ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՍ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆԴ ՎՆԱՍ ՉԷ 


 

Վերջերս ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, խոսելով նվազագույն աշխատավարձի ողջամտության մասին, ասաց, որ 35 հազար դրամով հնարավոր է բոլոր սոցիալական խնդիրները լուծել: Եթե դա ճիշտ է, ապա ինչու՞ դատավորների աշխատավարձերն ու թոշակներն էլ չեն համապատասխանեցվում «սոցիալական խնդիրներ լուծող» նվազագույն աշխատավարձին: Թե՞ նրանք պիտի ապրեն շռայլ ու շքեղ կյանքով, իսկ մտավորականությունն ու մյուսները կուչ գան աղքատության ճիրաններում: Մի՞թե այս է սոցիալական պետության հայեցակարգը…

Եթե հնար լիներ` Ջիվանու նշանավոր երգի տողերը հենց այսպես կձևափոխեին որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ու դատավորներ և քմծիծաղով կնայեին մեր հասարակութ յանը` երբեմն էլ խրատելով, որ չի կարելի հաշվել ուրիշների փողերը: Իհարկե, նրանք հիմա էլ քմծիծաղով են նայում, հիմա էլ, գուցե մտքերում են ասում, որ չի կարելի: Բայց, դե, հաշվողը մենք չենք, այլ համապատասխան կառույցները, որոնք հայտարարագրեր են պահանջում: Պահանջելը` պահանջում են, սակայն այս գործառույթն էլ չափազանց խորհրդանշա կան ու անիմաստ է դարձել, որովհետև տեղեկանալուց հետո, ոչ ոք չի ուզում հարցնել համապատասխան պաշտոնյային, թե որտեղի՞ց են եկամուտները:

Այսպես, Էրեբունի և Նուբարաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանն իր ունեցվածքի մասին հայտարարագրում տեղեկացրել է, որ 2011 թվականին 44 մլն 832 հազար դրամով ձեռք է բերել հողակտոր և քիչ անց էլ վաճառել` ընդամենը 31 մլն 445 հազար դրամով: Հազիվ թե այս դատավորն այնքան միամիտ լիներ, որ թանկով առներ և էժանով վաճառեր: Նման բան առևտրում չկա, սակայն գուցե կան այնպիսի «բաներ», որոնք մեր ուղեղին հասու չեն… Դատավոր Գրիգորյանը 2011-ին ստացել է 43 մլն 329 հազար դրամի եկամուտ, որից աշխատավարձի բաժինը կազմում է 4 մլն 592 հազար դրամը: Աշխատավարձի հետ միասին էլ` 7 մլն 292 հազար դրամ թոշակ է ստացել: Այսինքն, մեկ տարում այնքան թոշակ է ստացել, որքան կստանար ԳԱԱ թղթակից անդամը ինը տարում: Այս եկամուտներին գումարենք վաճառված հողամասից ստացված 31 մլն 445 հազար դրամը և 100 հազար դոլար հիպոթեքային վարկը: 2011 թվականի տարեսկզբին դատավորի հաշվեհամարին եղել է 50 մլն 950 հազար դրամ, իսկ տարեվերջին այն կազմել է 60 մլն 500 հազար:

Բավականին հետաքրքիր «ցուցանիշներ» է գրանցել դատավորի կինը` Մարիամ Մինասյանը, ով ողջ տարվա ընթացքում ստացել է 1 մլն 165 հազար դրամ աշխատավարձ, մինչդեռ տարեսկզբին նրա հաշվին եղել է 69 մլն դրամ և 1000 դոլար: Եթե գումարենք տեր և տիկին Գրիգորյանների ֆինանսական միջոցները, ստացվում է, որ նրանք ունեն 129 մլն 500 հազար դրամ և 101 հազար դոլար: Ի դեպ, դատավոր Գրիգորյանից ոչնչով հետ չի մնացել նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը: 2011 թվականի սկզբին նրա հաշվին եղել է 80 մլն դրամ և 120 հազար դոլար: