...ԱՆԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ 


 

Արդեն հայտնի է, որ Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարության թիվ 2 մասնաշենքը, կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «Արտաքին գործերի նախարարությունը» վաճառված է: Վաճառքի դիմաց ձեռք բերված գումարը գերազանցել է բոլոր սպասելիքները, քանի որ գնորդը` արգենտինահայ գործարար Էռնեկյանը, վճարել է մոտ 51 մլն դոլար, ինչը գերազանցում է իրական արժեքը: Սա, իհարկե, ոգևորել է կառավարությանը` «հուշելով» մտածել այլ շենքերի վաճառքի մասին: Ասենք` Տրանսպորտի և կապի նախարարության: Հատկապես այս վերջին հայտարարությունները և հրապարակավ հնչեցրած մտադրությունները զայրացրել են շատերին, ոտքի հանել մեր մտավորականության մի շերտի, որն այլևս անհանդուրժելի է համարում ստեղծված իրավիճակը, որը չի ուզում համակերպվել այն մտքի հետ, որ կարող են իրար հաջորդաբար վաճառվել պետական նշանակության շատ կառույցներ:

Ժամանակին, բարեկամություն չանելով խոհեմության հետ, մեր իշխանությունները վաճառեցին «Սևան» հյուրանոցի և Բարձրագույն մասնագիտական կրթության նախարարութ յան շենքերը: Երկուսն էլ որոշակի ճարտարապետական արժեքներ էին, «Սևան» հյուրանոցը քաղաքաշինական մեր ավանդույթների հրաշալի վկայությունն էր, կոնստրուկտիվիստա կան ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը: Աշխարհի շատ առաջադեմ երկրներում այսօր վերադառնում են դեպի հին շենքերը, դրանց ներքին վերակառուցումներով լուծում զբոսաշրջության համար հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ: Մեզ մոտ, հանդես բերելով քաղաքաշինական և զբոսաշրջային անգրագիտություն, քանդեցին հյուրանոցի շենքը` փոխարենը մեկ տասնամյակից ավելի ոչինչ չկառուցելով: Նախարարության շենքի ավերումն էլ որևէ բացատրություն և հիմնավորում չուներ: Դրանց հաջորդեցին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի, Գիտությունների ակադեմիայի շենքերի ավերումները... Այսինքն, մայրաքաղաքը սկսեցին զրկել իր պատմությունից, իր կենսագրութ յունից: Պատմության և արդիականության սինթեզն է ձևավորում առաջընթացը, մինչդեռ մեր շատ ճարտարապետներ և քաղաքաշինարարներ արհամարհեցին այս ճշմարտությունն ու աչք փակեցին անօրինականությունների առջև: Չհասկացան, որ սերունդներին են ժառանգում անկենսագրություն Երևան: Ավելին, այսօր մեր մայրաքաղաք եկող զբոսաշրջիկները փորձում են փնտրել մոտ երեքհազարամյա քաղաքի հետքերը, ուզում են ծանոթանալ քաղաքաշինական շերտերի հետ, սակայն դրանք անխնա կերպով ոչնչացվում են` հագուրդ տալով ոմանց ախորժակներին ու անճաշակ ցանկություններին:

Արտաքին գործերի նախարարության շենքը պատմական արժեք չէ, սակայն այն ճարտարապետական արժեք է և մաս է կազմում այն հրաշալի անսամբլի, որը ստեղծվել է մեզանում: Աշխարհի շատ քաղաքներ կերազեին նման ճարտարապետական անսամբլներ ունենալ, շատ երկրներ կկամենային ունենալ մի համալիր, որում ներդաշնորեն համադրված լինեին տարբեր նշանակության կառույցները: Նախագծելով ճարտարապետական համալիրը, Ալեքսանդր Թամանյանը մեծագույն ցանկություն էր ունեցել ձևավորել պետության վարչական կենտրոնը` այստեղ միայն մի հյուրանոց նախագծելով: Դա իր պատճառաբանությունն ու հիմնավորումն ուներ: Չի կարելի վարչական կենտրոնը հագեցնել հյուրանոցներով, ստեղծել արհեստականորեն ուռճացող կուտակումներ, քանի որ վարչական կենտրոնը շատ ավելի գործնական բնույթ ու նպատակներ պիտի ունենա: Եթե Մոսկվայի Կարմիր հրապարակում Պետական հանրախանութի շենքն է, ապա դա չի նշանակում, թե մեզ համար ընդօրինակելի պիտի լինի հենց դա: Նշանավոր ԳՈՒՄ-ն այնպես է նախագծված, որ ելքերն ու մուտքերը չեն առնչվում Կարմիր հրապարակին, բացառվում են մարդկային կուտակումները: Մինչդեռ արդեն իսկ «Արմենիա-Մարիոթը» ավելորդ կուտակումներով խոչընդոտում է հրապարակի անցուդարձը, խանգարում երթևեկությանը: Պատկերացնենք, թե ինչ կլինի Հանրապետության հրապարակում, երբ այստեղ սկսի գործել նոր հյուրանոցը: Այժմ արդեն մեքենաների ու մարդկանց կուտակումներ կլինեն մյուս մայթին, ինչը նշանակում է, որ շատ հաճախ պետության կենտրոնը կհայտնվի կաթվածահար վիճակում:

Այս ամենի մասին ոչ ոք չի մտածել: Կամ, գուցե, մտածել են, սակայն որոշել են հագուրդ տալ օրավուր Հայաստանն իր սեփականությունը դարձնող միլիարդատիրոջ ցանկութ յուններին` ուրախանալով, որ հաջողվել է 51 մլն դոլարի գործարք իրականացնել:

Գուցե, իսկապես, ուշ է այլևս խոսակցություն ծավալելը, մանավանդ որ կառավարությունում սկսել են հրճվանքի հանդեսներ սարքել: Սակայն լռությունն էլ առիթ կտա մեր կառավարիչներին` վաճառքի հանել հրապարակում գտնվող մյուս շենքերը ևս` ընդհուպ հասնելով Կառավարության շենքին ու Ազգային պատկերասրահին...

«Սա իմ քաղաքը չէ»

Նշանավոր գրող Նորայր Ադալյանը, կիսելով մեր մտահոգությունները, ասաց.

- Պատմությունից գիտեինք` մի ուրվական էր շրջում Եվրոպայում... Իսկ այսօր Երևանում շրջում է ծանրամարմին ու բարձրահասակ բիզնեսի ուրվականը, որի հատկապես քաղաքաշինական քայլերից պարզ մարդկանց մազերը բիզ-բիզ են գալիս: Նա բուլդոզերի տակ առավ քաղաքի կենտրոնը` հողին հավասարեցնելով փոքր ճարտարապետության բազմաթիվ աննման շինություններ, որոնք նուրբ ու հոգատար վերանորոգումով (ինչպես վարվում է եվրոպացին իր հնությունների հետ) կարող էին դառնալ գրախանութ, ակումբ, գրադարան, ցուցասրահներ մեր թե´ դասական, թե´ ժամանակակից տաղանդավոր նկարիչների համար, կամերային համերգատներ: Այլ խոսքով` ձևավորեին սիրելի քաղաքի գրասեր ու մշակութային կենտրոնը: Դա տեղի չունեցավ: Փոխարենը կույր աղիքի պես մայրաքաղաքի որովայն սողոսկեց Հյուսիսային պողոտան` մեր քաղաքային ավանդական բարոյականությանը, կենսոլորտին ու հոգեբանությանը, թամանյանական «արևի քաղաքի» տեսլականին անհարիր միօրինակ փարավոնական շենքերով: Այնտեղ մարդն իրեն միայնակ ու օտար է զգում, սեր և մտերմություն չկա, բարև չի գալիս... Նախկին մի շինարար, որ քար էր տաշել, նախշ ու խոյակ փորագրել, ինձ ասաց. «Սա իմ քաղաքը չէ»: Ես ասացի. «Չէ, մեծ եղբայր, մեր քաղաքն է, պետք է սիրենք նրան` իբրև հիվանդի»: Այս քսան տարիներին ոչ մի թատրոն չկառուցվեց: «Ջազզվեներով» խեղդեցինք Թամանյանի գլուխգործոց Օպերան: Մեր միլիոնա տերը որտեղ մի գայթակղիչ տարածք է տեսնում` իսկույն բարձրացնում է իր բուրգը, թքած ունենալով հասարակական կարծիքի և հայոց ազգային արժեքների վրա: Հայ կա հայ է, հայ էլ կա` ինչո˜վ է մեր ոխերիմ թշնամուց պակաս... Ես դժգոհություն չեմ արտահայտում, ես հոգու ցավ եմ ապրում: Միակ մխիթարությունն այն է, որ ես միայնակ չեմ: Այժմ էլ վրդովված ենք Հանրապետության հրապարակում միանգամայն արդարացիորեն հանգրվանած Արտաքին գործերի նախարարությունն այլ տարածք արտաքսելու հեռանկարից: Ըստ այդ բիզնես ծրագրի` նրա տեղում պետք է լինի էլիտար հյուրանոց. հասկանալի է` բազում և զարմանահրաշ փողաբեր ժամանցներով, առք-վաճառքը` մոտ հիսուն միլիոն դոլար: Գիտակցենք` Արտաքին գործերի նախարարության տեղը հենց Հանրապետության հրապարակն է, քանզի նա մեր նորանկախ պետության դիմանկարի կարևոր գունագծերից է, աշխարհի հետ խոսելու մեր ամբիոնը: Մի ժամանակ մենք Ամերիկային կոչ էինք անում` «Ձեռքերդ հեռու Վիետնամից»: Այժմ ես ասում եմ ոչ թե յանկիներին, այլ հայ միլիոնատերերին` խնդրում եմ, ձեռք քաշեք ժողովրդի ազգային արժեքները ոչնչացնելուց, քիչ կերեք, դա կարող է ստամոքսի չարորակ խոց առաջացնել: Պետություն և Հայրենիք մնանք: