Բրեյվիկը նեղացե˜լ է


Նորվեգացի երկու դատաբժիշկ շուտով կներկայացնեն ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հոգեբուժական փորձաքննության արդյունքները: Այդ վճռից է կախված` չարագործը ազատազրկմա՞ն կենթարկվի, թե՞ կուղարկվի հոգեբուժարան: Սովորաբար նման դեպքերում բուժեզրահանգումը շարադրվում է 50-70 էջով, բայց այս դեպքում հոգեբուժական գնահատումը կհիմնավորվի առնվազն 230 էջով (տեղեկացրել է ԻՏԱՌ¬ՏԱՍՍ¬ը): Բժիշկները 13 հարցազրույց են անցկացրել Բրեյվիկի հետ: 32¬ամյա ծայրահեղականը տառապում է հոգեկան խանգարումով: Եզրահանգումը ներառելու է նաև նրա մանկության և պատանեկան տարիների մանրամասն անալիզը: Եվ ամենակարևորը` մարդուն անմեղսունակ ճանաչելու համար պետք է հիմնավորվի, որ հանցագործության պահին նա գտնվել է հոգեգար վիճակում, ինչը կարող է կրկնվել: Բայց արի ու տես, որ կրկնաահաբեկիչ նորվեգացին նեղացե˜լ է իրեն հոգեկան հիվանդ ախտորոշած դատական հոգեբույժներից: Վերջիններիս համոզմամբ` իրեն հերոս երևակայող Բրեյվիկը «խելացնորային մտագար» է (պարանոիդալ շիզոֆրենիա): Ի դեպ, նա հակված է նաև ինքնասպանության: Եթե Բրեյվիկն անմեղսունակ ճանաչվի` կտեղափոխվի հարկադիր բուժման: Հակառակ պարագայում` կդատապարտվի Նորվեգիայի առավելագույն պատժին` 21 տարվա ազատազրկման: Սակայն եթե նա մեղավոր ճանաչվի մարդկության դեմ կատարած հանցանքի համար` բանտային ժամկետը կավելացվի մինչև 30 տարի: 77 անմեղ երիտասարդների կյանք խլելն արդյո՞ք մարդկության դեմ կատարած ոճիր չէ: