Հայրենիքը մեկն է... հայրենի սահմանները բոլորինս են...


 

ԼՂՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված սահմանային զորամասում և մարտական դիրքերում մեր զրուցակից զինվորները հիացնում էին իրենց պատրաստվածությամբ ու ծառայության նկատմամբ բարձր գիտակցությամբ: Այստեղ յուրաքանչյուր զինվոր պատասխանատվությամբ է իրականացնում հայրենյաց պաշտպանի իր առաքելությունը:

Սահմանային զորամասերում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի և այլ հարցերի շուրջ է զրույցը Հարավարևելյան ուղղությամբ զորամիավորման հրամանատարի` Անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Բարեղամ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ:

- Ինչպե՞ս եք գնահատում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, տիրող մթնոլորտը: Զորամիավորման կազմի մեջ մտնող զորամասերը մարտական հերթապահություն իրականացնող են, իսկ այս պարագայում թերևս հաջողության ամենամեծ գրավականներից մեկն անձնակազմի մարտական ոգին է, հոգեբանորեն պատրաստ զինվորը: Դիրքապահ զինվորների մարտական ոգու ամրապնդմանը միտված ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:

- Գոյություն ունի հատուկ կանոնակարգ` ուղղված բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովման աշխատանքներին: Համապատասխան պլանների համաձայն` իրականաց վում են անհրաժեշտ միջոցառումները: Հիմնական նպատակը զինվորի կամային որակների ձևավորումն է, մարտական գործողություններին պատրաստ մարտիկի կայացումը և ըստ այդմ` նաև հետագա խնդիրների իրականացումը: Զինվորը պետք է պատրաստ լինի ցանկացած իրադրությունում մարտական խնդիր կատարել: Գերխնդիրը սա´ է: Մեր նպատակը հայրենիքին անմնացորդ նվիրված զինվոր դաստիարակելն է: Զինվոր, ով իսկապես գիտակցում է, որ իրեն վստահված դիրքը հենց հայրենիքի սահմանն է: Հենց այդ դիրքերից է սկսվում հայրենիքը` անկախ նրանից, թե ով որտեղ է ծնվել, որտեղ է մեծացել, անկախ բոլոր հանգամանքներից: Նա պետք է վստահորեն դիրքի պահպանությունն իրականացնի. անգամ վերջին ճիգերի լարումով: Հարկ եղած դեպքում` իրականացնի նաև պաշտպանություն: Հենց այդ որակների ապահովմանը միտված մարտական պատրաստության պարապմունքներ են կազմակերպվում, անձնակազմը նախապատրաստվում է: Անպատրաստ, խնդրին անտեղյակ զինվոր մենք մարտական դիրքերում չենք ունենում: Համապատասխան պատրաստության փուլ անցնելուց հետո գնահատվում է զինվորների կամային որակները: Ըստ փուլերի իրականացվում է նրանց ընտրությունն ու նախապատրաստումը, գործնական պարապմունքների իրականացումը: Զինվորը ծանոթանում է տվյալ դիրքի պատմությանը, դերին և նշանակությանը ու արդեն հանդես է գալիս որպես հայրենիքի սահմանների պահպանության մարտիկ:

- Կա՞ արդյոք որևէ տարբերություն Արցախում և այլ վայրերում ծառայող զինվորների հոգեբանության, գիտակցության ու պատրաստվածության մեջ: Էակա՞ն է այն գիտակցումը, որ ինքը պատասխանատուն և պաշտպանն է մի տարածքի, որտեղ ժամանակին թեժ մարտեր են ընթացել, որտեղ մենք հաղթել ենք:

- Ես չեմ կարծում, որ պետք է տարբերակում լինի Արցախում, թե այլ վայրում ծառայող զինվորների միջև: Հայրենիքը մեկն է, հայրենիքի սահմանները բոլորինս են: Նշանակություն չունի, թե որ սահմանում է կանգնած զինվորը: Սահման պահող զինվորը մեկ ընդհանուր հասկացություն է: Իսկ Արցախը, որպես հայկական ինքնության, ոգու խորհրդանիշ` պարզապես առանձնահատուկ ոգևորություն է զինվորի համար: Ես օրեր առաջ մեկ այլ պաշտպանական շրջանում էի: Ընդհանուր տողանի ժամանակ սպաներից մեկն այսպիսի արտահայտութ յուն արեց. «Հաճախ ներքուստ հպարտանում ենք, որ դիցուք` Ջաբրայիլում (Ջրական) ենք ծառայում»: Օրինակ բերեց, թե ինչպես ինչ-որ անհարմար իրավիճակում հարցրել են, թե որտե՞ղ է ծառայել: Իսկ ծառայության վայրն իմանալուց հետո ասել են, որ այդ դեպքում նա իրենց համար սրբություն է: Արցախում սահման պահող յուրաքանչյուր զինվոր մեր հասարակության կողմից դիտվում է որպես հայրենիքի պաշտպան, հայրենիքին նվիրված քաղաքացի: Եվ օգտվելով առիթից ասեմ. կցանկանայի, որ հասարակության մեջ իսկապես ձևավորվի հայրենիքի զինվոր լինելու, նվիրվելու, ծառայելու գաղափարը: Ոչ թե գան զորամաս, հետո մտածեն` ինչո՞ւ են եկել, ի՞նչն է իրենց խնդիրը և ի՞նչ պետք է անեն: Ես կուզեի, որ դա բոլորի գիտակցության մեջ արմատավորվի` սկսած նախակրթարանից, դպրոցից: Հեռուստաընկերությունները, մամուլը պետք է պետության ամրապնդման քարոզիչներ լինեն: Այլ ընտրություն մենք չունենք: Մեր ամենակայուն արժեքներից մեկը բանակն է, որն էլ ապահովում է բոլորիս խաղաղ կենսակերպը: 

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ