Տողում արշալույսները խաղաղ են բացվում


20 տարի առաջ` հոկտեմբերի 30¬ը նշանավորվեց մեծ հաղթանակով, որը դարձավ Արցախյան գոյապայքարի տարեգրության հերոսական էջերից մեկը: Նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը` Արկադի Տեր¬ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հրամանատարությամբ, փայլուն ռազմագործողության շնորհիվ թշնամուց ազատագրեցին Հադրութի շրջանի Տող գյուղը: Չափազանց կարևոր նշանակություն ունեցող այս հաղթանակը սկիզբն էր, հիմքը` հետագա մեծ նվաճումների: Տողասարի լանջին ծվարած այս գյուղը պատմությանը հայտնի է իր հերոսական անցյալով: Դեռ 9¬րդ դարում` արաբական արշավանքների շրջանում, երբ հրո ճարակ էին դառնում բազմաթիվ բնակավայրեր, զորավար Բուղան շուրջ 28 անգամ հարձակվել է Տողի վրա, սակայն նրան չի հաջողվել խոնարհեցնել աննկուն տողեցիների բնակավայրը: Բերդաքաղաքը մնացել է կանգուն ու անառիկ: 17¬րդ դարում այն եղել է Դիզակի մելիքանիստ ավանը: Հնագույն աղբյուրների վկայությամբ` այստեղ ապրել են խիզախ և ըմբոստ քաջորդիներ, ովքեր երբեք չեն ընկճվել, դարձել են թշնամու ահ ու սարսափը: Պատահական չէ, որ անցյալում գյուղը կրել է «Վախ» անվանումը, ապա դարերի ընթացքում վերափոխվել Տողի: Նույն ոգով, աննկուն կամքով ու վճռականությամբ ոտքի կանգնեցին տողեցիները նաև Արցախյան գոյապայքարի ժամանակ, զենք վերցրին` հանուն Արցախի ազատության և խաղաղ երկնքի: Շուրջ 1500 բնակիչ ունեցող գյուղում ապրում էին հայեր և ադրբեջանցիներ: Օրեցօր անխուսափելի էին դառնում դրկիցների միջև բախումներն ու ծեծկռտուքները, կողք¬կողքի ապրելն այլևս անհնարին էր: Լարվածությունը գագաթնակետին հասավ 1991¬ի հոկտեմբերի 16¬ի լույս 17¬ի գիշերը, երբ ադրբեջանցի ելուզակները գազանաբար սպանեցին մի ընտանիքի բոլոր անդամներին: Հաջողվեց թաքցնել միայն 3 տարեկան երեխային: Նույն գիշերը բարբարոսները վառեցին ևս մի տուն: Այս վայրագություններն օր առաջ կանխելը դարձել էր հրատապ պահանջ: Տողի ազատագրման մասին մանրամասներ է ներկայացնում գեներալ¬մայոր Արկադի ՏԵՐ¬Թադևոսյանը` լեգենդար Կոմանդոսը, ով գլխավորում էր ռազմագործողությունը. - Գյուղի ադրբեջանցի և հայ բնակչությանը միայն մի գետակ էր բաժանում: Հայկական հատվածը հսկում և պաշտպանում էր մի ոստիկան միայն` Էդիկ անունով: Բաքվից ժամանել և իրենց հետ զենք էին բերել շուրջ 25 օմոնականներ, ովքեր գյուղի բնակիչներից զինեցին ևս 25 հոգու: Մոսկվայի հրամանով, որպեսզի այստեղ զինված բախում չլինի, տեղակայվել էր նաև ռուսական զորքը` շուրջ 200 զինվոր: Նրանք նախընտրում էին չեզոքություն պահպանել և չմիջամտել: Քանի որ ադրբեջանցիներն ունեին շուրջ 50 զինված մարդիկ, օրեցօր հաճախակի էին դառնում կողոպուտը, սպանությունները, հարձակումներն ու թալանը: Ադրբեջանցիների նպատակը գյուղի հայ բնակչությանը մեկընդմիշտ վտարելն էր: Հադրութի շրջանի մի շարք գյուղեր արդեն հայաթափել էին և աչք էին դրել նաև Տողի վրա: Իրավիճակը լարվեց հատկապես Դանիելյանների ընտանիքի անդամներին դաժանաբար սպանելուց հետո: Ռուս զինվորները ևս անհանգիստ էին, սակայն ոչնչով չէին կարող օգնել: Հապաղելը կարող էր ողբերգական հետևանքներ ունենալ: Անմիջապես Ղարաբաղի ողջ տարածքից կամավորականներ եկան: Յուրաքանչյուր ջոկատ ստացավ իր առաջադրանքը: Բոլոր 11 հրամանատարներն հստակ գիտեին իրենց առջև դրված խնդիրները: Մեր նպատակն էր ազատագրել գյուղը, հեռացնել ադրբեջանցիներին, ովքեր այդպես գազանաբար վարվեցին հայերի հետ: Հոկտեմբերի 30¬ին, ժամը 17.00¬ին սկսվեց ռազմագործողությունը: Գիշերը հաջողվեց ազատագրել գյուղը: Հաղթանակն անհրաժեշտություն էր… Այն նվաճվեց հրամանատարի փորձի, հմտության, մեր ազատամարտիկների անձնազոհության շնորհիվ: - Առաջին անգամ այստեղ համախմբվեց մեր տղաների ուժը, ամրապնդվեց մարտական ոգին: Եկել էին այնպիսի ժամանակներ, երբ հակառակորդը նպատակադրվել էր ոչնչացնել, ջախջախել մեզ: Երկրորդ ցեղասպանություն էր լինելու: Այս մեծ վտանգը և պայքարի անհրաժեշտությունը շատ լավ էին գիտակցում մեր ազատամարտիկները: Եվ այս գիտակցումով նրանք զենք վերցրին և գնացին մահին ընդառաջ: Սակայն հզոր ոգին պետք է լրացվեր նաև ռազմական գիտելիքներով: Անհրաժեշտ էր իմանալ ինչպես պետք է գործել մարտի դաշտում: Առաջին անգամ կազմեցինք ռազմագործողութ յան պլան: Յուրաքանչյուր հրամանատար ստացավ իր առաջադրանքը: Կամավորական ջոկատներից ստեղծեցինք զինվորական ստորաբաժանումներ: Սա, կարելի է ասել, դարձավ Պաշտպանության բանակի կազմավորման հիմնաքարերից մեկը: Մեծ է նշանակությունը նաև այն առումով, որ մենք կարողացանք գնահատականներ տալ, վերլուծել մեր թերությունները` հետագայում դրանցից խուսափելու համար: Այստեղ մեկ անգամ ևս կիրառվեց այն փորձը, որ պետք է հնարավորինս խուսափել ճակատային հարձակումներից, անակնկալի բերել թշնամուն, շփոթեցնել ու խուճապահար անել: Թշնամին պետք է մտածի, որ բոլոր կողմերից շրջափակված է: Մենք կիսաշրջափակեցինք նրանց` թողնելով նաև միջանցք: Հետագայում բոլոր գործողությունները` հաշվի առնելով նաև նախորդների փորձը, ավելի ու ավելի ընդլայնվեցին: Այս ռազմագործողությունը Արցախյան ազատամարտի սկիզբն էր,¬ շարունակում է գեներալ¬մայորը: Այս հաղթանակը նաև Տողի նոր տարեգրության սկիզբն էր: Այստեղ արշալույսները խաղաղ են բացվում, և յուրաքանչյուր տարի մեծ շուքով նշվում է գյուղի ազատագրության օրը: Տողում հնուց պահպանված մի ավանդույթ է եղել, որը վերահաստատում է ազատատենչ տողեցիների կամքը: Ասում են` վաղ անցյալից պատերազմ մեկնող յուրաքանչյուր տղայի պատվին այստեղ ծառ են տնկել: Ժամանակի ընթացքում Տողասարի` երբեմնի քարքարոտ լանջը վերածվել է կանաչ այգու:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ