամբ և հանուն ժողովրդի»...

Թարգմանությունը` Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ