Թմրաբիզնեսը խեղդում է Ադրբեջանը. նորից մեղավոր է Ղարաբաղը


Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկած` թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը նվիրված միջազգային համաժողովին Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրի պարագլուխ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, մեկը մյուսի հետևից համաժողովի օտարերկրյա մասնակիցների ուշադրությանն էին հրավիրում և փորձում վերջիններին ներշնչել «օկուպաց ված» Լեռնային Ղարաբաղում թմրամիջոցների բիզնեսի ծաղկման «փաստ»-ով: Շեշտում էին, թե «ադրբեջանական հողերի օկուպացիան պայմաններ է ստեղծում թմրաբիզնեսի և միջազգային ահաբեկչության համար»: Զարմանալի կլիներ, եթե այս համաժողովին ևս Ադրբեջանի պաշտոնյաները չխոսեին Լեռնային Ղարաբաղի մասին և միջազգային հանրությանը կոչ չանեին` որևէ կերպ ազդելու պաշտոնական Ստեփանակերտի վրա: Դեռևս չի արձանագրվել որևէ դեպք, որն առիթ տա միջազգային հանրությանը (բացառությամբ մեր արևելյան հարևանների) քննադատելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանութ յուններին կամ նույնիսկ մտածելու այն մասին, որ այն ներքաշված է թմրամիջոցների ապօրինի արտադրության կամ շրջանառության գործընթացում: Նույնիսկ հենց նրանք` ադրբեջանցիները, բացի օդի մեջ խոսելուց, չեն կարող ներկայացնել ԼՂՀ-ում գրանցված որևէ նմանատիպ դեպք: Ունենալով ուղղակի կապ միմիայն Հայաստանի Հանրապետության հետ` Արցախը փաստորեն գտնվում է տարածաշրջանում հանցավոր բիզնեսի համար ամենաաննպաստ դիրքում, և որպես տրանզիտային պետություն հետաքրքություն չի ներկայացնում հանցավոր աշխարհի համար: Բացի այդ, ԼՂՀ-ում գործում են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, և եթե արձանագրվեին նմանատիպ դեպքեր, անկասկած դրանք իրենց արտացոլումը կգտնեին վերջիններիս հաշվետությունների մեջ: Պարզից էլ պարզ է, որ նմանաբնույթ հայտարարություններով ադրբեջանցիները ոչ միայն փորձում են վարկաբեկել Ղարաբաղի իշխանություններին և «քար նետել» ԼՂՀ անբասիր հեղինակության վրա, այլև այդ ճանապարհով փորձեր են կատարում ճնշումներ գործադրել ԼՂՀ իշխանությունների վրա: Ահա այսպես, ելույթ ունենալով համաժողովի մասնակիցների առջև` Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Հալաֆ Հալաֆովը հայտարարել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն միջազգային առաքելություն ուղարկվի` ԼՂՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հետաքննություն անցկացնելու համար: Ընդ որում, ըստ Հալաֆովի` հետաքննությունը պետք է անցկացվի միմիայն պաշտոնական Բաքվի համաձայնությամբ: Կարելի է եզրակացնել, որ Բաքուն, գիտակցելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացների ու զարգացումների վրա ազդելու և դրանցում մասնակցելու իր անկարողության փաստը, փորձում է այս կերպ միջամտել ԼՂՀ ներքին զարգացումներին: Կասկածից վեր է, որ Ադրբեջանի նմանատիպ իղձերը դատապարտված են անհաջողության և երբեք ի կատար չեն ածվի: Մինչդեռ Ադրբեջանի անունը բազմիցս հիշատակվում է միջազգային հայտնի կազմակերպությունների և աշխարհում մեծ հեղինակություն ունեցող պետությունների կողմից հրապարակած` թմրանյութերի ապօրինի շրջանառությանը վերաբերող հաշվետվություններում: Ահա այսպես. ՄԱԿ-ի թմրանյութերի դեմ պայքարի վարչության տարեկան հաշվետվության մեջ նշվում է, որ այնպիսի կոռումպաց ված պետությունում, ինչպիսին Ադրբեջանն է, թմրանյութերի դեմ պայքարն անարդյունավետ է: Այստեղ Ադրբեջանը նշվում է որպես թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային Բալկանյան ուղու» առանցքային պետություն և որ Ադրբեջանով անցնում է ամբողջ աշխարհում գրանցվող թմրանյութերի ապօրինի շրջանառության ծավալի 7%-ը: Ադրբեջանցիները հավանաբար մոռացել են ԱՄՆ պետդեպարտամենտի «2010 թվականի թմրանյութերի տարածման վերահսկողության միջազգային ռազմավարություն» հաշվետվությունը, որի համաձայն` Ադրբեջանը համարվում է Աֆղանստանից և Միջին Ասիայից Արևմտյան Եվրոպա, Իրանից Ռուսաստան և Արևմտյան Եվրոպա թմրանյութերի փոխադրման տարանցիկ գոտի: Այսպիսով, լինելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարավ-հյուսիս (Աֆղանստան-Իրան-Ադրբեջան-Ռուսաստան) և արևելք-արևմուտք (Աֆղանստան-Իրան-Ադրբեջան-Վրաստան-Եվրոպա, ինչպես նաև Աֆղանստան-Կենտրոնական Ասիա-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Եվրոպա) թմրանյութերի շրջանառության խոշորագույն ճանապարհների առանցքային տարանցիկ պետություն` Ադրբեջանն այդպիսի հայտարարություններով փորձում է կոծկել վերջին մի քանի տարիների ընթացքում սեփական երկրում արձանագրված թմրամիջոցների բիզնեսի ողբերգական աճը: Հետաքրքիր է, որ թմրամիջոցների շրջանառության ողբերգական աճի մասին են վկայում նաև հենց նրանք` Ադրբեջանի իշխանությունները: Այսպես, համաժողովում փոխվարչապետ Ալի Հասանովի հրապարակված տվյալների համաձայն` Ադրբեջանում վերջին 3 տարիների ընթացքում հերոինի ապօրինի շրջանառությունն աճել է 1,9 անգամ: Անհանգստացնող է նաև երկրում գրանցված թմրամոլների քանակը. 2010 թվականի դրությամբ այնտեղ գրանցվել է 25489 թմրամոլ: 2010 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը հայտարարել էր, որ Աֆղանստանում ապօրինաբար արտադրվող թմրանյութերի 35%-ը փոխադրվում են Ադրբեջանի տարածքով: Ստեղծված ֆոնի վրա զարմանալի չէ, որ թմրաբիզնեսի մեջ ներգրավված են նաև ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները: Այսպես, Սումգայիթի և Կյուրդամիրի նախկին ոստիկանապետ Մեհդի Գումբաթովը նախկինում պաշտոնից հեռացվել էր և ձերբակալվել` իր բնակության վայր Ջամիլլի գյուղում թմրանյութերի պլանտացիա ունենալու և այդ պլանտացիան բացահայտած Ադրբեջանի ոստիկանության Թարթառի շրջանի օպեր-լիազոր Զաբիլ Իսմայլովի սպանությունը կազմակերպելու համար: Սակայն 2010 թվականի փետրվարին Ադրբեջանի ներքին գործերի նախարարի հրամանով նա նշանակվել է Բաքվի Ոստիկանության կենտրոնական վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնում: Ինչպիսի՞ պայմաններում և ի՞նչ հիմքերով է կարճվել Գումբաթովի նկատմամբ հարուցված քրեական գործը` չի նշվում: Միայն հայտնի է, որ 2010-ի փետրվարից այդ երկրի մայրաքաղաքի ոստիկանության քրեական հետախուզությունը համակարգում է թմրաբարոն մարդասպանը: Ադրբեջանի տարածքով թմրանյութերի փոխադրմանը և այդ գործընթացների մեջ պետության բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությանն է անդրադարձել նաև Wikileaks-ը: Ադրբեջանում Ամերիկայի արդեն նախկին դեսպան Էնն Դերսիի` ԱՄՆ պետքարտուղարությանը ուղարկած գաղտնի գրությունում նշել է, որ թմրամիջոցները դեպի Եվրոպա փոխադրվում են ոչ թե «անկառավարելի» ԼՂՀ տարածքով, այլ միմիայն իրանաադրբեջանական սահմանով, որը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո: Գրության մեջ դեսպանն իր զարմանքն է հայտնում` տալով հետևյալ հռետորական հարցը. - Եթե պաշտոնական Բաքուն տասնյակ միլիոն եվրո գնահատվող այդ գործարքներից չունի շահույթ, ապա ինչո՞ւ համապատասխան քայլեր չի ձեռնարկում: Փաստորեն նման հարցադրումով ԱՄՆ դեսպանը համոզմունք է հայտնում, որ թմրամիջոցների փոխադրումը հովանավորվում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Չի բացառվում, որ այդ պաշտոնյաները ոչ միայն զբաղվում են թմրաբիզնեսով, այլև իրենք են թմրամիջոցներ օգտագործում և կախվածություն ունեն վերջիններից: Վերոհիշյալից կարելի է եզրակացնել, որ քաջ գիտակցելով երկրում տիրող բարձիթողի վիճակը և չկարողանալով զսպել «ձեռնտու սև բիզնես»-ից ստացվող տասնյակ, իսկ միգուցե նաև հարյուրավոր միլիոն դոլարի գումարների ծարավը` ադրբեջանցի պաշտոնյաները հերթական անգամ փորձում են քաղաքականացնել ստեղծված իրավիճակը և ամեն ինչ բացատրում են Ղարաբաղյան հիմնախնդրով: Ի դեպ, զավեշտալի կլինի, եթե մի օր պարզվի, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց ռազմատենչ հայտարարությունները կատարում են հերոինի ազդեցության տակ` չգիտակցելով դրանց բովանդակության լրջությունը և չզգալով պատժված լինելու ու սեփական պետությունը կործանման եզրին կանգնեցնելու մտավախությունը:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ