Անբարեխիղճ վերահսկողություն` անբարեխիղճ տնտեսվարողների հանդեպ


Վերջին շրջանում հավի, հացի, նրբերշիկի, մսի, ձվի և այլ շուկաներում կատարված ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումները թույլ են տալիս մտածել, որ մենք ամենօրյա մեր սննդակարգում ներառված սննդամթերքի հետ հստակ չափաբաժնով անհասկանալի ու նույնիսկ առողջության համար վտանգավոր նյութեր ենք ընդունում: Այսինքն, մեծ հաշվով հասել ենք մի իրավիճակի, որ ամեն անգամ պատառը բերանը տանելուց առաջ պետք է նաև մտածենք, թե դրա հետ ինչքան «թունավոր» նյութեր ենք կուլ տալու, քանի որ պահանջվող ստանդարտներից շեղումներ ունեն խանութներում վաճառվող գրեթե բոլոր առաջին անհրաժեշտության սննդամթերքները: Ավելի պաշտպանված լինելու համար ի՞նչ անել, ո՞ւմ դուռը թակել, երբ պետական կառույցները, շատ հաճախ լավ իմանալով խնդիրները, զբաղված են միայն դրանք «սվաղելով»: Իսկ ՀԿ-ները աղմուկ բարձրացնելուց բացի` այլ գործառույթ չեն կարող իրականացնել: Սպառման շուկայում առկա խնդիրների և դրա հետևանքների մասին է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն ՊԻՊՈՅԱՆԻ հետ զրույցը:

- Հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ-ները բացահայտումներ են իրականացնում, աղմուկ են բարձրացնում, բայց սայլն այդպես էլ տեղից չի շարժվում: Պետական կառույցները նույն համբերատարությամբ շարունակում են ինչ-որ տեղեկություններ հերքել կամ հաստատել ու վերջ: Այդ աղմուկից միայն մարդկանց վախի զգացումն է ավելանում և խուճապը: Հետաքրքիր է, ինչի՞ համար է այդ դեպքում աղմուկ բարձրացվում, եթե իրականում ոչինչ չի փոխվելու, և ամեն ինչ մնալու է նույնը:

- Հենց այդ ձևակերպումը, որ «Ինչո՞ւ են նման ստուգումներ կատարվում, երբ միևնույնն է ոչինչ էլ չի փոխվում»` արդեն իսկ չարիք է: Եվ այդ չարիքը բերել ու հասցրել է մի իրավիճակի, որ մենք արդեն անհավատ ենք դարձել, որ ոլորտի համար պատասխանատու լիազոր մարմինը պետք է իրական գործունեություն ծավալեր` ելնելով սպառողների շահերից: Մինչդեռ ոչինչ չի անում: Մեզանում նման մոտեցման պատճառը հետևյալն է. ըստ էության, երբ հասարակական հատվածը ուսումնասիրում է որևէ ոլորտ, մշտապես արձանագրում է խայտառակ իրավիճակ, իսկ երբ նույն ոլորտների մասին խոսում է լիազոր մարմինը` ի դեմս ոլորտը վերահսկող կառույցի, երբեք չի խոսում խայտառակ իրավիճակի մասին: Դա հանգեցնում է նրան, որ փաստորեն մենք գործ ունենք ոչ միայն անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների հետ, այլև ոլորտի վերահսկողությամբ զբաղվող մի լիազոր մարմնի հետ, որը նույնպես անբարեխիղճ ձևով է վերահսկում անբարեխիղճ տնտեսվարողներին:

- Այս դեպքում ի՞նչ անի սպառողը: Փաստորեն, երկու կողմերի անբարեխղճության հետևանքով ինքն է տուժում հերիք չի, մի բան էլ կանգնում է փակուղու առջև:

- Եթե մենք խնդիրներ ունենայինք մեկ կամ երկու տնտեսվարողների մոտ, կմտածեինք, որ համապատասխան կառույցը կգնա և այդ թերությունները կվերացնի: Բայց երբ տեսնում ենք, որ խախտումները զանգվածային բնույթ են կրում, ակնհայտ է դառնում, որ ոլորտը գտնվում է խայտառակ իրավիճակում: Շաբաթներ առաջ մոնիթորինգ իրականացվեց գազավորված ըմպելիքի շուկայում, պատկերը խայտառակ էր, ուսումնասիրվեց «Գումի շուկա» կոչվող տարածքում գտնվող մսի շուկան. պատկերը խայտառակ էր: Նույն վիճակն էր հացի, պաղպաղակի շուկաներում: Դրան հակառակ` պետական կառույցը ո´չ հերքում և ոչ էլ հաստատում է հասարակական սեկտորի կողմից հայտնաբերածը:

- Իսկ ինչո՞ւ է լռում պետական պատկան մարմինը:

- Որովհետև ասելու ոչինչ չունի: Պետական կառույցն ընդամենը պետք է ասի` կներեք, մինչև այսօր չենք կարողացել վերահսկել: Դուք գնացել եք ու մեր գործի 90 տոկոսն արել եք, մենք էլ կգնանք վերջին 10 տոկոսը կանենք: Բայց դա էլ չեն բարեհաճում ասել: Եվ ակնկալել, որ պետական կառույցը կատարում է իր լիազորությունները` չի կարելի: Սա փաստ է, որի մասին պետք է բարձրաձայնել:

- Ստացվում է` ձայն բարբառո հանապատի: Դուք ասում եք` ժողովուրդն իմանում է այդ մասին, բայց իրականում ոչինչ էլ չի փոխվում: Դրան զուգահեռ` հասարակության շրջանում մեծանում է խանութում վաճառվող սննդամթերքի և տնտեսվարողների հանդեպ անվստահությունը: Ո՞րն է սրա վերջը:

- Դուք ճիշտ եք նկատում: Նման բացահայտումներից հետո սպառողի վախը գնալով ավելանում է, բայց մեծ հաշվով շուկայում ոչինչ էլ չի փոխվում: Սպառողին մնում է հույսն իր վրա դնել ու օգտագործվող սննդամթերքն առավելագույն չափով վերամշակել, հետո նոր օգտագործել: Այսինքն, սպառողները պետք է փորձեն իրենք իրենց պաշտպանել: Բայց սա էլ վերջնականորեն հարցը չի լուծում, քանի որ եթե սննդամթերքի մեջ հակաբիոտիկ է օգտագործվել, կամ ծանր մետաղներ կան` դրանք ջերմային մշակման ենթարկելուց չեն վերանում: Ստացվում է փակ շղթա, իսկ հասարակական սեկտորին մնում է սպառողներին հորդորել` ինքնուրույն նվազագույնի հասցնելու ռիսկերը:

- Բայց զավեշտալի իրավիճակ է ստացվում: Փաստորեն ունենք կառույց, որը պարտավոր է զբաղվել սննդամթերքի անվտանգության ապահովմամբ, սակայն մարդիկ, այնուամենայնիվ, պաշտպանված չեն և կարող են ամեն վայրկյան ռիսկային սննդամթերքի զոհը դառնալ, վտանգել կամ կորցնել առողջությունը:

- Մենք հասել ենք մի իրավիճակի, որ մինչև որակյալ սննդամթերքի մասին խոսելը, պետք է մտածենք անվտանգ սննդամթերք ունենալու մասին: Մենք այսօր հարցադրումն այսպես ենք ձևակերպում. եթե սննդամթերքը օգուտ չի տալիս սպառողին` ոչինչ, գոնե վնաս չպատճառի: Փաստորեն հիմա ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ նույնիսկ չեն կարողանում սննդամթերքի անվտանգության խնդիրը լուծել, իսկ որակի մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է: Խնդիրն այն է, որ հասարակական սեկտորն իր ձայնը բարձրացնում է միայն ու միայն փաստերի ու լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա, բայց նաև կան մեխանիզմներ, որոնք կիրառելու դեպքում թերությունները կարող են հեշտությամբ վերացվել: Եվ պետք չէ անվերջ տնտեսվարողներին տուգանել, պետք է պահանջել և գործ անել: Ի դեպ` մեկ շնչին բաժին ընկնող ստուգողների թվաքանակով Հայաստանն ամենաշատ ստուգողներ ունեցող երկրների ցանկում է: Այսինքն` ասել, որ ստուգում իրականացնող աշխատակիցների թվաքանակը քիչ է, և նրանք չեն կարողանում ոլորտները վերահսկել` սուտ կլինի: Ստացվում է, որ ստուգողներին տրվող համապատասխան գործիքակազմ չկա: Եվ, եթե ոլորտի պատասխանատուները չգիտեն, թե ինչպես է պետք դա կազմակերպել, նշանակում է` ոլորտը ղեկավարողներն իրենց տեղում չեն:

- Ընդվզում են նաև արտադրողները. աղմկում են` ասելով, որ պետությունը միջամտում է իրենց աշխատանքներին, խոչընդոտում է իրենց գործունեությունը և այլն: Ձեր կարծիքով, անհեթեթության չափ անհասկանալի չէ՞ այս իրավիճակը:

- Խնդիրն այն է, որ տնտեսվարողներին վերահսկող կառույցները նրանց հանցակիցներն են, և քանի դեռ նման մոտեցումը շարունակվում է, վիճակը նույնն է մնալու: Ամենակարևորն այն է, որ հասարակությունը հասկանա այդ ամենը: Եվ, ինչպես նորանշանակ վարչապետն ասաց ԱԺ-ում, իրենք «սիգնալները կտան», մենք էլ` հասարակական սեկտորը, ԶԼՄ-ները, մեր հերթին պետք է «սիգնալներ» հնչեցնենք, քանի որ այսպես շարունակել չի կարելի: Եվ եթե մենք մեկս մյուսին փոխադարձ ահազանգում ենք, ապա պետք է մեկը մյուսին ոչ թե թշնամանքով վերաբերվի ու գնա բախման, այլ շնորհակալ լինի: Պետք է հասկանան, որ պետական լիազոր մարմնի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար է հասարակությունը ահազանգ հնչեցնում և ոչ թե դրանով փորձ է անում վնասել նրանց:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ