Վրաց բանակի հայ զինվորը 


 

Ամիսներ առաջ «Ավանգարդի» էջերում նույն վերնագրով հրապարակումն անդրադառնում էր վրացական բանակում առկա ազգայնամոլությանն ու խտրականությանը: Հայ պատանին չէր կարողանում ծառայել վրացական բանակում միայն այն պատճառով, որ կտիրապետեր զենքին ու մի օր կպահանջեր ինքնուրույնություն:

Մի քանի ամիս է, սակայն ինչ ջավախահայ երիտասարդները զինակոչվում են բանակ և համալրում Վրաստանի զինված ուժերը: Վրաստանի ղեկավարությունը փոփոխություններ կատարեց «Զինվորական ծառայությունների մասին» օրենքում, և պարտադիր զինծառայությունը 12-ի փոխարեն լինելու է 15 ամիս և ծառայելու են նաև այլազգիները: Պատճառն ակնհայտորեն մեկն է. «Վրացական բանակը հարևան երկրների համեմատությամբ փոքրաթիվ է, իսկ ԱՄՆ-ի աջակցությունն ինչքան էլ շատ լինի, միևնույն է` ցանկացած երկիր կայուն է իր զինված ուժերով»: Բանակ կառուցել սակավաթիվ վրացիներով անհնար էր, միակ ելքը նրանց զինակոչն էր:

Հայ պատանին հիմա վրաց բանակի զինվոր է: Իսկ ինչպիսի՞ն է նա, արդյո՞ք մնացել է նույն ազգասեր ու անվախ պատանին, թե՞ օտարի ճնշումը կոտրել է նրա ճախրուն թևերը:

Իմ հայրենի գյուղում էի` Փոքր Խանչալիում: Երեկոյան լուր տարածվեց, որ նորակոչիկներին ծեծել են, և նրանք հիմա Վրաստանի տարբեր հիվանդանոցներում բուժօգնություն են ստանում: Գյուղում տենդային իրավիճակ էր: Ծնողներն անմիջապես ուղևորվեցին նրանց տեսության: Վերադարձան միևնույն պատասխանով.

- Ամեն ինչ նորմալ էր: Կեցցե մեր ղեկավարությունը:

Դա ցուցադրվեց նաև Նինոծմինդայի «Փարվանա» հեռուս-տաալիքով: Խոսեցին տեղի ինքնակառավարման մարմնի ղեկավարներ: Ու նույն պատասխանը` «ոչինչ չի եղել»: Հարց է առաջանում, եթե ոչինչ չէր եղել, ապա ինչո՞ւ տարածվեց այդ «կեղծ ահազանգը», այն էլ ոչ միայն մեր, այլ շրջանի շատ գյուղերում:

Միգուցե ոչինչ չէր եղել, ու դա իրոք սուտ ահազանգ էր: Բայց գուցե և եղել էր, ու այդ մասին ոչ-ոք չհամարձակվեց բարձրաձայնել` մի պարզ պատճառով, որ իր հարազատ հողում ապրում է օտարի ճնշման տակ:

Սիրանուշ ՊՈԴՈՍՅԱՆ