ԱՄԿ-ն կվերադառնա` այս անգամ ազատ Հայաստանի համար


Անցած շաբաթ հեռուստատեսությամբ ցուցադրված` հանրությանը հայտնի ազգային և քաղաքական գործիչ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԻ մամուլի ասուլիսը քաղաքական շրջանակներում ու Հայրիկյանին քիչ թե շատ ճանաչողների շրջանում զարմանք առաջացրեց: Պատճառը սխալ տեղեկատվությունն էր, ինչին էլ անդրադարձանք Պ. Հայրիկյանի հետ հարցազրույցում: - Վերջերս Ձեր արած հայտարարությունը շատերին է զարմացրել: Դուք իսկապե՞ս մտադիր եք սառեցնել ԱԻՄ-ը և անդամագրվել Հանրապետականին: - Ես այդպիսի բան չեմ ասել: Բարեբախտաբար` այդ ասուլիսն ամբողջությամբ տեսագրված է: Ասուլիսում հիշեցվել է, որ արդեն մի քանի ամիս է` ԱԻՄ-ը բոլոր կուսակցություններին ուղարկել է Հայաստանը կատարյալ ժողովրդավարական երկիր դարձնելու մեր նախագիծը, ինչպես նաև այդ ուղղությամբ համատեղ աշխատելու առաջարկը: Բոլոր կուսակցություններն այս կամ այն կերպ արձագանքել են, սակայն այդ արձագանքներում նկատվում է վախվորածություն և ժամանակ ձգելու ցանկություն: Դրանից ելնելով, ես ներկայացրել եմ տարբեր կուսակցությունների դիրքորոշումները և մի փոքր մեկնաբանելով մամուլում հայտնված կարծիքները, ավելացրել եմ, որ մենք չենք պատրաստվում անվերջ սպասել արձագանքի. մենք ունենք նաև մեր հետագա քայլերը: Եվ ԱԻՄ-ի ներկայացուցիչների խորհրդի ծրագրի հերթական քայլի մասին առաջին անգամ բարձրաձայնել եմ դեռևս գարնանը: Տեսնելով որևէ ժողովրդի համար ամենակարևոր հարցի` ժողովրդավարության նկատմամբ առկա անտարբերությունը, դա համարելու ենք վկայություն և ապացույց այն բանի, որ Հայաստանի քաղաքական կուսակցությունները կամ գրեթե բոլորը ստեղծված են որպես քաղաքականության մեջ բիզնեսով զբաղվող միավորներ: Եվ այդ պատճառով մենք իրավունք ունենք ազդարարելու, որ ժողովրդավարության համար անհրաժեշտ կուսակցական համակարգը Հայաստանում, փաստորեն, գոյություն չունի: Պետք է արձանագրենք նաև, որ կուսակցություններ ստեղծելու իր ծրագրում ԱԻՄ-ը հաջողության չի հասել, և որպես հաջորդ քայլ, ժամանակավորապես սառեցնելու ենք ԱԻՄ գործունեությունը ու վերականգնելու ենք Ազգային Միացյալ կուսակցությունը: Այսինքն` այն մայր կազմակերպությունը, որը լինելով նաև ԽՍՀՄ-ում կոմկուսին զուգահեռ գործող միակ այլընտրանքային քաղաքական կազմակերպությունը, նպատակ էր դրել մասնավորապես Հայաստանում հասնել անկախության և ազատության: Քանի որ անկախության նպատակն ինչ-որ չափով իրականություն է դարձել, իսկ ժողովրդավարությունը` ոչ, ուրեմն` մնում է վերադառնալ ԱՄԿ-ին` նրա հարուստ ծրագրային ու կանոնադրային ժառանգությամբ, և զրոյից սկսել: Տարբերությունն այն է, որ եթե մենք այս փուլում ծրագրում էինք աշխատել կուսակցությունների հետ, ապա վերադառնալով ԱՄԿ-ին, ստեղծել վերկուսակցական քաղաքացիական միավորում, վերականգնել այն, ինչ անցյալում եղել է` նույն սկզբունքներով: Այսինքն, նրան կարող են անդամակցել բոլոր հայերն` անկախ իրենց սեռային, տարիքային, մասնագիտական ու նաև կուսակցական պատկանելությունից և շատ որոշակի պայքարել ժողովրդավարության համար: Այն է` առաջիկա խորհրդարանական ընտրություններում վաստակել ձայների մեծամասնություն և Հայաստանում կյանքի կոչել կատարյալ ժողովրդավարական մոդելը: - Այդ դեպքում այն, ինչը հնչել է եթերում, արդյո՞ք կարելի է համարել լրագրողական վրիպում, թե՞ դրանում Դուք միտում եք տեսնում: - Եթե լիներ մեկ, նույնիսկ երկու այդպիսի թյուր ընկալում, ես կմտածեի, որ երիտասարդ լրագրողուհիները սխալվել են: Բայց քանի որ ավելին էր, քան սովորաբար պատահում է թյուրիմացությունների դեպքում, ստիպված եմ մտածել, որ միտում կար: Թե ո՞ւմ էր դա ձեռնտու կամ օգտակար` ինձ անհասկանալի է: Բայց երբ ինձ զանգահարում և ճշտելուց հետո էլ շարունակում են այնպիսի ոգով լրատվություն հեռարձակել, որից հետևում է, թե մենք արդեն որոշակի դիրքորոշում ունենք, որ ԱԻՄ-ը պետք է սառեցվի, և արդեն հայտարարում ենք, թե աջակցելու ենք Հանրապետականին… Ավելին, հետո էլ դրան զուգահեռ տեսնում եմ տարբեր` և´ դրական, և´ բացասական կարծիքներ, ինձնից անկախ արձանագրում եմ, որ ինչ-որ մարդկանց սա պետք է: Իմ մոտ դա միայն ծիծաղ է առաջացնում: Բացարձակապես ոչ մի անհանգստություն, որովհետև մեր քայլերը շատ հստակ որոշված են, դրանք պայմանավորված չեն արտաքին դրսևորումներով, մենք ծրագիր ենք ներկայացրել և ըստ այդ ծրագրի պետք է շարունակենք մեր գործունեությունը: - Այսինքն, Դուք կատարվածը համարում եք նախընտրական պայքարի դրսևորո՞ւմ, կամ տեղավորում եք նախընտրական քաղաքական պայքարի տրամաբանության շրջանակներո՞ւմ: - Իհարկե, այս օրերին քաղաքական դաշտում կատարվող երևույթների առանցքում ընտրություններն են, և դրանց հետ կապված մտահոգությունները` քաղաքականությունը զբաղմունք դարձրած բոլոր մարդկանց համար: Բայց մասնավոր դեպքի մասին եթե խոսելու լինենք, նախ նշենք` ԱՄԿ-ականը շատ որոշակի հասկացություն էր, և այնքան էլ հեշտ չի դրա շուրջ շահարկումներ կատարել: Այնուամենայնիվ, ինձ զարմացրեց այն, որ այդ մարդկանց մի զգալի մասը սկսեց հանդես գալ հայտարարություններով: Բոլոր ժամանակներում և այսօր էլ ինձ համար կարևորն այն է, որպեսզի ցանկացած հայ, անկախ կուսակցական պատկանելությունից, հասկանա, որ մեր գլխավոր խնդիրը երկիրը ժողովրդի սեփականությունը դարձնելն է, քաղաքացուն երկրի տեր դարձնելն է: Իսկ դա պետք է արվի համակարգային փոփոխություններով: - Դուք ասում եք, որ այսօր կուսակցությունները քաղաքականության մեջ բիզնեսով զբաղվող միավորների են վերածվել, միևնույն ժամանակ անհրաժեշտություն եք համարում երկրում համակարգային փոփոխությունները, քաղաքացուն երկրի տեր դարձնելը: Ի՞նչ եք կարծում, բիզնեսով զբաղվող Ձեր ասած միավորներն այդ քայլին կգնա՞ն: - Մեր առաջարկի նկատմամբ իրենց վերաբերմունքով, իրենց պատասխանով նրանք ցույց կտան, թե որ որակին են իրենք համապատասխանում: Մեր առաջարկը լակմուսի թղթի պես մի բան է: Յուրաքանչյուր կուսակցություն իր արձագանքով ցույց է տալու, թե իր համար ինչն է իրական արժեքը: Արդեն մենք տրամադրված ենք այն իրողությանը, որ բարենպաստ միջավայրում չենք և դրանից ելնելով, արդեն հանձնառել ենք, որ շատ մոտ ապագայում մեր քաղաքական միջավայրում նոր երևույթ ասպարեզ իջնի: Կստեղծվի վերկուսակցական քաղաքացիական միավորում: Նման փորձեր արդեն արվել են, ես չեմ ուրանա: Օրինակ, «Սարդարապատ» շարժումն այդ որակի նախաձեռնությամբ է հանդես եկել: Տարբերությունն այն է, ասպարեզ իջնող ուժը մեր դեպքում ոչ միայն իր անունով, այլ նաև իր կորիզով ճանապարհ անցած միավոր է և հայ իրականության մեջ բացառիկ` այն իմաստով, որ մենք ունեցել ենք նաև դասական կուսակցություններ: Բայց պատմական իրողություն է, որ նրանցից որևէ մեկը որևէ փուլում մեր ժողովրդին որևէ ռազմավարական հաջողության հասցնել չի կարողացել: Մեր իրականության մեջ մեկ անգամ հայ ազգն ունեցել է կազմակերպություն, որը ռազմավարական ծրագիր է մշակել. անկախություն` հանրաքվեի ճանապարհով: Այդ ծրագիրը դարձել է ժողովրդի սեփականությունը: Հիմա այդ նույն կազմակերպությունն իր նույն ղեկավարությամբ, նույն սկզբունքներով, նաև նույն ծրագրային բազմաթիվ դրույթներով կվերադառնա: Մենք դեռ երկու շաբաթ ունենք կուսակցությունների վերջնական պատասխանը լսելու համար: Այդ նույն կազմակերպությունը կվերադառնա, բայց այս անգամ ժողովրդավարական, այսինքն` ազատ Հայաստանի համար:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ