Իսլամիստների հաջորդ թիրախը Սիբիրն է 


 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի վետոն եվրոպացիներին թույլ է տալիս արդարացնելու իրենց չմիջամտելը Սիրիայի «գործերին»: Ռուսաստանյան դիվանագի տությունը հպարտանում է իր կայունությամբ, իսկ ՌԴ վերնախավը ցանկանում է, որ երկիրը մնա արաբական հեղափոխություններով սկսված խաղում:

Le Monde պարբերականում այսպիսի համոզմունք է հայտնել ֆրանսիացի վերլուծաբան Կսավյե Լե Տորիվելեկը` հիմնավորելով այնտեղ սկիզբ առած անհանգստությունը:

Ռուսաստանը ամենախիտ մուսուլմաններով բնակեցված պետությունն է Եվրոպայում և ձգտում է սահմանափակել իսլամիզմի տարածումն իր տարածքում: Իրավիճակն անհանգստացնող է, որովհետև 5 միլիոն սունիներով բնակեցված Վոլգայի և Ուրալի միջև ընկած շրջաններն ահաբեկչության են ենթարկվում: Խորհրդային վարչակարգը չկարողացավ արմատախիլ անել կրոնական հավատը:

- 2005 թ. Կազանում ուղղափառ եկեղեցու հարևանությամբ մզկիթի բացումը դարձավ թաթարական իսլամի վերածննդի խորհրդանիշը,- գրել է վերլուծաբանը:

Այս տարի հուլիսի 19-ին Կազանում ավանդական իսլամի առաջնորդ երկու մահմեդականների սպանությունից հետո Իդել-Ուրալի խալիֆաթ ստեղծելու կոչեր են հնչում: Ասել է թե` հրատապ է դառնում Վոլգա-Ուրալյան տարածաշրջանի ապակայունացման խնդիրը: Իսկ ապակայունության հետևանքները տնտեսական առումով սարսափելի կարող են լինել ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի համար: Նախ, այս տարածաշրջանն ինքն է նավթ արդյունաբերում` վերահսկելով նավթահանքերը: Բացի այդ, խորհրդային քաղաքականութ յան շնորհիվ` նավթային ինժեներների և հորատողների մեծ մասը թաթարներ ու բաշկիրներ են:

Ու եթե ապակայունություն ստեղծվի, ապա հարվածի տակ կհայտնվի ամբողջ Սիբիրը:

- Սիբիրի նավթային տեղավայրերի շրջանում կրոնական պատերազմի հետևանքներն ահավոր կլինեն բազմազգ Ռուսաստանի համար,- եզրահանգում է հեղինակը: