ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ 


 

Վաղուց Հայաստանում լուրեր չեն շրջանառվում այս կամ այն նախարարի հնարավոր պաշտոնանկության մասին: Ասում են, թե լրագրողների երևակայությունը սպառվել է, նրանք այլևս չեն կարողանում «հուշել», թե որ նախարարին է պետք ազատել:

Ոմանք էլ պնդում են, թե նմանատիպ լուրերի պատվիրատուներ չկան, որովհետև համոզված են, որ մինչև նախագահական ընտրություններ այլևս կառավարության կազմի փոփոխություններ չեն լինելու: Անգամ բնապահպանության նախարարի դեմ կազմակերպված արշավանքն էլ չի կարող որևէ հետևանք ունենալ, քանզի ասված է, որ բոլոր նախարարները պիտի աշխատեն մինչև ընտրություններ: Ուրեմն, խե˜ղճ գրանտակերներ, այս մի ոլորտից այլևս չեն կարող դրամաշնորհներ ակնկալել:

Հավանաբար այս է պատճառը, որ բնապահպանության անունից հանդես եկող մի շարք ակտիվիստներ, ամեն տեսակի մարիամսուխուդյաններ, ընդհատակ են անցել, լռություն են պահպանում: Լռությունն են որդեգրել նաև մայրաքաղաքի հանրային տարածքների ու հասարակական նշանակության շենքերի պաշտպանները, ովքեր զենք ու զրահ առած` հարձակվել էին Սոս Սարգսյանի վրա, դարի հանցագործությունն էին համարում «Համազգային» թատրոնի շենքի շինարարությունը: Իսկ այսօր, երբ Արտգործնախարարության շենքն է վաճառվել` ձկան նման լռել են... Ասենք, այս գործարքում Նարեկ Սարգսյանի անունը չի հիշատակվում, այլապես նրանք ոտքի կկանգնեին...

Հիմա նախարարների փոխարեն, շրջանառվում են փոխնախարարների նշանակումների և ազատումների հարցերը:

Համաձայն որոշ տեղեկությունների, առաջիկայում Ֆինանսների և Գյուղատնտեսության նախարարություններում նոր տեղակալներ կլինեն: Գյուղնախարարությունում այլևս Արմեն Պողոսյանը չի աշխատում, ու թափուր տեղ է առաջացել: Սա նշանակում է, որ նոր փոխնախարար է լինելու: Ֆիննախում էլ թափուր տեղ կա: Եվ այս տեղն էլ կզբաղեցվի: Միայն հարցն այն է, թե ովքե՞ր են զբաղեցնելու այս պաշտոնները: Ըստ որոշ լուրերի` արդեն պայմանավորվածություններ կան, որ այս պաշտոնները տրվելու են «Օրինաց երկրին», քանի որ կուսակցությունը չստացավ խոստացված նախարարական ևս երկու պորտֆելը: Ասում են` ծրագիր կա հզորացնել ՕԵԿ-ը և «ստանալ» նոր տիպի կուսակցություն: Փոխնախարա րական պաշտոններն առավել կամրապնդեն կուսակցության դիրքերը, գայթակղիչ կդարձնեն կուսակցությունը հատկապես երիտասարդների համար: Ժամանակին, որպես այլընտրանք, դիտարկվում էր ՄԻԱԿ-ը, սակայն այս նախագիծը կորցրեց իր իմաստն այն բանից հետո, երբ խորհրդարան եկան այդ կուսակցության առաջատար դեմքեր Լևոն Մարտիրոսյանը, Սամվել Ֆարմանյանը և Նաիրա Կարապետյանը: Հետևաբար, նոր ուժեր հաստատելու ժամանակն է...

Լ.Մ.