ՁՄԵՌԸ ԵԿԱՎ...


Հայաստանի շատ բնակավայրերում արդեն իսկական ձմեռ է: Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու, Արագածոտնի, Շիրակի մարզերի շատ գյուղերում ձյուն է նստել, ճամփաները դարձել են վտանգավոր, դեռ հեռվից նկատելի են շատ տների ծխնելույզներից բարձրացող ծխի քուլաները… Մարզերում տիրապետող դարձած ձմեռային պատկերներն իրենց բանաստեղծական-գեղանկարչական գեղեցկութ յունների հետ տագնապներ են բերում քաղաքային բնակչությանը, անհանգստություններ պատճառում` մոտալուտ ձյան պատկերները դարձնում ահավոր ու անցանկալի: Այս ամենի գլխավոր պատճառը բնակարանները ջեռուցելու խնդիրն է, որը «դամոկլյան սրի» նման կախվում է մարդկանց կոկորդին, նրանց ստիպում նորից ու նորից հաշվարկներ անել: Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերից շատերի բնակիչների համար ջեռուցման հիմնական միջոցը գազն է, քանի որ դեռ ժամանակներ առաջ բոլորին հավատացնում էին, որ հենց գազն է լինելու ամենահասանելին և էժանը: Սակայն գազը դարձել է թանկարժեք վառելիք, շատերի համար` ոչ հասանելի` անգամ ոմանց ստիպելով վերադառնալ պապենական վառարաններին, դիմելու խնայողության` օրվա մեծ մասն անցկացնելով չջեռուցվող բնակարաններում: Մասնագետների տրամադրած հաշվարկները ցույց են տալիս, որ ձմռանն օրվա ընթացքում մեկ սենյականոց բնակարանում 18-200 ջերմաստիճան ապահովելու համար անհրաժեշտ է օրական ծախսել մինչև 1000 դրամի գազ` այսպես ամսական հաշվարկը մոտեցնելով 30 հազարի: Երկու և ավելի սենյականոց բնակարաններում ծախսը կազմում է ամսական 45-50 հազար դրամ: Սակայն մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ Երևանի բնակչության մոտ 70 տոկոսն օրական վառարանները միացնում է 4-5 ժամ` խուսափելով մեծ ծախսերից: «Հայռուսգազարդից» տեղեկացրեցին, որ 2008 թվականի համեմատությամբ` ձմռան ամիսներին գազի սպառման ծավալները կրճատվել են, իսկ մեծ թվով գյուղական բնակավայրերում առհասարակ հրաժարվել են գազի օգտագործումից: Բացասական տվյալներ ստացանք նաև Գյումրիից և Վանաձորից, որտեղ գազ սպառողների թվի աճ չի գրանցվել, իսկ եղել են դեպքեր, երբ օգտագործողները խնդրել են անջատել իրենց հաշվիչները: Բնականաբար, այստեղ գործ ունենք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների հետ, ակնհայտ են և´ սպառողների, և´ մատակարարողների արդարացումները: Գազ մատակարարողները շարունակում են սարսափի մեջ պահել հանրությանը` անընդհատ խոսելով այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է բարձրացնել գազի գինը, սպառողներն էլ այլ ելքեր չգտնելով` հրաժարվում են երկնագույն վառելիքից: Մատակարարող կազմակերպությունները հատկապես ձմռան ամիսներին բնակչությանը հրամցնում են որակապես վատ գազ, ինչի հետևանքով էլ մեծանում է ծախսի ծավալը` չնչին դարձնելով օգտակարության գործակիցը: Այսինքն, օգտվելով բնակչության անելանելի վիճակից` նրանք էլ իրենց օգուտներն են մեծացնում` այդպիսով առավել սրելով սոցիալական վիճակը: Մասնագետ ների հաշվարկներով` օգտագործվող գազի գինը շատ ավելի մատչելի կլինի, եթե բազմաբնակարան շենքերում անցնեն ջեռուցման լոկալ և կենտրոնացած սկզբունքին` յուրաքանչյուր մուտքի կամ մի քանի մուտքերի համար մշակելով լոկալ ջեռուցման համակարգեր: Այս դեպքում հնարավոր կլինի խնայել գազը, և ձմռան ընթացքում մեկ սենյականոց բնակարանի միայն ջեռուցման ծախսը հասցնել 5-6 հազար դրամի: Երկու և ավելի սենյականոց բնակարանների ծախսն էլ չի անցնի 8 հազար դրամից: Սրանք մասնագիտական հաշվարկներ են, որոնք կատարվել են բարեխղճորեն և թույլատրելի են համարել որոշակի գերածախսը: Ուրեմն, ժամանակն է, որպեսզի համատիրություններն ու տեղական ինքնակառավարման մարմինները լրջորեն քննարկեն այս հարցը և լուծումներ որոնեն: Լոկալ-կենտ րոնացված ջեռուցման համակարգերի պարագայում հնարավոր կլինի դիմել այլընտրանքային վառելանյութերի, օգտագործել Հայաստանում արդյունահանվող քարածուխ, տորֆ և այլն: Ոմանք առաջարկում են նաև կենսագազի օգտագործումը, քանզի մեր երկրում առաջին փորձերն արդեն հաջողությամբ են պսակվել:

Մ. ԼԵՎՈՆՅԱՆ