Ո՞ւր են ձեր հոգու աչքերը...


«Վերջերս հանրապետական մամուլը հեղեղվել էր մայրաքաղաքի թիվ 5` Մուշեղ Իշխանի անվ. դպրոցի մասին ծայր առած ահազանգող նյութերով, որոնց հեղինակների` լրագրողների համար սկզբնաղբյուր են ծառայել օպտիմալացման շրջանակներում դպրոցից դուրս մնացած մի քանի ուսուցիչների և համախոհ-ծնողների զրպարտչական նամակները: Այդ նյութերի հեղինակներին ավելի շատ «հուզում է» ոչ թե դպրոցը կամ դպրոցում եղած որևէ խնդիր, այլ` դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանից չգիտես ինչո՞ւ վրեժխնդիր լինելու մարմաջը: Որքա¯ն ճիգ ու որքա¯ն մաղձ են թափել վերոհիշյալ «բողոքավորները»` հնարավորինս մրոտելու դպրոցի անունը, ավելի ճիշտ տնօրենի մարդկային նկարագիրը: Բացառված չէ, իհարկե, որ սա նաև պատվիրային գործարք է. մեր օրերում ինչե¯ր չեն արվում: Ասենք, որ մենք մեր երեխաներին հենց այնպես` «փակ աչքերով» չէ, որ բերել ենք այս դպրոց: Նախ, հետաքրքրվել ենք` ծանոթներից, շրջանավարտներից ու նրանց ծնողներից` լսելով բազմաթիվ դրական կարծիքներ թիվ 5 դպրոցի մասին (ի դեպ, այս դպրոցն են հաճախում մայրաքաղաքի տարբեր ծայրերում բնակվող երեխաներ): Եվ չենք սխալվել, քանի որ մեր երեխաների ուսումնա ռության առաջին իսկ տարիները բավարար էին համոզվելու, որ Մ. Իշխանի անվան դպրոցն իր կրթական մակարդակով քաղաքի լավագույն դպրոցներից մեկն է: Տնօրեն Ա. Սարգսյանի պաշտոնավարման 8 տարիների ընթացքում կրթահամալիրը մասնակցել է կրթական տարբեր ծրագրերի, որոնց շրջանակներում աշխարհի 30 դպրոցների մեջ երեք անգամ գրավել է առաջին տեղը և անընդմեջ երկու տարի շահել երկրորդ տեղը: Միայն այս տարի մեր դպրոցի աշակերտներից 11-ը շահել են առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլում, 7- ը մասնակցել են հանրապետական փուլին` շահելով կարգեր և գովասանագրեր: Հայաստանից ԱՄՆ ուղարկված 50 երեխաներից երեքն ընտրվել են մեր դպրոցից: Դպրոցի կարգավիճակի փոփոխությունից «մի խումբ» բողոքականների «անհանգստությունը» մեզ համար իրոք անհասկանալի է: Ամեն ինչ արվել է մեծագույն ճիգերով, տնօրենի ղեկավարությամբ, բոլորիս մասնակցությամբ: Ինչպե՞ս ենք մենք մեր իսկ աշխատանքը անտեսում: Իսկ այս ամբողջ ընթացքում պետականորեն ընդամենը մեկ անգամ մեզ աջակցել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը, այն էլ` մեր իսկ խնդրանքով»: Մի խումբ ծնողներ (շուրջ 100 ստորագրություն) ...Աշուն է, երևանյան աշնանային այն օրերից մեկն է, երբ արևի մեղմ ճառագայթները թույլ են ջերմացնում, և դու ուզում ես կառչել անգամ այդ նվազ ջերմությունից: Սարյան փողոցից դեպի դպրոց իջնող աստիճանաշարը շատ է երկար, բայց և` հարմար, չէ՞ որ տարիներ առաջ այդտեղ քարքարոտ, դժվարանցանելի զառիթափ էր, և աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները մեծ դժվարությամբ էին հասնում փոսային տարածքում տեղակայված դպրոց, որի բակում ամայություն էր, չորուցամաք տարածք, չկար մի խոտ անգամ... Այսօր բարձրուղեշ բարդիներ են սոսափում, գետնահար խոտերն են սվսվում, ծաղիկներն ու թփերն են մեղմ քամուց օրորվում: Դպրոցի երբեմնի մռայլ ու գորշ արտաքին պատերը վառ գույներ են հագել ու ավելի պայծառ տրամադրություն հաղորդել շենքին: Եվ այս բոլորը դպրոցի տնօրենի` Անահիտ Սարգսյանի և բարեգործ ների ջանքերով, օգնությամբ, աջակցությամբ: Կո°ւյր պետք է լինել այս ամենը չտեսնելու համար, բայց երբ հոգու աչքերն են փակ, դա ավելի սարսափելի է... ...Դպրոցի առաջին հարկում են գտնվում տնօրենի անշուք կաբինետը, ընդունարանը. մի՞թե «հեքիաթային գումարներ» հավաքող տնօրենը, այն էլ` այսօրվա պայմաններում, չէր վերանորոգի իր աշխատասենյակը, ինչպես անում են հենց առաջին իսկ օրվանից պաշտոնավարողները: Սա մայրաքաղաքի իմ տեսած այն սակավաթիվ դպրոցներից է, ուր տնօրենի կաբինետն այսքան անշուք է... Դրա փոխարեն սենյակին, ուսուցիչներին, ծնողներին ու աշակերտներին իր հոգու ջերմությունն է տալիս անչափ կիրթ, խելացի ու բարեհամբույր տնօրենը` ֆիզմաթ. գիտությունների դոկտորը, հայուհին, 4 երեխաների մայրը, երկու թոռնիկների երիտասարդ ու համակրելի տատիկը, ընտանիքի կինը: Մեր միամիտ ընթերցողներին, ովքեր երբևէ չեն եղել այս դպրոցում, չեն առնչվել Անահիտ Սարգսյանի հետ, զրպարտիչ հոդվածները կարդալուց հետո դպրոցը կարող է «դժոխք» թվալ, տնօրենը` «դժոխքի տիրուհի»: Ընթերցողը` ընթերցող, զրպարտողը` զրպարտող, իսկ ո՞ւր մնաց այդ զրպարտությունները տպագրողների հեղինակությունը, փորձառությունը: Մի՞թե կարելի է առանց փաստերը ստուգելու` բանսարկուների «թեթև ձեռքով» ու «ծանր ուղեղով», կարծրացած սրտերով առաջնորդվել... Երկարամյա մանկավարժական փորձառություն ունեցող դասախոսը, ուսուցչուհին նաև կազմակերպչական մեծ ջիղ ունի, կարողանում է հմտորեն ղեկավարել դպրոցը, իր կոլեկտիվին` հոգալով թե° ուսուցչի, թե° աշակերտի, թե° ուսումնական գործընթացի մասին: Բազմաշնորհ հայուհին կարող էր և համալրել նկարիչների բազմանդամ ընտանիքը, քանզի ի վերուստ օժտված է նկարելու շնորհով, որն իրեն պետք եկավ դպրոցի վերանորոգման ընթացքում, երբ ցածր դասարանցիների սենյակները վերանորոգելիս իր իսկ ձեռքով, բանվորական արտահագուստով շարունակ կանգնած աստիճանի վրա` ուրախ գույներով ու նկարներով էր պատում այդ դասասենյակների պատերը: Կո°ւյր պետք է լինել այդ ամենը չտեսնելու համար, իսկ ամենից սարսափելին այն է, որ կույր են հոգու աչքերը... Դպրոցում շուրջօրյա ջրամատակարարում իրականացնելը` բարեգործներ Հրայր Հովհաննիսյանի, Վասիլ Ավետիսյանի, Լևոն Վասիլյանի, Ռոբերտ Կիրակոսյանի, Հայկ Սարգսյանի օգնությամբ, դպրոցի կանաչ տարածքի պահպանման, մշակման գործում տարված աշխատանքները, «Աէրացիա» գործարանի նախկին տնօրեն Աշոտ Եղիազարյանի օգնությամբ` տանիքի և սանհանգույցի մասնակի վերանորոգման աշխատանքները, դպրոցի ետնամասում բնակիչների կողմից աղբանոցի վերածված տարածքի կանաչապատումը, դրախտ-պարտեզի հիմնումը մի մասն են ութ տարի առաջ դպրոցի ղեկավարությունը ստանձնած ջանասեր տնօրենի կատարած աշխատանքների: Իսկ նրա կողքին կանգնած են եղել նվիրյալ ուսուցիչներ, ծնողական համայնքը, աշակերտները, միասին վերակառուցել են իրենց տունը: Կո°ւյր պետք է լինել այս ամենը չտեսնելու և չգնահատելու համար... Բարեգործ Ռոբերտ Կիրակոսյանի կողմից գունափոխված զվարթ պատերն աշակերտներին և անցուդարձողներին հաղորդում են պայծառ, զվարթ տրամադրություն. ո՞ւր էին նայում բանսարկուների աչքերը... Այս ամենը նկատողի համար այլևս զարմանալի չէ նվիրյալ ուսուցիչ-ուսուցչուհիների վրդովմունքը, ովքեր աշխատում են` ծանրաբեռնված, լծված իրենց գործին և չեն ցանկանում լսել անգամ բանսարկուների ոչ մի հերյուրանքը: Նրանք արդեն սեփական փորձով են համոզվել, որ այդ ասեկոսեները կաթվածահար են անում ուսումնական գործընթացը, պղտորում իրենց կոչմանն արժանի բազմավաստակ մանկավարժների, աշակերտների, ծնողների հոգին: Ծնողների, ովքեր պատահաբար չեն ընտրել հենց այս դպրոցը և իրենց զավակների կրթումն ու դաստիարակությունը վստահել այս` թիվ 5 դպրոցի ուսուցչական կոլեկտիվին և խելամիտ տնօրենին: Ինձ չի զարմացնում պատմության ուսուցչուհու` Նելլի Շահինյանի արդարացի վրդովմունքը` «Ես ոչինչ էլ չեմ ուզում կարդալ, այդ գրողները իրավունք չունեին այդպես վարվելու, չէ՞ որ այստեղ նվիրյալներ են աշխատում»: Ինձ չեն զարմացնում բոլոր այն մանկավարժների վրդովմունքը, կարծիքները, ովքեր մշտապես լծված են եղել իրենց սրբազան գործին, ակտիվորեն մասնակցել են դպրոցում կազմակերպված բազմաբովանդակ և հիշարժան միջոցառումներին, որոնց համար դահլիճի տարածքն անգամ չի բավարարել աշակերտնե րին, ծնողներին, հրավիրվածներին, հյուրերին: Ով ուզում է աշխատել, նա միշտ էլ գտնում է գործ, ում սիրտը ցավում է դպրոցի, իր երեխայի համար, նա մոտենում է տնօրենին, առաջարկում իր օգնությունը, իր բարոյական աջակցությունը... Իսկ եթե այդքան անհարիր էր տնօրենի նկարագիրը կամ դպրոցն այն չէ, ինչո՞ւ նույն այդ ծնողներն իրենց երեխաներին չեն տեղափոխում այլ դպրոց, չէ՞ որ հենց այդ տարածքում շատ դպրոցներ կան: Բնականաբար, նորից կանգ ես առնում մարդկային անբավ չարության փաստի առաջ, վերհիշում թումանյանական իմաստնությունը` «...Եվ հեռու է մինչև մարդը իր ճամփան...»: Դպրոցում կատարվող բոլոր աշխատանքները արտացոլված են հատուկ գրանցամատյաններում, պատին են փակցվում դրամական հաշիվների անդորրագրերը, որոնք պարզորոշ ցույց են տալիս հավաքված գումարի նպատակն ու նպատակակետը: 2004 թ. ապրիլի 20-ին դպրոցի հոգաբարձուների և ծնողական ժողովի որոշմամբ ՀՀ սոցներդրումների հիմնադրամի հետ կնքվել է պայմանագիր` դպրոցում սանհանգույցի և տանիքի լիարժեք վերանորոգման համար: Հետագայում ծրագրում ընդգրկվել է նաև կաթսայատան կառուցումը: Ստացված գումարների մասին տեղեկատվությունն այժմ էլ փակցված է դպրոցի սրահում: Սոցներդրումների հիմնադրամի գրասենյակը ներկայումս անցկացնում է նախագծերի փորձաքննություն և վերջնական արժեքի հաշվարկ. նրա կողմից դպրոցին հղված նամակը նույնպես փակցվում է դպրոցի սրահում: Կո°ւյր պետք է լինել այս ամենը չտեսնելու համար... Այստեղ` Մուշեղ Իշխանի անունը կրող դպրոցում, դասավանդում են գիտական աստիճաններ ունեցող, դոցենտի կոչումով ուսուցիչներ, միջազգային կարգի որակավորում ունեցող մասնագետներ: Այստեղ Մուշեղ Իշխանի 85 և 90 ամյակներին նվիրված հոբելյանական համահայկական երկու գիտաժողովներ են անցկացվել, որոնց ներկա են եղել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մշակույթի գործիչներ, մտավորականներ, Մուշեղ Իշխանի ազգականները. նրանց տպավորությունները գրանցված են հուշերի մատյանում: Այստեղ կան ուսուցիչներ, ովքեր ներգրավված են մայրաքաղաքի տարբեր դպրոցների առարկայական ուսումնասիրության գործընթացում: Դպրոցի շրջանավարտներից գրեթե բոլորը ընդունվում են պետական բուհեր: Այս դպրոցի դահլիճում է, որ բազմաթիվ անգամ կրկնվել է «Կիլիկիո արքա» ներկայացման բեմադրությունը, որին ներկա է եղել և Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, և մեծ հուզումով են հնչել Սիլվա Կապուտիկյանի ձայնը, նրա պատգամները... Խո°ւլ պետք է լինել` այս ամենը չլսելու համար... Հա°մր պետք է լինել այսքանի մասին, ճշմարտության մասին չասելու, ինչպես Հակոբ Պարոնյանը կասեր` «չպոռալուն համար...»: «Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում»: Ճշմարտությունը նվիրյալների շուրթերին է: ԺԱՆՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ (գիտությունների թեկնածու, դոցենտ, կենսաբանության ուսուցչուհի) - Ես համաձայն չեմ թերթերում սփռված զրպարտություններին, դա չի համապատասխանում իրականությանը: Տեսնո՞ւմ եք, թե որքան հագեցած է մեր կաբինետը առարկայական նյութերով: ԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ (դասվար) - Կարդացողներից կամ գրողներից մի քանիսը լավ կլիներ հետամուտ լինեին դպրոցում կատարվող ամեն մի լավ աշխատանքի: Ութ տարի է, ինչ ճանաչում եմ տնօրենին, ինձ հաճելի է այստեղ, նրա կողքին աշխատել: Սա մի մեծ ընտանիք է, որտեղ պիտի բոլորը լինեն համերաշխ և աշխատեն: Չկա մի շաբաթ, որ միջոցառում չկազմակերպենք: Մշտապես լինում ենք մայրաքաղաքի մշակույթի կենտրոններում: Ես կոչ կանեմ, որ այդ ծնողները բաց աչքերով նայեն իրականությանը: Ինչո՞ւ մեր ծնողները գոնե մեկ անգամ մամուլում շնորհակալական խոսք չեն գրում ուսուցչի, դպրոցի, տնօրենի մասին. չի կարելի ամեն ինչ ներկայացնել սև գույներով, աղավաղված: Մեր ղեկավարը, եթե լավը չլիներ, լավը չէին լինի ո°չ ուսուցիչները, ո°չ աշակերտները: Այդ ամենը զրպարտություն է: ԳԱՅԱՆԵ ՇԱՂՈՅԱՆ (դասվար) - Եթե բոլորը լինեն իրենց տեղում և մտածեն աշխատելու, սովորեցնելու մասին, ապա ուրիշ սև գործերով զբաղվելու ժամանակ չեն ունենա: Զրպարտություն է և ծիծաղելի, թե մեր դպրոցում կոռուպցիա կա: Մենք միշտ գործ ենք ունեցել, երբեք ազատ չենք եղել, ինչպես մեր դպրոցի դահլիճը, որտեղ միջոցառում անելու համար նախօրոք հերթագրվում են, քանի որ միշտ կա ինչ-որ նոր միջոցառում: ՍՏԵՓԱՆ ԱՎԱԳՅԱՆ (գիտ. թեկնածու, Մխիթար Հերացու անվան մեդալակիր, ֆիզիկայի ուսուցիչ) - Քիչ առաջ Դուք եղաք մեր կաբինետում, ուր մեր ուսուցչական կոլեկտիվով համակարգչի վրա քննարկում էինք մեր աշակերտներից մեկի աշխատանքները: Մեր բոլոր դասերն անցնում են համակարգչի օգնությամբ: Հենց այսօր գրականության դասին ցուցադրել ենք «Գիքորը» ֆիլմը, աստղագիտության ժամին` այդ առարկայի հետ կապված ֆիլմաշար: Ես կոչ եմ անում բոլոր այն լրագրողներին, ովքեր գրել են այդ հոդվածները, լինել մեր դպրոցում և գրեն ճշմարտությունը, այդ սև գործընթացը սկսողները կեղտի մեջ են ներքաշել նաև իրենց երեխաներին: Ի՞նչ բարոյական իրավունք ունեն պղտորելու աշակերտի հոգին: Մեր դպրոցում կա մշտական ջուր, տիկին Սարգսյանի հետ մենք էլ ենք աշխատել և հին խողովակաշարը փոխել ենք: Մեր կաբինետները հագեցած են դիդակտիկ նյութերով և կահավորանքով: ՄԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ (դասվար) - Այդ բոլորը հերյուրանք է, մեր դպրոցը միշտ մաքուր է: Մեր դպրոցում չկա կոռուպցիա, ոչ մեկին չի պարտադրվել ինչ-որ գործ անելու համար գումար տալ. ով կարողացել է` օգնել է իր իսկ կամքով: Ես քսան տարի է, ինչ աշխատում եմ այստեղ, որից ութ տարի` Անահիտ Սարգսյանի հետ և մշտապես տեսնում եմ նրա ամենօրյա հետևողական, թափանցիկ աշխատաոճը: ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ (փոխտնօրեն) - Դպրոցում հետևողական աշխատանքների միջոցով հասել ենք քաղաքային և հանրապետական օլիմպիադաների: Անցյալ տարի քաղաքապետի կողմից արժանացել ենք քաղաքային դիպլոմի` առարկայական օլիմպիադաներին ակտիվորեն մասնակցելու համար: Ունենք միջազգային օլիմպիադաներում հաղթած աշակերտներ` գերմաներեն լեզվի գծով, նրանք ստացել են «Լեզվի դիպլոմ», ինչը հնարավորություն է տալիս շարունակել ուսումը ցանկացած եվրոպական երկրում: Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե դպրոցը «գերմանական կենտրոն է դարձել», ապա ասեմ, որ ունենք Գերմանիայից եկած աշակերտներ և գերմանացի երկու ուսուցիչներ, ովքեր իրենց փորձն են ներդնում, իսկ անգլերենով կան և° պետական ժամեր, և° նախասիրական, ինչը մեծ գումարներ չի պահանջում: Դպրոցում պետական օտար լեզուն, համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 14.03.2006 թ. հր. N 138-Ա/Ք, գերմաներենն է: Անգլերեն և ֆրանսերեն լեզուները դպրոցում դասավանդվում են նախասիրական հիմունքներով: Գերմանիայի Դաշնության մշակույթի նախարարության կողմից դպրոցը ստացել է «Լեզվի-դպրոց» դիպլոմ-կարգավիճակ, որի համաձայն Եվրոպայի բուհերի գերմաներեն լեզվի ընդունելության քննությունները անցկացվում են դպրոցում և Գյոթեի անվան ինստիտուտի կողմից ստանում հավաստագիր, ինչը համաձայնեցվել է ՀՀ ԿԳ նախարարության հետ: Այսքանը ուսումնական գործընթացի մասին: Իսկ ինչ վերաբերում է տնօրենի նկարագրին, ասեմ, որ նա նվիրված է իր աշխատանքին, միշտ եղել է ազնիվ և աշխատել է թափանցիկ` չշրջանցելով օրինականությունը: Նա լուրջ մասնագետ է, գիտնական, լավ մարդ: Խնդիրը զուտ անձնական է` օպտիմալացման հետևանքով դուրս մնացած ուսուցչուհիներ և նրանց դրդմամբ բանսարկու ծնողներ: Կարծում եմ` ամեն ինչ պարզ է, նույնիսկ պարզունակ: *** Ամեն ինչ պարզ է և ինձ համար, պարզ է այն աշակերտների խոսքերից, որոնց ես հանդիպեցի դպրոցի միջանցքներում, ովքեր մեծ սիրով ու ջերմությամբ էին խոսում իրենց տնօրենի, ուսուցիչների, դպրոցի, դպրոցական հետաքրքիր միջոցառումներով հագեցած առօրյայի մասին: Իսկ դպրոցի այս առօրյան փորձում է խաթարել մի խումբ` բախելով բոլոր խմբագրությունների դռները, բոլոր գերատեսչություններին կոչելով` «ի զեն»: «Ի զեն»` հանուն ինչի՞, ինչո՞ւ, ո՞ւմ դեմ. զարմանալին սակայն սրանց համառությունը չէ, այլ նրանց աջակցողների «հետևողականությունը», որոշ լրագրողների հապճեպ արձագանքը` չճշտված փաստերով, փաստաթղթերով. միայն թե գրեն մի նոր սկանդալային նյութ և խճճեն միամիտ, անտեղյակ մարդուն: Ժամանակը չէ՞ արդյոք ձերբազատվել խիստ հայկական «ասում են...» փսփսուքից և չթողնել, որ չարի արմատները զորանան, որ չստեղծվի զրպարտությունների ազատ դաշտ: Թե ինչ են որոշում այս պահին բանսարկուները` դժվար չէ կռահել, մինչդեռ Մուշեղ Իշխանի թիվ 5 դպրոցն ապրում է իր բնականոն կյանքով, աշխատանքային նոր ծրագրեր են մշակվում, իսկ բանիմաց և խելամիտ տնօրեն Անահիտ Սարգսյանը նվիրյալների ստվար խմբի հետ քննարկում է ուսումնական նոր ծրագրեր: Կույր պետք է լինել` այս ամենը չտեսնելու համար... Կարինե ԱՎԱԳՅԱՆ Աբովյանագիտության մեծ երախտավորը Րաֆֆի, Ռ. Պատկանյան, Ա. Բակունց, Դ. Դեմիրճյան, Ս. Շահազիզ, Մ. Աբեղյան... անվերջ կարելի է թվել այն հեղինակներին, որոնց գրքերը խմբագրել է մեծանուն գիտնական Պիոն Հակոբյանը: Մեծ է նրա վաստակը նաև տեքստաբանության, ազգագրության և հայագիտության զարգացման գործում: Պիոն Հակոբյանի գիտական ներուժի մասին խոսելիս նրա մտերիմները չեն մոռանում խոսել նաև մարդկային բարձր նկարագրի մասին: Անսահման ջերմությամբ ու կարոտով են հիշում նրան բոլորը, ում բախտ է վիճակվել գեթ մեկ անգամ տեսնել նրան, շփվել նրա հետ: Մեծահոգի էր, հանդուրժող, բայց սկզբունքային հարցերում` անդրդվելի, մարդասեր էր, ներողամիտ, մի խոսքով` իսկական քրիստոնյա: Նրբանկատ էր այնքան, որ թույլ չէր տալիս դիմացինին զգալ իր նրբազգացությունը: Ֆենոմենալ հիշողություն ուներ: Իրենց կյանքից մի դրվագ է հիշում որդին` Հայկը: - Այն մութ ու ցուրտ տարիներն էին: Ես ու հայրիկը միասին աշխատում էինք: Ես մեքենագրում էի իր թելադրածը կաթոլիկների պատմության մասին: Լույս չկար: Մի լամպի աղոտ լույսի տակ էինք աշխատում: Հայրիկն ամբողջը թելադրում էր հիշողությամբ: Միայն երբեմն բացում էր այս կամ այն գիրքը` ստուգելու իրեն: Այդքան շատ դրական հատկություններ ունեցող մարդը մի արժանիք էլ ուներ, որ ստվերում էր թողնում մնացած արժանիքները. ծայրաստիճան համեստ էր: Դրա լավագույն վկայություններից է այն, որ չնայած իր քրտնաջան աշխատանքին` «Հայկական սովետական հանրագիտարանի» գրական խորհրդատու Պ. Հակոբյանի անունը չկա նշված հանրագիտարանում: Եվ նա անգամ չէր դժգոհում: Պ. Հակոբյանի շնորհիվ է, որ մոռացության ու կորստի մատնվելուց փրկվել է Գալուստ Տեր-Մկրտչյանի (Միաբան) հայագիտական ուսումնասիրության երկու հատորը: ԵԳՊԱ-ն բարձր հեղինակություն ունի Ստեղծագործելու ձիրքը հայի էության մեջ է: Իր դժվարին ու երկարատև ճանապարհին մեր ժողովուրդը չի ավերել, չի սպանել, այլ ստեղծել է, կերտել, արարել: Եվ բոլորովին զարմանալի չէ, որ խորհրդային մյուս ժողովուրդների մեջ հայ ժողովուրդը առաջիններից մեկը հիմնեց արվեստներ ուսումնասիրող հաստատություններ: Դրանցից է Երևանի գեղարվեստի ինստիտուտը (այժմ` ԵԳՊԱ-Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա)` հիմնադրված 1945 թ.` մեծ քանդակագործ, ակադեմիկոս Արա Սարգսյանի ջանքերով: Գեղարվեստի և թատերական ինստիտուտները միացնելու մասին 1952 թ. որոշմամբ ստեղծվում է Գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1994 թ. այդ երկու բուհերը միմյանցից կրկին առանձնացնելու որոշում է ընդունվում: Դժվարին պայմաններում ստեղծված բուհի առաջին շրջանավարտները բոլորին են հայտնի` Գրիգոր Խանջյան, Արա Հարությունյան, Սերգեյ Բաղդասարյան և ուրիշներ: Բուհի 60-ամյակի առիթով իր խոհերն ու տպավորությունները կիսելու էր եկել ԵԳՊԱ ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը կամ, ինչպես նրան ներկայացրեց Աստղիկ Գևորգյանը, «տաղանդավոր նկարիչ Էդ. Իսաբեկյանի արժանի որդին»: 12 տարվա ընթացքում (այսինքն այն շրջանում, երբ ինքն է բուհի ռեկտորը) ուսանողների թիվը 340-ից հասել է 900-ի, ֆակուլտետները 2-ն են (նախկին մեկի փոխարեն)` գեղանկարչության և քանդակագործության` իրենց բաժիններով` գրաֆիկա, արվեստաբանություն, մոդելավորում, դիզայն, դեկորատիվ արվեստներ և այլն: ԵԳՊԱ-ն ունի մասնաճյուղեր Գյումրիում և Դիլիջանում: Սևանում հողատարածք է ձեռք բերվել` դասախոսների և ուսանողների պրակտիկան և հանգիստը կազմակերպելու համար: Իսկ վերջերս Փարիզում` cite° des arts-ում (արվեստների թաղամասում) ձեռք է բերվել արվեստանոց, որտեղ կարող են մասնագիտանալ հայ ուսանողները` մնալով 1-3 ամիս: Արվեստանոցը քաղաքի կենտրոնում է` Սենայի ափին, այնտեղից հրաշալի տեսարան է բացվում, երևում է Նոտր-Դամը: Ա. Իսաբեկյանը հավատում է հայ մշակույթի ապագային, հարատևությանը, և համոզմունք է հայտնում, որ քաղաքականությունն ու մշակույթը շաղկապված են միմյանց: Խորհրդանշական էր, որ բուհի 60-ամյակի առթիվ ԵԳՊԱ մուտքի մոտ բացվեց հիմնադրի` Արա Սարգսյանի քանդակը: Ի դեպ, եթե մոտ 15 տարի առաջ բուհը փակելու խոսակցությունները չէին դադարում, ապա այսօր ԵԳՊԱ-ն ոչ միայն ազատված է փակվելու վտանգից, այլև բարձր հեղինակություն ունի: Բաժնի նյութերը` Հայկանուշ ԹՈՐՈՍՅԱՆԻ մշակութային լրահոս Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը չի սահմանափակվում Ֆրանսիայում Հայաստանի օրեր անցկացնելով: Ֆրանսիայի Վանդեզի երկրամասում` հանքափորների մատուռում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցելու հրավեր էր ստացել նաև Հայաստանը` ըստ արժանվույն ներկայանալով: Ֆրանսիացիներին հատկապես հետաքրքրում էր հայկական եկեղեցական արվեստը: Ցուցահանդեսին ներկայացված շուրջ 60 ցուցանմուշների մեջ էին Դվինի Խաչելության խոյակը, Սևանի Առաքելոց վանքի դուռը, խաչեր, խոյակներ, փոքրիկ խաչքարեր և այլն: Ինչպես փաստում են Հայաստանի պատվիրակության անդամները (Գ. Գյուրջյան, Ա. Գրիգորյան, Դ. Սարգսյան, Ա. Ադամյան), մատուռը մարդաշատ է եղել: Հայկական ցուցանմուշները մեծ հետաքրքրություն էին առաջացրել: Ինչպես իրենք` կազմակերպիչներն են նշում, այդ մակարդակի և արժեքի իրեր իրենց մատուռը չէր ունեցել: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 5-ը, որից հետո հայկական իրերը կհանգրվանեն Լուվրում: Ի դեպ, ֆրանսիական կողմը Հայաստանին է նվիրելու մեկ բիբլիոբուս` շրջիկ գրադարան, ինչը Հայաստանում հաճելի նորամուծություն կլինի: n -Չկա երկրորդ այնպիսի երկիր, որտեղ երաժիշտներն այնքան բարձր մակարդակ ունենան, իսկ երաժշտական գործիքներն այդքան վատ վիճակում լինեն, ինչպես Հայաստանում է,- այս համոզմանն են Հայաստանում երաժշտական գործիքներ վերանորոգող և լարային գործիքներ պատրաստող վարպետների ուսուցման ծրագիր ներմուծող ֆրանսիացի մեր բարեկամները: «Մշակույթ և համագործակցություն» ասոցիացիայի կողմից համակարգվող այս ծրագիրը նպատակ ունի վերանորոգել մեր` անմխիթար վիճակում գտնվող երաժշտական գործիքները, վերապատրաստել լարային գործիքներ պատրաստող հայ վարպետներին, նախատեսվում է հայկական ժողգործիքների պատրաստման փորձի փոխանակում եվրոպացի վարպետների հետ: Պետք է նաև ձեռք բերել գործիքները վերականգնելու նյութեր: Իսկ ծանո՞թ են արդյոք ֆրանսիացիները հայկական երաժշտական գործիքներին: Պարզվում է` այո, և այն էլ ոչ միայն թանգարաններում ներկայացվածներին: Ի՞նչ կստացվի հայ և ֆրանսիացի վարպետների համագործակցությունից` դժվար է պատկերացնել: n Ամեն տարի ԱՊՀ երկրների մասշտաբով անց են կացվում Դելփյան խաղեր, որոնք ընդգրկում են արվեստի տարբեր ճյուղեր: Մինչ այդ` նախապես մրցույթ է հայտարարվում ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրում, որի հաղթողն էլ իրավունք է ստանում մասնակցել հիմնական մրցույթին: Սկզբնավորման առաջին իսկ օրից ակտիվորեն մասնակցում է Դելփյան մրցույթներին: Եվ, պետք է նշել, որ հպարտանելու առիթներ շատ են եղել: Այս տարին ևս բացառություն չէր: 2006 թ. մրցույթն անցկացվեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Հայ պատանիները վերադարձան հաջողություններով: Նրանց հաջողվել է զբաղեցնել երկրորդ տեղը (մեդալների քանակով) Ռուսաստանից հետո: Նոմինացիաները (անվանակարգերը) 15-ն էին` դաշնամուր, ջութակ, ժողովրդական երգ, էստրադային երգ, ֆլեյտա, կրկես և այլն: Ի դեպ, ժյուրիի անդամներից երկուսը ևս հայեր էին` «Հայորդաց տան» կրկեսի ղեկավար Գևորգ Գինոսյանը և ակադեմիկոս, նկարիչ Մելս Ներսիսյանը:

Հ. ԹՈՐՈՍՅԱՆ