Միտումնավոր «շփոթում» են «սև կատվի հասցեն»


Վերջերս գրեթե բոլոր ինտրիգային գործընթացների առանցքում հայտնվում է «Արդարություն» դաշինքի նախկին քարտուղար, այժմ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Նախկին ընդդիմադիրը երկար ժամանակ մեղադրվում էր գաղտնի «բարգավաճելու», «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրի` առնվազն համահեղինակը լինելու մեջ: Այդ կասկածները առայսօր չեն ժխտվում: Ավելին, սակայն դրանց գումարվում են նորերը: Մասնավորապես Ընտրական օրենսգրքի` Վիկտոր Դալլաքյանի տարբերակը, որը նախատեսում է 100 տոկոս համամասնական ընտրակարգ, շատերի համար անսպասելի արժանացավ պետաիրավական հանձնաժողովի դրական եզրակացությա նը և մտավ նստաշրջանի օրակարգ: Այս անակնկալը, ամենամեծ ցանկության դեպքում էլ, պատահականություն համարել չի կարելի: Ինտրիգն առկա է, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ իշխանական թևերի միջև կա անհամաձայնություն, եթե չասենք` հակամարտություն: Սակայն արդեն հոգնեցուցիչ ու ձանձրալի օրինաչափություն է դառնում որոշ քաղաքական ուժերի (այդ թվում` իշխանական) կողմից յուրաքանչյուր անազնիվ խաղ ՀՀԿ-ին վերագրելը: Դիցուք, ՀՅԴ-ն անթաքույց ակնարկում է, թե ՀՀԿ-ն հիմա էլ ինքն է «օգտագործում» վաղուց «բարգավաճած» Վ. Դալլաքյանին` բազմաքայլ կոմբինացիա իրականացնելու նպատակով: Դրա էությունը, իբր թե, հետևյալն է. Վ. Դալլաքյանի` օրակարգ մտցված 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ ներառող օրենսգրքի տարբերակը նպատակ է հետապնդում հանրապետականներին «ինադի» գցելու իմիտացիա ստեղծել: Դա էլ, իբր, առիթ կհանդիսանա, որ ՀՀԿ-ն նախկին համաձայնությունները խախտելու արդարացում ունենա և մեծամասնական տեղերի քանակը կրկին հասցնի 56-ի: Իհարկե, այս դեպքում «սև կատու» իրոք կա, սակայն այն պետք է որոնել ոչ թե ՀՀԿ, այլ ուրիշ, իսկապես «մութ սենյակներում»: