1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Ֆինանսների պակասը գործադիրին ստիպել է նյութական աջակցության այլ եղանակներով օգնել անտառամերձ բնակավայրերի ազգաբնակչությանը: Անտառային թափուկի կամ այլ կերպ ասած` ծառահատումներից առաջացած մնացորդների, մեկ խորանարդը մինչև հիմա 1.200 դրամով էր տեղացիներին վաճառվում. այսուհետև այն անվճար է բաշխվելու: Հավաստիացվում է, որ խոսքը մոտ 60 հազար ընտանիքների մասին է, իսկ մեր երկրի քարտեզի հպանցիկ դիտարկումն անգամ վկայում է, որ նշված բնակավայրերը մեծամասամբ նաև սահմանամերձ են: Պատկերացնելու համար, թե վեց տասնյակ հազար ընտանիքները որքան գումար են խնայելու, հարկ է նշված թիվը բազմապատկել մոտավորապես վեցով: Դեռևս փայտե վառարան օգտագործողները տարվա այս հատվածում ձմռան համար հենց այդքան վառելափայտ են պաշարած լինում: Ներկայացվող թվերը, ինչպես նաև գործադիրի նախաձեռնությունը վկայում են, որ գազի գինը հետզհետե ավելի ու ավելի անմատչելի է դառնում, ու մարդիկ ստիպված են ապավինել ջեռուցման ավանդական եղանակներին: Դժվար չէ նաև հաշվելը, որ այնքան գումար, որքան սահմանամերձ բնակավայրերում մինչև հիմա հատկացվել է ձմեռային ամիսներին բնակարանների ջեռուցման նպատակին, երկնագույն վառելիք սպառելու դեպքում հնարավոր կլիներ առավելագույնը մեկ շաբաթվա ջերմության հարց լուծել: Ձրի վառելափայտ բաշխելը, սակայն, մեկ այլ անցանկալի իրողության մասին է վկայում. փաստորեն այսօր էլ են շարունակվում անհաշվելի թվով ծառեր հատվել, քանի որ այլ կերպ թափուկ ասվածը չի կարող առաջանալ: Միգուցե բնակչությանը տրամադրվելիք ցախի պաշարներն ամբողջ տարվա ընթացքում հատված ծառերի կտորտանքը կուտակելու հաշվի՞ն են առաջացել... Իհարկե, չի բացառվում, որ անտառամերձ շրջանների բնակչությանը հաճելի անակնկալ մատուցելու ծրագիրն ավելի վաղ է հասունացած եղել, ու գործադիրը միայն ձմեռային սեզոնի մեկնարկից առաջ է անվճար թափուկ ստանալու հնարավորության մասին տեղեկացնում: Ամեն դեպքում բնապահպանների արձագանքը թերևս չի ուշանա և հավանական է, որ հատված ծառերի գոնե մոտավոր քանակի մասին պատկերացում կազմելու հնարավորություն տա` փոքրիշատե հստակեցնելով` մարդկա՞նց շահածն է ավելին, թե՞ բնության կորուստները: