ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐ


«Խոստանալ-չկատարել» հնագույն սովորույթը հայրենի քաղաքական ուժերը հանգիստ խղճով սկսել են կիրառել նաև իրար նկատմամբ: Ի հեճուկս նախորդ շաբաթ համամասնական ընտրակարգի «երդվյալ» կողմնակից խորհրդարանական որոշ խմբակցությունների անբեկանելի թվացող խոստումներին, Ազգային ժողովը, այնուամենայ նիվ, ձայների ջախջախիչ մեծամասնությամբ հավանություն տվեց երիցս լրամշակված ընտրական օրենսգրքում էլի ու էլի փոփոխություններ, լրացումներ նախատեսող օրինագծին: Արդյունքում, ըստ ամենայնի, 90 համամասնական և 41 մեծամասնական տեղերը մայիսյան ընտրություններում կպահպանվեն: Իսկ թե նշված համամասնությունը որքանով է ընդունելի և ճիշտ այս պահին, այնքան էլ կարևոր չէ, քանի որ սույն քվեարկությամբ փաստորեն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով քվեարկություն կազմակերպելու հեռանկարը, որքան էլ մինչև վերջերս խոստումնալից թվար, այդպես էլ կյանքի չկոչվեց: Ընդ որում, ինչպես հայտնի է ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, ՄԱԿ-ի վաղեմի երազանքն անկատար մնաց` հենց այս խմբակցությունների ներկայացուցիչների անակնկալ մտափոխության պատճառով: Ավելին, գործին չօգնեց նույնիսկ այն արտախորհրդարանա կան կուսակցությունների անթաքույց աջակցությունը, որոնք վաղուց ի վեր փափագում են ԱԺ-ում հայտնվել և իրենց կայուն ձախողումներից փրկությունը միայն համամասնական տեղերի «առատացմամբ» են պայմանավորում: Այսուհանդերձ, սովորույթի համաձայն, «Ազգային միաբանության» պահվածքը դարձյալ անորոշ էր. գեղամյանական ներն ընդհանրապես չմասնակցեցին քվեարկությանը, իսկ «Արդարության» պատգամավորների թիվը թեպետ մոտենում է երկու տասնյակի, այնուամենայնիվ, նրանցից միայն վեցը համարձակվեցին դեմ քվեարկել նոր Ընտրական օրենսգրքին: Արդյունքում` հրապարակի վրա է մի փաստաթուղթ, որը վավերացվելուց հետո կիրառման առաջին իսկ պահից` հենց խորհրդարանական ընտրությունների ընտրական քվեարկությունն ավարտվելուն պես անխնա կերպով քննադատվելու է: Սրանով հանդերձ` որևէ քաղաքական ուժ երբևէ չի ժխտել, որ համապատասխան քաղաքական կամքի առկայության պայմաններում ամենավատ ընտրական օրենսգրքով անգամ փայլուն քվեարկություն կարելի է կազմակերպել (ներառյալ դրան նախորդող և հաջորդող բոլոր գործընթացները): Իսկ համեմատաբար (կամ գուցե նաև անհամեմատ) լավ օրենսգիրքը, որտեղ տվյալ դեպքում ներառված են քաղաքական դաշտի բևեռները ներկայացնող ուժերի և վենետիկյան զանազան հանձնաժողովների առաջարկները, պետք է որ առավել դյուրին դարձնի ժողովրդավարական չափանիշներին ինչ-որ չափով մոտ և տանելի գործընթացների կազմակերպումը: Սակայն հերթական քառօրյան հերթական անգամ ապացուցեց, որ հայրենի քաղգործիչներին այս տիպի հարցերը քիչ են հետաքրքրում: Քարոզչություն` հակաքարոզչության ճանապարհով. ահա մեծամասնության գերխնդիրը: Դիցուք, մեկին ինչ-որ գավառական հեռուստաալիք այնքան էլ սիրահոժար եթեր չի տրամադրել, և վերջինս վշտից այլևս ինքն իրեն զսպել չի կարողանում: Կարելի է, չէ՞, եթե մարդիկ ուրիշ այլ հնար չունեն, առանց ավելորդ գումար վատնելու, գավառական ալիքի պոտենցիալ լսարանին, այսինքն մի հիսուն մարդու մի ծառի մոտ ժամադրել ու նույն քարոզը առանց էկրանային պատնեշների կարդալ... Ասել է, թե վաղուց արդեն ակնհայտ է, որ խնդիրը զանգվածների հետ շփվելու մեծ ցանկությունը չէ: Նպատակը մի կաթիլ մեղրի պատմության կրկնությունն է ու գավառային հեռուստաընկերության չեղած պատմության տեղափոխումը հանրային հեռուստաընկերության ու ռադիոյի եթեր, հաջորդ օրվանից էլ` տպագիր մամուլ: Ահա թե որն է աղմուկ-աղաղակի բուն պատճառը, և շատ բնական է, որ ԱԺ-ից հեռարձակվող խորհրդարանական վերջին շոուից հետո իր պոպուլիզմով հայտնի քաղաքական ուժի տվյալ պահի երևակայական թշնամին` հետայդու գոնե առժամանակ հավանաբար դադարեցնելու ՀՀԿ-ի դեմ սև PR-ը: Եվ ստացվում է, որ ՀՀԿ-ն տվյալ դեպքում պատահական թիրախ էր: Ու շատ «բնական» է նման վերաբերմունքը: Եթե կարելի է այդքան իմիջիայլոց վարվել սեփական քաղաքական շահերը պաշտպանելուն կոչված Ընտրական օրենսգրքի հետ, ապա էլ ի՞նչ կարևորություն ունեն մրցակիցներն ու նրանց հեղինակությունը: «Հրաշագործ» գաղափարների անօգուտ փնտրտուք Որքան մոտենում են ընտրությունները, այնքան Հայաստանի քաղաքական դաշտի խճանկարը դառնում է է°լ ավելի խայտաբղետ, չշաղկապված, անհասկանալի և անկանխատեսելի` հեռանկարի առումով: Տարանջատ ու անկանոն, ըստ էության անբովանդակ թվացող տեղաշարժեր են կատարվում հիմնականում ընդդիմադիր ճամբարում: Այստեղ որևէ գաղափարի շուրջ համախմբման յուրաքանչյուր սաղմնավորվող գործընթաց, դեռ էվոլյուցիոն փուլը չավարտված, գունաթափվում է, հաջորդող գործողությունների շարունակականությունը ընդհատվում, առանցքային նպատակների իրագործման հնարավորությունը հայտնվում է փակուղում: Այսպես կոչված` հակակրիմինալ շարժման «գաղափարակիրները», հանդես գալով սպառնալից հայտարարություններով, թե հրապարակելու են իշխանական բուրգում գտնվող քրեականների անունները` խոստանալով ներկայացնել համապատասխան փաստեր և ապացույցներ, այդպես էլ խոսքը գործի չվերածեցին: Առհասարակ այս շարժումը էն գլխից դատապարտված էր ձախողման մի շատ պարզ պատճառով. բացի հանրությանը կրիմինալի մասին տեղեկություններ հաղորդելուց, այն կարծես ոչ մի ուրիշ գործառույթ իրականացնելու նպատակ ու ցանկություն չուներ: Պայմանականորեն ընդունենք, թե «հակակրիմինալիստները» իշխանավորների ինչ-որ անուններ տվեցին և որոշ ապացույցներ ներկայացրին: Հետո ի՞նչ են անելու: Ի՞նչ քայլեր են ձեռնարկելու: Դրանով սպառվելո՞ւ է իրենց գործունեության շրջանակը: Եթե նրանք իրենց քայլերի հաջորդականության վերաբերյալ քիչ թե շատ հստակ ծրագիր ունենային, անպայման տեղյակ կպահեին հասարակությանը: Հետևաբար, կարելի է պնդել, որ հակակրիմինալ կոչված շարժումն ինքն էլ գաղափար չունի, թե անուններ հրապարակելուց հետո ինչ կոնկրետ գործողություններ է իրականացնելու: Հենց այս իրողություններն էլ ստիպում են վերոնշյալ շարժումը համարել արհեստածին և ինքնանպատակ: Նույն ընդդիմադիր ճամբարի մեկ այլ թևում ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը և «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռնարկել են նույնքան անհեռանկար մեկ այլ շարժում. իրենց բնորոշմամբ` քաղաքացիական: Թե ինչու հայտնի քաղաքական ուժերի ղեկավարները որոշել են, որ իրենց այս ձեռնարկումը լինելու է ապաքաղաքական և ապակուսակցական, դժվար է տրամաբանական հիմնավորում գտնել: Չէ՞որ իրենք ոչ թե հասարակական կազմակերպությունների, այլ քաղաքական կուսակցությունների ղեկավարներ են, հետևաբար նրանց գործունեությունը պետք է որ ծավալվի քաղաքական դաշտում և իրագործվելիք նպատակներն էլ, բնականաբար, պետք է ունենան քաղաքական ուղղվածություն: Իհարկե, կարելի է ինչ-որ կերպ հասկանալ Վ. Մանուկյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին: Քաղաքականությունից լիուլի հոգնած ու զզված, թե° ընդդիմադիրներից, թե° իշխանավորներից հիասթափված ժողովրդին կուսակցական «նեղ» գաղափարներով առաջնորդելն այլևս անհնարին է: Հետևաբար, համազգային նպատակներ առաջ քաշելով, վերջիններս փորձում են հանրության մեջ արթնացնել 88-ի ոգին, երբ ժողովուրդը համախմբված էր ոչ թե կուսակցությունների, այլ ազգային վեհ գաղափարների շուրջ: Սակայն, որքան էլ զարմանալի ու ցավալի է, երկու փորձառու քաղաքական գործիչների գործելակերպում էլ նկատվում է առկա իրականության զգացողության կորուստ: 2006-ի բարոյահոգեբանական գաղջ մթնոլորտում սեփական ուժերի նկատմամբ հավատը կորցրած ժողովրդի մեջ 88-ի ոգին ներարկելը ոչ այլ ինչ է, քան դոնքիշո տություն: Այնպես որ, շարժումը համընդհանուր դարձնելու սին հավակնոտությամբ հանդերձ, խորքային բովանդակության և առանցքային նպատակի իրագործելիության հավանականության առումով պատրանքային է, սնանկ, անհեռանկարային: Համընդհանուր, համազգային գաղափարները, գոնե այսօրվա դրությամբ, հանրության համար վերացական են, անշոշափելի և ըստ այդմ բացառվում է, որ դրանք այնպիսի էֆեկտ ունենան, ինչպիսին 88-ին Արցախի հարցն էր: Ինչևէ: Կարծես վերոնշյալ շարժումները քիչ էին, վերջերս էլ ի հայտ եկավ նորը` «նախկինների» թեթև ձեռամբ ծնունդ առած «Այլընտրանքը»: ՀՀՇ-ից մասնակիորեն առանձնացած, իրենց նույն կուսակցության «ինտելեկտուալ» առավել գաղափարականացված թևի հավակնություններով մշտապես հանդես եկող «Արմատ» հասարակական կազմակերպությունը հիմա էլ փորձում է հանրությանը ներկայանալ որպես այսօրվա բոլոր քաղաքական ուժերի այընտրանք: Նման ամբիցիոզ կեցվածք ընդունելով, միաժամանակ «սխալ հանելով» և° ընդդիմությանը, և° իշխանական ու իշխանամետ ուժերին` «Արմատ»-ականներին միամտորեն թվում է, թե իրենք հեծանիվ են հայտնագործել: Այնինչ այդ «Այլընտրանք» կոչվածը նույն «երրորդ ուժ» հորջորջվածների նկրտումների շարունակողն է, պարզապես իր անվանումն է «մոդեռնացրել»: Ի վերջո, «Արմատ» հկ-ն Հայաստանի քաղաքական դաշտում լիբերալ արժեքների միակ կրողը չէ: Այլ ուժեր էլ կան, որոնց ռազմավարության հիմքում եվրաինտեգրման խորացումն է, արևմտամետ կողմնորոշումը, հնարավորինս շուտ Ռուսաստանից «պոկվելը» և ՆԱՏՕ-ի գիրկը նետվելը: Այս պարագայում ի՞նչ «այլընտրանքի» մասին կարող է խոսք լինել: Թե՞ «Արմատ»-ականները այլընտրանք են համարում 97-ին Լևոն Տեր-Պետրոսյանի գրած «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածի դրույթների վերակենդանացումը և վերասեփականաշնորհումը: Այսինքն, առաջնորդվում են «յուրաքանչյուր նորը լավ մոռացված հինն է» սկզբունքով: Ներկայացնելով ՀՀ քաղաքական դաշտում տիրող խառնափնթորությունը, որը կարելի է անվանել բազմակարծության «էվերեստ»` բառի հեգնական և ամենաբացասական իմաստով, հանգում ենք հետևյալ տխուր եզրակացությանը: Քանի որ հրապարակում եղած բոլոր գաղափարները ժողովրդի ընկալումներում խամրել են և կորցրել ոգևորիչ ուժը, քաղաքական դաշտի ողջ «սպեկտրը» զբաղված է «թարմ» գաղափարների փնտրտուքով: Սակայն «հրաշագործ» գաղափարների չգոյությունը վերջիններիս ստիպում է հնամաշ կամ ոչ պիտանի ծրագրերը միտումնավոր, գուցեև ինքնախաբեությամբ, որպես գյուտ ներկայացնել: Իսկապես անհեթեթ է «էվրիկա» բացականչելը, երբ «հայտնագործածդ» ընդամենը խոտան է:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ