Ես վստահում եմ դիրքապահ զինվորին 


 

ՊԲ Մարտունու սահմանային զորամասում հյուրընկալվելով` առաջինը զրուցեցինք զորամասի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ, մայոր Շահեն ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ:

- Հասցրեցի փոքր-ինչ ծանոթանալ զորամասի անցած ճանապարհին և կարծում եմ` առանց վարանելու կարելի է այն ներկայացնել որպես լեգենդար զորամաս: Խնդրում եմ համառոտ ներկայացնել պատմությունը:

- Զորամասն իսկապես անցել է փառավոր մարտական ուղի, բոլոր ուղղություններով իրականացրած ռազմագործողությունները հաղթանակով է պսակել: Բավական է միայն այն հանգամանքը, որ Մոնթե Մելքոնյանն էր 2-րդ պաշտպանական շրջանի հրամանատարը, որի մեջ ընդգրկված էր ողջ Մարտունու շրջանը: Համախմբվածության, կամքի, Ավոյի անձի, նրա անբիծ նկարագրի, կազմակերպչական մեծ փորձի ու բոլոր իրավիճակներից դուրս գալու զարմանալի ունակության շնորհիվ բոլոր գործողությունները հաջողությամբ են պսակվել: Մեր զորամասը նաև խաղաղ պայմաններում է իրեն լավագույնս դրսևորում` բոլոր առումներով: Ամուր, կայուն մարտական ոգով զորամաս է, որն իր պարտքը հայրենիքի նկատմամբ կատարում է պատվով: Դրա վառ ապացույցն էին նաև վերջին զորավարժությունները, որոնց մասնակցեց նաև մեր զորամասը:

- Ի՞նչ քայլեր են իրականացվում` զինվորների մարտական ոգին բարձր պահելու և առհասարակ` ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:

- Մեծ հաճույքով կպատասխանեմ այդ հարցին: Զորամասը պատվով է իրականացնում իր առաքելությունը: Քանի որ ես ինքս էլ հրամանատար եմ, հավատացնում եմ` այստեղ մարտական ոգին բարձր է, ես վստահում եմ դիրքը պահող զինվորին: Նշեմ, որ նաև ձեր` լրագրողներիդ ներկայությունն է ոգեշնչում մեր զինվորներին: Նրանք համոզվում են, որ իրենց նկատմամբ ուշադրությունը մեծ է:

- Այն փաստը, որ զորամասը ստեղծվել է լեգենդար Ավոյի կողմից, որևէ դեր ունի՞ զինվորների դաստիարակության հարցում:

- Անշո´ւշտ: Այս զորամասում ծառայելը պատիվ է, նաև` պարտավորեցնող: Ոչ միայն Մոնթեի, մեր բոլոր հերոսների ոգով են դաստիարակվում մեր զինվորները: Նրանք են «պարտավորեցնում» լինել առավել հայրենասեր, առավել ամուր: Մեծ նշանակություն ունի և հրամանատարի դերն ու նկարագիրը. զինվորը միշտ փորձում է նմանվել իր հրամանատարին:

- Մարտական հերթապահություն իրականացնող և ռեզերվային զորամասերի զինվորների դաստիարակության խնդիրներում կա՞ն արդյոք տարբերություն ներ:

- Մարտական հերթապահություն իրականաց-նող զորամասերը, բնականաբար, առավել բարդ խնդիր են իրականացնում: Բացի դրանից, ռեզերվային զորամասերն ավելի համախմբված են: Իսկ սահմանային զորամասը բաժանված է ստորաբաժանումների, որոնք որոշ հեռավորության վրա են գտնվում, այդ առումով առավել բարդ է խնդիրների իրականացումը: Սակայն մեծ ջանքեր են գործադրվում` թե´ վերադաս հրամանատարության, թե´ մեր ներքին օղակի, նաև կրտսեր հրամանատարական կազմի կողմից, որպեսզի դաստիարակության, կարգապահության ամրապնդման գործում խոչընդոտներ չլինեն:

-Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում` թիկունքային ապահովման ուղղությամբ:

- Բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվում են, որպեսզի կարողանանք ցանկացած եղանակի, ցանկացած պայմաններում ապահովել զինվորին: Սկսած` ամենաշոգ եղանակին թարմ ջրով ապահովելուց, ժամանակին սնունդը հասցնելուց: Հետևողականորեն ստուգվում է սննդի որակը: Բոլոր առումներով մեր զինվորներն ապահով ու հոգատար ձեռքերում են: Արվում է ամեն ինչ, որպեսզի զինվորն իր պարտքը կատարի` առանց ավելորդ հոգս ու խնդիրների: 

Հ. ԳՅՈԶԱԼՅԱՆ