Մոռացված  ժամացույցի ահազանգը 


 

(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 77-79-ում)

ԱՍՊԵՏ - (Զարմացած) Ինձ խելագարի տե՞ղ է նա դրել, թե ձեռք է առնում:

ԴԵՍՊԱՆ - Ո´չ մեկը և ո´չ մյուսը, իշխան:

ԱՍՊԵՏ - Նշանակում է` ինքն է ցնորվել:

ԴԵՍՊԱՆ - Վայել չէ, ասպետ...

ԱՍՊԵՏ - Իսկ ինչպե՞ս է նա պատկերացնում. պաշարված բերդից ես իրեն սիրո ողջույն եմ հղում ու սե՞ր խոստանում: Կամ գուցե սիրո երդո՞ւմ եմ տալիս:

ԴԵՍՊԱՆ - Բայց չէ՞ որ, իշխան, դո´ւ առաջինը սուր բարձրացրիր: Եվ ի՞նչ ես կարծում. մի՞թե կարող էր նա քեզ սեր հղել որպես պատվազուրկ եղած մի աղջիկ:

ԱՍՊԵՏ - Ինքդ ասացիր, որ նա ինձ ողջույն ու սեր է հղել:

ԴԵՍՊԱՆ - Այո´: Բայց ոչ թե որպես օրիորդ անարգված, այլ իշխանուհի: Զորքերն էլ միայն հավաստումն են սրա: Նա ընդամենը խոսում է քեզ հետ, հավասարն ինչպես հավասարի հետ:

ԱՍՊԵՏ - Նա եկել և իմ բերդն է պաշարել:

ԴԵՍՊԱՆ - Իբրև պատասխան:

ԱՍՊԵՏ - Իսկ եթե մերժե՞մ:

ԴԵՍՊԱՆ - Իշխան, տիրուհին խնդրել է քեզ իր սերը հաղորդել...

ԱՍՊԵՏ - Շամիրամի´ պես:

ԴԵՍՊԱՆ - Բնա´վ: Ո´չ, ասպետ:

ԱՍՊԵՏ - Չպատասխանեցիր իմ հարցին, դեսպան: Եթե չընդունե՞մ իր առաջարկը:

ԴԵՍՊԱՆ - Ես կհաղորդեմ քո պատասխանը:

ԱՍՊԵՏ - Ուրեմն հայտնի´ր քո իշխանուհուն, որ իմ մտքով էլ չի անցնում կնքել սիրո դաշնագիր: Որ այն, ինչ եղավ, անցած է անդարձ: Որ սերը... Սերը այսպես չեն հղում:

ԴԵՍՊԱՆ - Կհաղորդեմ, ասպետ, խոսքդ բառ առ բառ: (Գլուխ խոնարհելով` հեռանում է):

ՍԻՐԱԿ - Իշխան, բայց չէ՞ որ այն, ինչ եղել է, անցած չէ բնավ: Ինչո՞ւ դու տվիր նման պատասխան: Մի՞թե չէր լինի, որ դադարեցներ նա պաշարումը, և դուք հաշտվեիք:

ԱՍՊԵՏ - Ես դա փորձելու համար ասացի:

ՍԻՐԱԿ - Ի՞նչը փորձելու:

ԱՍՊԵՏ - Եթե նա սեր է ուզում իսկապես, և այս քայլը լոկ պատասխան է ինձ, իր զորքերը հետ իսկույն կտանի: Իսկ թե ոչ, Սիրակ, կնշանակի, որ նա եկել է իրոք գերելու: Թեկուզ և` սիրո´ համար գերելու:

ՍԻՐԱԿ - (Վերև նայելով) Ո՞վ կսպասեր, Տեր իմ, այս ի՞նչ դուրս եկավ...

Մի պահ տիրում է լռություն: Քիչ անց հեռվից լսվում է գրոհի նետված զինվորների աղմուկ:

Արեգն ու Սիրակը գնում են:

Լույսերն աստիճանաբար մարում են և վառվում բավական ուշ:

Բեմում են Իշխանուհին, Նանեն, Գոռոզությունը, Հրապուրանքը, Սեթևեթանքն ու Կախարդանքը: Նրանցից յուրաքանչյուրն զբաղված է իրեն բնորոշ ինչ-որ գործով:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Նանեին) Այսօր չորրո՞րդ օրն է, որ պաշարել ենք:

ՆԱՆԵ - Երրորդ, օրիորդ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Ինչ-որ բան մտորելով) Հավանաբար դեռ շուտ է:

ՆԱՆԵ - Ինչի՞ համար:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ընդհատելու: (Տիրում է լռություն: Ժամացույցը ութ անգամ զարկում է):

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ - Արդեն ժամը ութն է:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Ժամացույցին նայելով) Ամսի քանի՞սն է, այսօր, Նանե:

ՆԱՆԵ - Տասներկուսն է, օրիորդ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Անակնկալից վեր է թռչում): Տասներկո՞ւսը:

ՆԱՆԵ - Այո, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Սարսափահար) Ո՞ր ամսի տասներկուսը:

ՆԱՆԵ - Վեցերորդ ամսի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Կարծես շանթահար` գլխին զարկում, ծնկում է ու բղավում): Ա˜... Ա˜... Տե´ր Աստված, Տե´ր Աստված...

ՆԱՆԵ - Ի՞նչ պատահեց, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ես այս ի˜նչ արեցի, Տեր Աստվա´ծ... (Ողբում է):

ՆԱՆԵ - Տիրուհի...

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Այս ի˜նչ արեցի...

ՆԱՆԵ - Օրիորդ...

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Արտաքուստ հանդարտված. խելքը կարծես գցած) Այսօր ամսի քանի՞սն է, Նանե:

ՆԱՆԵ - (Զարմացած, որ նույն հարցը տալիս է նորից) Տասներկուսն է, օրիորդ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Ողբաձայն) Տասներկուսն է, Նանե: Տասներկուսն է արդեն... Ժամանակը ե՞րբ անցավ... Ե՞րբ անցավ, Նանե:

ՆԱՆԵ - Ո՞ր ժամանակը, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ա˜... Նանե: Դու էլ ես մոռացել: Դու էլ ես մոռացել... (Տիրում է կարճատև լռություն): Վաղը` ժամը ութին, լրանում է իմ յոթ շաբաթը... Ինձ մնաց ընդամենը մեկ օր: Միմիայն մեկ օր...

ՆԱՆԵ - (Իշխանուհուն մոտենալով, կարեկցանքով) Ի՞նչ կհրամայես, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Դեսպան ուղարկիր շտապ իմ ասպետի մոտ: Թող ասի նրան... Ողջ պատմությունը թող պատմի նրան և ասի, որ ինձ... Որ մնացել է ինձ միայն մեկ օր: Միմիայն մեկ օր... Թող որ իմ կողմից ծնրադիր ներում հայցի նրանից... Թող ասի նրան, որ սպասում եմ... Որ սպասում եմ... Ծնրադիր խնդրում...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ - (Փոքր-ինչ երկյուղած) Բայց պե՞տք է արդյոք:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Բղավելով) Կորե´ք գրողի ծոցը բոլորդ: Սատանայի´ հետ դաշն կնքեցեք: (Մազերը խառնշտորելով, դեմքին թափելով): Ինձ պետք չէ հիմա այլևս ոչինչ... Այլևս ոչինչ` բացի նրանից... (Նանեին) Էլ մի´ ուշացրու: Դեսպանին ասա` նժույգը ընտրի ամենից ընտիր: Փոթորկի նման թող որ սլանա: Ասա, որ մնաց ինձ միայն մեկ օր...

Վարագույրը փակվում է և բացվում:

Բեմում ամեն ինչ այնպես է, ինչպես ներկայացման սկզբում էր: Իշխանուհին և Նանեն սպասողական անհանգիստ վիճակում են:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ինչո՞ւ է այսքան ուշանում, Տե´ր Աստված:

ՆԱՆԵ - Չի ուշանում, տիրուհի, բավականին ճանապարհ է:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ճիշտ է. բավականին ճանապարհ է: Գնալ-գալու համար մի ամբողջ... հավերժություն է պետք: (Նայում է ժամացույցին): Ժամանակն ինչո՞ւ է այսքան արագ անցնում, Նանե: Ինձ մնաց ընդամենը քսան ժամ: Ձեռքս քնքշորեն կդնեմ ուսին, կփարվեմ կրծքին, սիրո խոսքեր, լուսե խոսքեր կշշնջամ: Ներողություն կխնդրեմ: Կասեմ` այս մեկ օրում թող բուժեմ քո բոլոր վերքերը... Կասեմ... (Լսողությունը լարելով) Ձիու դոփյո՞ւն էր...

ՆԱՆԵ - Ո´չ, տիրուհի´, քեզ թվաց:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Կասեմ. «Այս մեկ օրվա համար զոհել եմ իմ ողջ մնացյալ կյանքը և գուցե` ամբողջ... հավերժությունը»: Կասեմ… Կհասցնե՞մ ամբողջն ասել: Չեմ հասցնի: Լուռ կգրկեմ, կնայեմ աչքերին, և նա կհասկանա ինձ առանց բառերի: Ես միայն կնայեմ նրա աչքերին... (Լսվում է ձիու խրխինջ): Նա եկավ, Նանե, նա... (Վազում է պատուհանի մոտ: Կոտրված): Ո´չ, Նանե... Նա չեկավ: Եկավ դեսպանը: (Քիչ անց ներս է գալիս Սենը: Իշխանուհին անհամբերությամբ նայում է նրան): Հը՞: Խոսի´ր, շո´ւտ արա:

ՍԵՆ - (Մռայլ) Ասպետը ինձ... մերժեց, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Էլ ավելի կոտրված. ոտքի վրա հազիվ կանգնելով) Մերժեց... Ասպետը...

ՍԵՆ - Ասաց. «Կան մեղքեր, որոնք չեն ներվում ո´չ մեկին, երբե´ք...» :

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Դու հայտնեցի՞ր, որ ես...

ՍԵՆ - Հայտնեցի, օրիորդ, բայց նա ինձ ասաց, որ սերն իր խորն է եղել առավել:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Եվ հայտնեցի՞ր, որ ինձ մեկ օր է միայն...

ՍԵՆ - Նա ասաց, որ քեզ կարող էր ներել, եթե այդքան խոր սիրով չսիրեր: «Կներեի,- ասաց,- եթե ինձ համար նա եղած լիներ մի ինչ-որ աղջիկ: Կներեի,- ասաց,- թե ուզելով լիներ...»:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Խո˜րն է վիրավորվել... (Հուսահատ) Ես ի՞նչ անեմ, Նանե:

ՆԱՆԵ - (Մտորելուց հետո) Թույլ տուր, տիրուհի, մի անգամ էլ ես խոսեմ նրա հետ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Խոսի´ր, Նանե: Խոսի´ր: Գնա´: Շտապի´ր:

Բեմից բոլորը գնում են: Լսվում է քառատրոփ սլացող ձիու դոփյուն...

Քիչ անց գալիս են Նանեն և ինչ-որ զինվորական պաշտոնյա:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ - Ասպետը քիչ առաջ դուրս եկավ բերդից:

ՆԱՆԵ - Օգնիր ինձ գտնել, աղաչում եմ քեզ, և երախտապարտ կմնամ հավետ:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ - Տիկին, ամրոցում ոչ ոք չգիտի, թե նա ուր գնաց:

ՆԱՆԵ - Դուրս եկավ մենա՞կ:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ - Ո´չ: Համհարզի հետ:

ՆԱՆԵ - Եվ ոչինչ չասա՞ց: Ոչ մի բա՞ռ, իշխան:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ - Անձամբ ինձ` ոչինչ:

ՆԱՆԵ - Եվ անհնա՞ր է միտքը կռահել:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ - Նա շատ թախծոտ էր, մռայլ, ինքնամփոփ: Ինձ թվում է` նա ինքն էլ չգիտեր` ուր պիտի գնա:

ՆԱՆԵ - (Վերև նայելով) Ո˜վ, Տեր Երկնավոր, ցույց տուր մի ուղի:

Հեռանում են:

Գալիս են Իշխանուհին և Նանեն:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ես ինքս հիմա ճանապարհ կընկնեմ: Սար ու ձոր ոտքիս տակ կտամ անկանգ: Ու թե, Աստված տա, հանդիպեմ հանկարծ, կասեմ... Կասեմ. «Ես ոչինչ չեմ ուզում քեզնից: Ոչինչ չեմ ուզում` բացի մի բանից...»: Կասեմ. «Թույլ տուր ինձ... Ինձ թույլ տուր միայն` քո կրծքին փարված ավանդեմ հոգիս»:

Մյուս կողմով գնում են:

Գալիս են Արեգը և Սիրակը:

ԱՍՊԵՏ - Սիրտս թունավոր մի որդ է կրծում: Ես ինչո՞ւ, Սիրակ, նրան մերժեցի: Եղա փոքրոգի: Վարվեցի, ինչպես խռովկան տղա: Ո´չ ասպետաբար: Իսկ նա ինձ համար...

ՍԻՐԱԿ - Հիմա էլ ուշ չէ. պատրաստ եմ իսկույն նժույգ հեծնելու: (Պատրաստվում է, որ գնա):

ԱՍՊԵՏ - Սպասիր, Սիրակ: Այս անգամ ես էլ...

Վազելով գնում են:

Գալիս են Մարին և Նանեն:

ՆԱՆԵ - Ոչ մի երիվար չէր դիմանա մեզ. վարում էինք մենք խելահեղորեն:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Հիմա էլ ինքս կվազեմ, Նանե: Կվազեմ` քանի ուժ կա ոտքերիս, շունչ կա շուրթերիս:

ՆԱՆԵ - Ես կգամ քեզ հետ: Կլինեմ քեզ հետ ես միշտ, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ուր որ է արդեն մութը կպատի: Ինձ մնաց միայն մի գիշեր, Նանե: Միայն մի գիշեր...

ՆԱՆԵ - Գուցե և Աստված ողորմած լինի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Արի բարձրանանք սարալանջը այս: Եթե ինչ-որ տեղ նշմարվի կրակ, ես իսկույն կիջնեմ, կվազեմ իսկույն...

Գնում են:

Աստիճանաբար իջնում է գիշերը:

Գալիս են Արեգը և Սիրակը: Երկնքում առկայծում են աստղերը, երևում է լուսինը:

ԱՍՊԵՏ - Նա ինձ է փնտրում: Նա դուրս է եկել` չիմանալով, թե ուր պիտի գնա և որտեղ փնտրի...

ՍԻՐԱԿ - Ինչպես մենք, ասպետ:

ԱՍՊԵՏ - Եկ ձայն տանք նրան: Ողջ ուժով ձայնենք անունը նրա:

Երկուսով միասին ձայն են տալիս.

- Մա-րի˜... Մա-րի˜... Մա-րի˜...

Հեռանում են: Գալիս են Մարին և Նանեն:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Գիշերը արդեն կես եղավ, Նանե, և չվառվեց ոչ մի կրակ...

ՆԱՆԵ - Աստված թող տա` լուսաբացը լինի բարի: (Հոգնած նստում է):

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Նրա կողքը նստելով) Իսկ թե հանկարծ լուսաբացն էլ այս չար լինի, կասես նրան, որ փափագն իմ այն էր միայն, որ մեկ անգամ, վերջին անգամ իրեն տեսնեմ... Իրեն տեսնեմ գեթ մեկ վայրկյան... Իսկ թե հանկարծ այնպես լինի, որ չտեսնեմ, իմ անունից դու կաղերսես` իր ձեռքերով հողը դնի... Իր ձեռքերով շիրիմ կապի... Եվ ինձ, կասես, որպես պատան` թող որ գոնե պատմուճանը նվիրի նա... (Տիրում է լռություն: Մեկ-երկու րոպե հնչում է տխուր երաժշտություն):

Գնում են:

(Շարունակելի)

ԳՈՒՐԳԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ