ԴԱՏ ԷՐ ՀԱՍՆՈՒՄ


ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ - Գուրգեն, վաղը հրավերք կա, քեզ մի լավ տեղ եմ տանելու: Լավությունը լավություն է` մի քանի ընկեր էլ վերցնենք` գնանք: Մի աշխարհ կտեսնեք, որ երազում էլ չի հանդիպել: - Հորիզոն, մինչև հիմա դու զարմանալու հատկությունդ չե՞ս կորցրել, մեր աշխարհում ուրիշ աշխարհ էլ կա՞: - Կա, որ էդ տունը մտնենք` բարևդ կմոռանաս: - Մենք էլ բարևը դրսում կտանք, նոր կմտնենք: - Էս հարուստը էն տեսակներից է, որ նրա շեմը մտնելիս ձեռքներս դատարկ չպիտի լինեն: Մի ձեռքդ գոնե ազատ պիտի լինի, որ դռանը քացով չտաս: - Այսինքն ո՞նց, միտքդ պարզեցրու: - Ձեռքերիդ նվեր պիտի լինի… - Էդպիսի տուն ի՞նչ նվեր կարելի է տանել: - Անցած օրը Մուղդուսն ինձ կանչեց, կանգնեցրեց պահարանների առջև ու ասաց. «Ուշադիր նայիր. տես էստեղ ինչ չունենք` դու նրանից բեր»: Գիշերը քունս չտարավ` ի՞նչ չունի էդ մարդը, ի՞նչ տանեմ, որ գոհ լինի: Լուսադեմին գտա` օձի ձու… դրանից չի ունենա: - Տո ծակ փիլիսոփա, դրանից կվիրավորվի, կասի` օձի ձուն բերել ես, որ ձվից օձը դուրս գա, մեզ խայթի՞: - Օձը տաքացնողին է կծում, իսկ դրանք իրենց օրում ո՞ւմ են տաքացրել, որ օձին տաքացնեն: Մեր փոքրիկ խումբը շատ սովորական մարդիկ էին` հիվանդ, կիսահիվանդ, բայց որ ասել էինք դատարկ ձեռքով անհարմար է գնալը, ամեն մեկն իր ուժերը ներածին չափով մի բան գնել էր: Խմբում տարակուսանք կար, և հարցրին. - Հորիզոն, մենք քո ասած շատ ունևոր մարդու տուն ենք գնում, մեր էս համեստ նվերը նրան ի՞նչ: - Ամեն ինչ, մեր տարածը այցետոմս է, թույլտվություն` նրա դղյակը թափանցելու: - Էդ որ ասում են` օձն իր պորտով, հավքն իր թևով չեն կարող մտնել էդ սեփական սահմանները, տեսնես ինչի՞ց է: - Որովհետև օձն ու հավքը նրանց համար մի կոպեկի նվեր անգամ չեն տանում… Խումբն ուրախ էր, որ օձի պորտից ու հավքի թևից ավելի բարձր նիշ ունի: Դրանից էլ ոգևորված` հավաքվեցինք իրար գլխի ու Հորիզոնի գլխավորությամբ` ոմանք սողացին, ոմանք էլ թևեցին դղյակ: Դղյակ եմ ասել, է˜, նույն վայրկյանին մի քանի աչք շլիկացան, մի քանիսի ստամոքսը ցավեց, սրտից թույլ մեկի էլ ուշքը գնաց: Լավ է` տուն էինք մտել` բուժկետ կար… Մի քանի լեզվանիկի լեզուն զարմանքից կապվեց, իսկ դրանց հակառակ մեր ուրբաթախոսի լեզուն բացվեց: Մեկն անվերջ հորանջում էր, մեկը փռշտում. նայած ով ինչ հիվանդությամբ էր տառապում: Ոմանք բուժվում էին, ոմանք առողջանում: Մուղդուսի փորձված աչքից չվրիպեց մեր անհանգստությունը: - Տնաշեններ, պետք չէ խուճապի մատնվել, անցյալ տարի ամիսներով մի լեզուն կապվածին բերեցին. երկու սենյակ անցնելուց հետո բերանը զարմանքից բաց մնաց, անմիջապես դեղը լցրին բերանը, մարդը ոտքի վրա բուժվեց: Ընենց որ, հայեր ջան, հիմի ես չգիտեմ ես հի՞ն հայ եմ, թե՞ նոր հա˜յ, հա˜յ¬հա˜յ… Մեր խմբում յուրաքանչյուրս առանձին¬առանձին ու բոլորս միասին մտածում էինք` եթե փողը բուժում է, ինչո՞ւ է Մուղդուսը այդքան ճարպակալած ու դեմքն էլ ճարպի նման սպիտակ. հևալով էլ խոսում է: Ժողովուրդը երևի դրա նմաններին է նկատի ունեցել` չի տեսել պատից կախ, տեսել է ճակտից կախ… Իրոք որ, բուրժուա կապիտալիստի առաջին սերունդը միշտ ճարպակալած ու գեր է լինում, որովհետև մի քանի տարի առաջ սովալլուկի մեկն էր: Կուշտ ուտելով` չտեսությունն աստիճանաբար անցնում է, իսկ հաջորդ սերունդները կանոնավոր, ֆիզիկապես նորմալ մարդիկ են դառնում… Զարմանքից տանջված, կեսժամյա փորձությունով անցած մեր խումբը տանՏիրուհու, ներողություն` դղյակատիրուհու հրամանով հրավիրվեց սեղանի շուրջ հյուրասիրության: Դատավորի բարձր բազկաթոռ հիշեցնող աթոռները մեզ էին սպասում: Սակայն ընդգծված սիրալիրությամբ տանՏիրուհին ամեն մեկիս առանձին¬առանձին ցույց էր տալիս, որն է մեզ երջանկություն պարգևող աթոռը: Առաջին հայացքից թվաց, թե տանտերերի նման գեղեցիկ հագնված գեղեցիկ աղջնակները տան անդամներից են, սակայն քիչ անց նրանց կաշկանդվածությունից հասկացանք, որ ծառայողներ են: Նրանք համր, տեսանելի ստվերի նման ինչ արագությամբ մատուցում էին, նույն արագությամբ էլ հեռանում էին` տեղը զիջելով Տիրուհուն, ով ոչ այնքան խնդրանքով, որքան հրամայական շեշտով անվերջ կրկնում էր` «Վերցրեք, հյուրասիրվեք, մի´ ամաչեք, կերե´ք, մի´ քաշվեք»: Սեղանի շքեղությունը կաշկանդել էր մեր խմբի բոլոր անդամներին: Մարդիկ կարծես չէին գտնում իրենց ձեռքերը, որ մեջտեղ հանեն, գոնե մի քիչ օգտվեն: Ոչ ոք չէր ուզում խախտել սեղանի շուրջը տիրող ճնշող լռությունը: Միայն տանտիրուհու ձայնն էր լսվում` կերեք հա կերեք… Բայց այդ բառերն այնքան տհաճ էին հնչում, որ հյուրասիրվելն անտանելի էր դառնում: Հայելապատ հատակին արտացոլված հաստ ստվերից հասկացանք, որ տանտեր Մուղդուսն է գալիս: Նա գլխին սրբիչ էր փաթաթել…, վրայից օծանելիքի հոտ էր գալիս. մեղադրելի չէր, մարդը որոշել էր լողանալ, մաքուր ներկայանալ իր պատվարժան, իրեն մեծարող հյուրերին: Մուղդուսի հայտնվելը հույս ներշնչեց տղամարդկանց` գուցե մեծարգոյի հայտնվելով, սեղանին թեկուզ մեր բերած օղիներից կհայտնվի, մի¬մի բաժակ կխմենք, կտեսնենք էս նեղ վիճակից ո՞նց ենք դուրս գալու: Հորիզոնն ականջիս շշնջաց. - Գուրգեն, կտեսնես, որ կծու, թթու էլ չի հայտնվի սեղանին: Որովհետև էս ասածներս ախորժակ բացող են: - Այ կնիկ, էս մեր թանկագին հյուրերին դեռ կոֆե չե՞ք բերել,¬ որոտաց Մուղդուսը: Մեր խումբը նրա որոտից սթափվեց, բոլորս էլ առաջացած աղմուկից օգտվեցինք. ով մի կերպ զսպել էր փռշտոցը` փռշտաց, ով հազը` հազաց, ով պիտի տնքար` տնքաց, հոգոց հանեց, նույնիսկ շնչեց, վաշվիշ արեց ու մյուս մանր¬մունր, հացի սեղանի շուրջ չանելիք բաներն էլ արեց… Սուրճը սեղանին հայտնվելու հետ խմբի համար նոր հնարավորություն ստեղծվեց` հիմա կարելի է կոֆեի հետ կոնֆետ, պնդուկաչափ բլիթ էլ վայելել, թե չէ ամաչում էինք մեզ հետևող Տիրուհու հայացքի ներքո սեղանից մի բան վերցնել: Թարսի պես էլ մեր խմբում մի համարձակ մարդ չկար, որ նրանից օրինակ վերցնեինք: Չնայած որերորդ անգամ էր նա հրահանգում` մի´ քաշվեք… Իմ մտքով անցավ` մի¬մի խաչապուրի վերցնեմ` դնեմ խմբիս անդամների ափսեները, բայց վախեցա, որ սա իմ վերջին գալը կլինի: Իմ հանդգնությունը չի ներվի: Մուղդուսը նայեց լուսամուտի մթությանն ու ժամացույցին. - Վահ, էս երբ եղավ ժամը 8¬ը… Հետո երևի մտքով անցավ` սրանք էնքան էլ հայվան չեն, իրեն արդարացրեց. - Օրերը կարճացել են, մարդ չի հասցնում մի գործ ավարտի: Որ ասաց` ավարտի, մեր խնջույքը ավարտած համարեցինք: Ես մերոնց լսելի ասացի. - Դե որ կուշտ կերել ենք, վեր կենանք: Հորիզոնն ասաց. - Գուրգեն, մի´ հեգնիր, ասված է` մարդ պետք է սեղանից մի քիչ սոված վեր կենա… - Բայց մենք սեղան նստելուց առաջ ավելի կուշտ էինք, ուրեմն կուշտ նստել, սոված վեր կենա՞լ: Երբ բարձրաշուք աթոռներից վեր կացանք, հասկացանք, տեսանք, որ ուղղակի նստած ենք եղել դատավարական աթոռներին: Փաստորեն այսօր էլ մեզ տակտով հարստահարեցին… դատ էր հասնում, բայց մենք այդ հանցագործներին մեծահոգաբար չդատեցինք, ինչքան չլինի մի սեղանից հաց էինք կերել: