ՈՒՐԵՄՆ` ԳՆԱՃՆ ԷԼ ԶՍՊԵԼԻ Է, ԵԹԵ...


Խոզագրիպը, ինչի հնարավոր ներգործության ու վտանգների մասին երևի թե արդեն անցյալ ժամանակով պետք է խոսենք, հավակնում է տարվա մեծագույն խարդախությունը դառնալ£ Համենայն դեպս Առողջապահության համաշխարհային կազմակերպության` նախօրեին տարածած սենսացիոն գնահատականներն այս բնորոշմամբ են ընդհանրացվում£ Հարկ է նաև ամփոփել, որ խոզագրիպային խուճապի հայկական «կատարումը» բավական կարճ տևեց` շուրջ հարյուր ժամ£ Բայց ընդամենն այդ մի քանի օրը հարյուր հազար դրամներով թեթևացրեց մեր հարենակիցների գրպանները£ Եվ փաստորեն վարակի հնարավորության ու դրա մի քանի ոչ լիարժեք նախադեպերի առաջացրած հոգեբանական հետևանքների հաղթահարման շրջանը մեզանում առայժմ նյութական կորուստների տեսքով է դրսևորվում£ Իսկ գրպանների թեթևացում ասվածն էլ պայմանական համարենք, քանի որ նախքան խոզագրիպն էլ մեր գրպանները նկատելիորեն թեթև էին, քսակները` բարակ£ Ասել է թե` խուճապը միտված էր դատարկ գրպանները կեղեքելուն£ Հետևաբար, եթե անհասցե շրջող (՞) այս վարակի թեման անսպասելիորեն արդիական չդառնար, թերևս դեղերի շուկայում փոքրիշատե կարգուկանոն հաստատելու, գերիշխող դիրք ունեցողների ախորժակը զսպելու` ինչ¬որ առումով ուշացած, բայցև ավելի քան օրախնդիր նախաձեռնությունը դարձյալ հետաձգվեր£ Այսուհանդերձ, որքան էլ դժվար լինի հավատալը, թե առաջիկայում մարդիկ դեղատուն մտնելով, նոր ու համեստ գներից հաճելիորեն զարմանալու են, բայցևայնպես մեծ է հավանականությունը, որ այս շուկան կարգավորելու փորձերը գոնե մասնակիորեն կմեղմեն ավելի շատ գրպանահատության վերածված վաճառքի գները£ Եվ եթե մի օր էլ իրադարձությունները սենսացիոն¬խուճապային ընթացքով ուշադրություն բևեռեն, դիցուք, բուժհիմնարկներում շորթվող «վճարների» վրա, գուցեև հնարավոր դառնա պարզաբանել, թե ինչ տրամաբանությամբ են սահմանվել համակարգում առաջարկվող ծառայությունների, թվում է թե միասնաբար սահմանված գները, որոնք ոչ մի կերպ չեն համապատասխանում մարդկանց գրպանների պարունակությանը… Ի վերջո, մարդիկ երբեք հաճույքի համար բժշկի չեն դիմում կամ դեղ չեն գնում, իսկ ճարահատ քաղաքացուն փաստի առաջ կանգնեցնելով` առողջապահական հաստատություններն ու այսպես կոչված դեղ ներկրողները միմիայն գերշահույթներն են բազմապատկում£ Ամենն ավելի մասնավորեցնելով` ընդգծենք, որ խոսքը ոչ թե «լի ու բոլ» ժամանակների, այլ ճգնաժամի պայմաններում գոյության խնդիրը մի կերպ լուծող հանրույթին է վերաբերում… Հատկապես մեր այն հայրենակիցներին, որոնց կենսաթոշակը 8 հազար դրամից է սկսվում ու նշված գումարով մեկ ամիս բոլոր¬բոլոր կարիքները հոգալու հարկադրանքով եզրափակվում£ Իհարկե, որևէ մեկը չի կարող ասել, թե դա ինչպես է հնարավոր իրագործել… Անկասկած, պատասխան չունի նաև 26 հազար դրամ միջին կենսաթոշակ ստացողի` խորհրդանշական գումարն ըստ օրերի տեղաբաշխելու և ըստ այդմ գոյատևելու գերխնդիրը£ Ահա թե ինչպես ստացվեց, որ կրթաթոշակից զրկված, բայց ավելի «մարտունակ» ուսանողները հանուն հինգ հազար դրամի (և ոչ միայն) փողոց դուրս եկան£ Եվ չնայած բազմիցս է ապացուցվել, որ պայքարի փողոցային տարբերակները, անկախ քաղաքական թե սոցիալական ուղղվածությունից, միևնույն է, նվազ արդյունավետ են, բայց այստեղ մեկ այլ նրբերանգ է առավել ուշագրավ£ Հանրության այն հատվածը, որ պայքարելու հնարավորություն ունի, փորձում է դիմադրել ճգնաժամի պարտադրած հարվածներին, իսկ մյուսները փաստորեն հարմարվել ու հարմարվելու են£ Արդյունքում` ասենք ծերանոցները, որտեղ ընդամենը 1100 մարդ է բնակվում, եկող տարի նույնպես նախորդ հատկացումները չգերազանցող գումարի են «արժանանալու»` շարունակելով մեծահոգի բարեգործների և նվիրատուների հույսին մնալ£ Իսկ սպասումները, որոնք, ինչպես ամեն տարեվերջին, արդեն եկող տարվան են վերաբերում, ամենևին էլ լավատեսական չեն£ Եվ եթե նույնիսկ կանխատեսումներն այդպիսին չլինեին, միևնույն է, վերջին շրջանում իրականությունը գրեթե հնարավորություն չի թողնում` գոնե մոտ ապագային հույսով ու հավատով նայելու£ Սրանում մենք անցնող տարվա օրինակով համոզվեցինք£ Դեռ տարեսկզբին կյանքի պայմանների վատթարացումն այնքան աննշան գնաճով էր նախանշվում, որ հիմա արդեն անիմաստ է նույնիսկ վերհիշել£ Իրականում գնաճն այնպիսի պատկառելի տոկոսներով արտահայտվեց, որ արդեն տարեվերջին այդ տոկոսներն է դժվար մոռանալ£ Եվ ահա խորհրդարանի սոցիալական հարցերի անունը կրող հանձնաժողովը, ինչպես ժողովուրդը կասեր, կիսաբերան մի կանխատեսում է անում, թե հաջորդ տարի թոշակառուներն ու նպաստառուներն ավելի վատ են ապրելու£ Ըստ հանձնաժողովի` դա 2-3 տոկոսով է արտահայտվելու… Անապահովներին տրվելիք հատկացումներն, իհարկե, «մի կերպ» հնարավոր եղավ անփոփոխ թողնել, և հավանաբար, Ազգային ժողովից հնչող գնահատականներում «ավելի վատ» ասելով` հենց գնաճը նկատի ունեն£ Բայց այստեղ էլ, ընդ որում` դեռ տարին չսկսած, հանձնաժողովականները սխալվում են, քանի որ հաջորդ տարվա համար (այն էլ` շատ ավելի վաղուց) գների բարձրացման ավելի մեծ տոկոս է կանխատեսվել£ Եվ ինչո՞ւ միայն թոշակ-նպաստ ստացողները… Չէ՞ որ գնաճն այնքան տարածական և ընդգրկուն աղետ է, որ մարդկանց սոցիալական կարգավիճակը հաշվի չի առնում. ընդհակառակը` նույնիսկ կիսապահով համարվող խավին է ընչազրկության անդունդը նետում£ Այլ հարց է, որ դեղերի օրինակով աշխարհում ընթացող տրամաբանական զարգացումները կարելի է նաև հայոց աշխարհում տարածել-հաստատել£ Խոսքը, կռահեցիք, համատարած գնանկման (՞) մասին է, ինչն արդեն ավելի քան մեկ տարի մեզանում ուղիղ հակառակ դրսևորումն ունի. նույն գերիշխող դիրքի չարաշահումը և գների չհիմնավորված աճը, փառահեղորեն գործում է նաև այլ ապրանքատեսակների պարագայում£ Ի վերջո, չի կարող շարունակվել այսպես, որ մենք մեն¬մենակ աշխարհի ընթացքին հակառակ գնանք` «գլխանց» խոստովանելով, թե հաջորդ տարի նույնպես է°լ ավելի մեծ քայլերով ենք ստիպված լինելու այդ գործը շարունակել£ Մինչդեռ ընդամենը խոզագրիպային խուճապը դեղերի շուկայի հանդեպ վերաբերմունքի փոփոխության պատճառ դարձավ, և ըստ խոստումների վրա հիմնված կանխատեսումների` այստեղ առաջիկայում փոքրիշատե կարգուկանոն է հաստատվելու£ Փաստորեն, A1H1¬ը բեկում մտցրեց դեղերի շուկայում£ Իսկ ինչը կամ ով պետք է մյուս շուկաները փրկի… Տա Աստված` ո°չ աղետները£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ