ԿԱ°ՆԳ ԱՌ, ԱԿՆԹԱՐԹ...


Որոշել էի քաղաքականությունից հեռու մնալ, հնարավորինս զերծ պահել միտքս ու հոգիս ներկա քաղաքական թատերաբեմի վրա ցուցադրվող ներկայացումների բարոյալքող ներգործությունից: Ինչո՞ւ: Տարեցտարի համոզվեցի, որ անհնար և անիմաստ է հետևողականորեն հնչեցնել արդարության սթափեցնող ձայնը, լայն մասսաների գիտակցությանը հասցնել արդի հասարակական կեցության ու դրա թելադրած մտածողության կործանարարության հստակ տրամաբանությունը, հեռու և մոտիկ «վերևներից» հնարամտորեն խորացվող հակամարդկային, հուժկու թափով ծավալվող հեռագնա ծրագրերի (այսինքն` քաղաքականության) իրագործմանը ընդդիմանալու գործնական վճռականության անհրաժեշտությունը: Քավ լիցի, չհարմարվեցի շուրջս տիրող այլախեղումներին, արտառոց կերպարանափոխություններին, որ չարորակ գոյացության մետաստազների նման հիմնովին (վախենում եմ ասել` անկասելիորեն. հույսը վերջինն է մեռնում) պարուրել են նորանկախ կյանքի առանց բացառության բոլոր ոլորտները: Ցավոք, նաև մարդկանց ուղեղները: Մեր ապրելակերպի ենթադրյալ բարելավման բուտաֆորականությունն այնքան վարպետորեն է ապահովվում պետական կառավարման վահանակների համանվագը համառորեն հնչեցնողների կողմից, որ օրեցօր ավելի դժվար է դառնում որևէ մեկին ամենատարրական ճշմարտությունն իսկ հասկացնելն ու ապացուցելը: Հիմա կարծես ամեն ինչ հանգում է մի հին իմաստության` ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը... «Չծախենք մեր հոգիները սատանային» հրապարակային պոռթկումիս հուսադրող արձագանքները հավատ ներշնչեցին, որ, անկախ ամեն ինչից, բարոյական ահազանգիս ղողանջները մտահոգել են շատերին, և ես որոշեցի այլևս չլռել: Որպես արդարության վերջին մոհիկաններից մեկը, կրկին նախազգուշացնում եմ` առանձին մարդկանց, խմբերի ծախվածությունը սատանային կամ մամոնային սպառնում է համազգային (համամարդկային) համաճարակի վերաճել ի նպաստ համաշխարհային «գլոբալիզացման» զրնգուն հաղթանակի, որ նախանշանն է Երկիր մոլորակի չգոյության: Ցավն այն է, որ քիչ թե շատ ժողովրդականություն (ավելի ստույգ` մասսայականություն) վայելող մտավորականներից շատերը տրվում են ազգակործան հիպնոսին` կոնկրետ երաշխիքներ ստանալով սեփական համեմատաբար կայուն բարեկեցության, անվտանգության համար: Կամա թե ակամա գործիք են դառնում մոտ երկու տասնամյակ քաղաքական թատերաբեմի վրա իրենց բնատուր դերասանական ունակությունների տարբեր դրսևորումներով փայլող քաղաքագետների (ի՞նչ եմ ասում` քաղաքականությամբ իրենց կուշտ հացը կանոնավոր վաստակողների) իշխանատենչ մղումների կենսագործման համար, անկախության մեծագույն նվաճում բազմակուսակցականության աթոռարշավի խառնաշփոթ լաբիրինթոսում իրենց քվեներով, հեղինակությամբ, կապերով (եթե կան) լուսավորելով հասարակ մահկանացուներին հնարամտորեն մոլորեցնող իրենց գովերգած նոր «փրկիչների» տրիումֆի մայրուղին: Ազգային հերոսի կոչում պետք է շնորհել հատուկենտ ազնիվ մտավորականներին, ովքեր առանց նեղանձնական շահադիտական նկատառումների ժամանակ առ ժամանակ ահազանգում են այս կամ այն արտառոց երևույթի, իրադարձության առիթով` ընդհանրացման նոր հուսահատ փորձ անելով ի լուր ամենքի: Մեր խամաճիկավարներին իսկապես անհանգստացնում են այդ դանկոները, որոնց նկատմամբ ծածուկ մշակվող ու հղկվող հատուկ մոտեցումները գնալով ավելի բացահայտ ու սանձարձակ արտահայտություններ են ստանում. հանկարծ կսկսվի համատարած, համազգային մի իսկական զարթոնք, և գրողի ծոցը կկորչեն ջիպերն ու առանձնատները, արտասահմանյան բանկերում ծածկանուններով բացված դրամական աստղաբաշխական հաշիվները, չբացահայտված մյուս գողոնները, մատղաշ սիրուհիները կդառնան ուրիշների վայելքի առարկան... Չէ, քաղցր են «էլիտար» ապրելակերպի առանց դառը քրտինքի ձեռք բերած ատրիբուտները: Դրանցից զրկվելու վտանգը (եթե նկատվի, իհարկե, ռեալ վտանգ) գործի կդնի գայլային ոհմակային օրենքների ավելի զորեղ մեխանիզմներ` արագացնելով գուցե համընդհանուր կործանումը: Տխեղծ փոխակերպությունների համատարած ճահճի ո՞ր հատվածում փնտրել փրկության փրփուրի պղպջակը, չէ՞ որ ակնհայտ է մեր ներկա կեցության դատապարտվածությունը: Անտարբերության մեր խխունջե պատյաններում լուռումունջ պատսպարվենք մինչև ամերիկյան կամ պարսկական, ռուսական կամ չինական գաղութ դառնա՞լը: Ձեռքներս անհուսորեն թափահարենք ու մի կո՞ղմ քաշվենք: Արմագեդոնը մեզ չի շրջանցի, հաստա°տ: Արտագաղթը, որ այսօր շարունակվում է ընկալվել որպես անհատական փրկության ամենանպաստավոր միջոց, ընդամենը ինքնախաբեություն է` սպիտակ եղեռնի անվրեպ ու շուտափույթ իրականացման աննախադեպ խթան, ազգային երերուն պետականության վերջնական կորուստ: Արտերկիր ճողոպրելու փրկարար հույսով այս կամ այն դեսպանատան շեմքը մաշող միամիտ հայրենակիցներ, հավատացնում եմ` գաղթականների նոր շարասյուներում որևէ հնարքով ընդգրկվելով, դուք հազիվ թե գտնեք միմիայն հեռվից քաղցրահամ թվացող կեցության պտուղներ: Ձեր բյուրավոր նախորդները անմարդկային դժվարություն ների գնով արդեն քաղել են ու զրկանքներով փայփայում են օտար ափերին բուսած կենաց ծառերի հատուկենտ բողբոջները` որոշակի նյութական ապահովություն ձեռք բերելով, իսպառ կորցնելով հոգևոր լիարժեք կերակուր գտնելու հնարավորությունը: Տեր Աստված, ո՞վ կարող է կասեցնել մահաբեր կենսակերպի այս վարար հորձանքը: Ավագ սերնդի հեղափոխական խանդավառ եռանդը, ի չարս գործի դրվելով, կարծես սպառվել է: Գուցե նոր սերո՞ւնդը կգիտակցի, կհամախմբվի և ոտքի կհանի բոլորիս, քանի դեռ մեզանում քիչ թե շատ պահպանվել են մարդկային բանական համակեցության հույսն ու հավատը: Նոր սերունդը: Ի՞նչ ենք ցանել, որ ինչ հնձենք: Սպառողական հոգեբանությամբ վարակված, ազգային նկարագրին խորթացած նորերի գերակշռող մեծամասնությունը, մեղմ ասած, թքած ունի իր երկրի (ի՞նչ հայրենիք` որտեղ հաց, այնտեղ կաց) ճակատագրի վրա` չկասկածելով նույնիսկ, որ թքում է ինքն իր վրա: Մի բուռ արտոնյալների (ուզում էի ասել` էլիտարների) նախնիները յոթ պորտով ապահովել են իրենց ժառանգների անհոգ ու շքեղ ապրելակերպը (իրականում` ստամոքսի պայծառ ապագան): Մյուսնե՞րը: Շատ էլ չեն մտահոգված իրենց ծնողների հնարավորություններով, առտնին ու հասարակական հոգսերով: Ինչ գնով ուզում է լինի, պետք է հետ չմնան հասակակիցներից, իրենց արտաքին փայլով կուրացնող շրջապատողներից: Սրանց համար առաջնային են մոդայիկ հագուկապը, ընդունված ժամանցներից գոնե երևութականության համար զուրկ չմնալը, բջջային հեռախոսը (սա արդեն նույնիսկ տարրական դպրոցում է պարտադիր), անձնական ավտոմեքենան կամ, առնվազն, տաքսիներից ըստ պահանջի օգտվելու հնարավորությունը (երթուղայինները, ըստ նրանց, բոմժանոցներ են), և, որ չգիտես ինչու, ամենապարտադիր գործոններից է դարձել, անպայման իրենց ուսանող զգալու, թեկուզ պատահական որևէ բուհ խցկվելու օրհասականի հասնող պահանջի բավարարումը (ի դեպ, ցանկալի է` վճարովի. պարզվում է, այս հանգամանքն էլ արժանապատվության ներկայիս չափանիշներից է): Ինչ-որ սուտ բան է դարձել մեր կյանքում ամեն բան: Սովորելը` առավելապես: Որքան նվազում է սովորելու ցանկությունը (նկատի ունեմ հիմնավոր գիտելիքներ ստանալը), այնքան ավելանում է ուսանողների քանակը: Ժամանակակից ուսանողության ստվար բանակի հիմնական մտայնությունը սա է` թող բոլոր ծանոթ-անծանոթներին հայտնի լինի, որ իրենք ընդգրկված են որևէ բուհում (ներողություն` համալսարանում. ոնց որ թե հիմա ինստիտուտների «սղման» պրոցես է գնում, գուցե օպտիմալացմա՞ն...) Եվ «օպտիմալացված» հանրակրթական դպրոցում համապատասխան գիտելիքներ չստացած շրջանավարտները կյանքի շեմից ներս մտնելու մի կարճատև ժամանակահատվածում հայտնվում են իրենց տասնամյա մանկապատանեկան կեցությանն ու մտածողությանը խորթ եռուզեռում, քանի որ անհատական նախապատրաստվածության որոշակի կարիք են զգում: Հատուկենտ մասնավոր կրթարաններն են, որ այսօր գիտելիքների անհրաժեշտ պաշարով են զինում նոր կյանք մտնելու պատրաստվող սերունդներին, բայց վճարունակության ցածր մակարդակի պատճառով առայժմ դրանց շրջանավարտները որակ չեն կազմում: Ի՞նչ անել: Այս հարցը լրջորեն մտահոգում է կիսագրագետ տասնավարտներին: Եվ սկսվում է անսովոր մրցավազք գիտելիքների նվազագույն բազա ստեղծելու (հազվադեպ` ամրապնդելու) ուղղությամբ: Անհամեմատ բարվոք է աղջիկների վիճակը, նրանց չի սպառնում պարտադիր զինծառայությունը: Իրարանցումը համաժողովրդական բնույթ է ստանում: Որպես փրկօղակ փնտրվում-գտնվում են ռեպետիտորներ: Ում չի հաջողվում ներգրավվել ընդունելության հանձնաժողովներում թրծված դասախոսների նախապատրաստական խմբերում, ստիպված մնում է դպրոցների ուսուցիչների հույսին, որոնք սկսում են «պայմանագրային» հիմունքներով վճարի դիմաց անել այն, ինչ պետք է անեին ուսումնառության տասը տարիների ընթացքում (հիմա` արդեն տասներկու. սա, կարծում եմ, սոսկ նորամուծություն է, ինչպես ժամանակին տասնմեկը և` ուրիշ ոչինչ...): Հիմնականում մեխանիկական մտավարժանքի, յուրատեսակ անգիրիզմի մեթոդով ստանալով մոտավոր « մարզավիճակ»` նոր սերնդի հերթական հարյուր հազարյակը դառնում է բուհի ուսանող: Եթե հինավուրց պետականներում, որոնք բարեբախտաբար դեռևս չեն կորցրել իրենց երբեմնի բարձր համարումը, թերուս պատանին կամ աղջնակը ձախողում են կրում, հոգ չէ, մասնավոր բուհերը, որ բարեհնչունության համար համալսարաններ են կոչվում, գրկաբաց ընդունում են չնչին բացառությամբ բոլոր դիմորդներին: Հարցազրույցով: Պոնչիկանոցին մոտ գտնվողների համար այն ունենում է այսպիսի բովանդակություն. - Բալիկ ջան, պոնչիկ սիրո՞ւմ ես... - Այնքան էլ չէ: - Ապրես, ուրեմն դասերից չես բացակայի: Եթե ուսման վարձը մուծես մինչև սեպտեմբերի մեկը, քսան տոկոս զեղչ կունենաս... Եվ լցվում են հարյուրից ավելի բուհերը համապատասխան քանակությամբ ուսանողներով` անխափան պահելով իրենց ծնողների հայթայթած փողերով, պետական հովանու ներքո ազատորեն ամրապնդվող մասնավոր կրթական համակարգի գործունեությունը: Ով բիզնեսի ուրիշ ոլորտ չի գտնում, նոր կրթօջախ է հիմնում: Հետո էլ զարմանում ենք, որ երիտասարդների մեջ գնալով աճում է սովորելու ցանկություն չունեցողների, ուսանողի սնամեջ կեցվածքի ձգտողների տեսակարար կշիռը: Կուսակցական պատկանելության շնորհիվ նախարարի աթոռը զբաղեցրածները, ըստ արժանվույն գնահատելով գործարար մտավորականի ճարպկությամբ միմյանց գերազանցող մասնավորների նպատակասլաց ջանքերը, պետականորեն մեկը մյուսի հետևից հավատարմագրում են նորաստեղծ «կրթօջախները»` գոնե իրենք իրենց չհարցնելով` արդյո՞ք մեր փոքրիկ կիսավեր երկիրն ունի այդքան բուհերի կարիք: Ստացվում է` միայն բուհերի, քանի որ նույն ինտենսիվությամբ հոգ չի տարվում թվացյալ տնտեսական աճը խթանող այլ հիմնարկ-ձեռնարկությունների, ծրագրերի ներմուծման մասին հայկական իրականության մեջ: Կարևորը աշխարհում ամենաարդյունավետ, ասենք Բոլիվիայի համալսարանի, կրթական մեխանիզմների պատվաստումից այնպիսի արդյունք, հիբրիդ ստանալն է, որ համաշխարհային քաղաքակրթությունը մի թռուցիկ հայացքով նույնիսկ նկատի ու չկարողանա զսպել իր նախանձոտ հիացմունքը... Մի հետաքրքիր օրինաչափություն: Որքան արհեստականորեն բարդացվում, խրթինացվում են դպրոցական դասագրքերը, այնքան պարզունականում, ճապաղանում է ուսումնառության բովանդակությունը բուհերում: Չորս տարվա ընթացքում բակալավրիատում ստանալով մասնագիտական հիմնական գիտելիքներ (խոսքս սովորողների մասին է)` ուսանողները նեղ մասնագիտացման անվան տակ երկու տարի էլ «սպանում» են մագիստրատուրայում, որպեսզի ամբողջական բարձրագույն կրթության վկայական ստանան: Գուցե այդ երկու տարին մի վերին շնորհ է բանիմաց երիտասարդներին ուղեղի միջազգային շուկա արտահանվելու հնարներ որոնելու-գտնելու. գաղտնիք չէ, որ տաղանդավոր երիտասարդների զգալի մասը, հայրենիքում իր գործունեության համար հեռանկարներ չգտնելով, գոնե մոտակա ժամանակաշրջանում, «պատուհան» է փնտրում դեպի Եվրոպա կամ Ամերիկա, ծայրահեղ դեպքում ԱՊՀ որևէ հարուստ ու օրինավոր պետություն: Այսինքն` մեր հույսը դնելու ենք սովորելու ցանկություն չունեցողների սպառողական մտածողության ու վարքագծի վրա՞... Ա՞յս նորերի, որ սովորել են արդեն ուրիշի, հիմնականում սեփական նախնիների ձեռքերով կրակից շագանակներ հանելուն... Սրա՞նց, որ անհոգ զվարճություններ փնտրելով, սրճարաններից բացի մեկ այլ վայրում` հաճախում են տարբեր թատրոններ` չիմանալով, թե ինչպես պետք է պահի իրեն հանդիսատեսը ներկայացում դիտելիս: Ոմանք միամտաբար հույսեր են փայփայում, որ մասսայական հետաքրքրությունը չկորցրած թատերական արվեստի միջոցով կարելի է որոշ չափով փրկել ազգային դիմագիծը կորցրած երիտասարդներին հոգևոր ու մտավոր այլախեղումներից: Ավա՜ղ... Թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողներին մինչև անգամ անհնար է դառնում այս առումով ընդօրինակման արժանի դարձնել: ... Այս կախարդական չարաղետ շրջապտույտից, կարծում եմ, մի ելք կա հավանական` համախմբել, քանի դեռ ուշ չէ, մայր հայրենիքի և ստվարացող սփյուռքի մտավոր ողջ սերուցքը, իսկական հայրենասերներին, մեկտեղել նրանց ջանքը, եռանդն ու անմնացորդ նվիրումը, անկախ տարիքից, կենտրոնացնել նրանց ողջ ներուժը մեր բազմաբարդ, խառնակ ժամանակներում ամեն տեսակ քաղաքական խաղերից հոգնած, իներցիայով դրանց սադրանքին հլու-հնազանդ մարդկային զանգվածներին բարեփոխման գործնական վճռական ուղու վրա տեղափոխելու նպատակով: Հնարավո՞ր է: Այնքան ահարկու ու նսեմացնող է դարձել նորահայի հավաքական կերպարը, որ վախենում ես ազգապահպան արժանապատիվ դրական տեղաշարժի հավատիդ ֆիասկոյից: Վախենում ես, որ իշխանական պարզ հերթափոխությունից հետո քեզ ոչինչ չի մնա անելու երկրային տաղտկալի կեցությանդ խխունջի մեջ վերստին ներամփոփվելուց բացի: Հետո՞: Ի՞նչ կլինի հետո: Կա°նգ առ ակնթարթ...