Կանայք` աշխարհի բանակներում


* Ժամանակն էականորեն փոխել է հանրային ընկալման մեջ արմատացած մի շարք կարծրատիպեր: Վերաիմաստավորվել է հատկապես կնոջ դերը հասարակության մեջ, և նախկինում «ոչ կանացի» համարվող մի շարք մասնագիտություններում ու ոլորտներում այսօր հաջողություններ են արձանագրում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Բացառություն չէ զինվորական ծառայությունը: * Կանանց Զինված ուժերում ընդգրկելու «առաջամարտիկը» դարձավ Մեծ Բրիտանիան, որտեղ դեռ 1653-ին բացված զինվորական հոսպիտալների անձնակազմը բաղկացած էր գերազանցապես զինվորների կանանցից: Անցյալ դարի 20-ական թթ. կանայք ծառայության անցան բրիտանական ռազմաօդային ուժերում: * Գեղեցիկ սեռի ներկայացուցչուհիների թիվը բանակում մեծացավ հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Ամերիկյան և գերմանական Զինված ուժերում ծառայում էին շուրջ 500000, բրիտանականում` 225000, իսկ Խորհրդային բանակում` շուրջ 800000 կանայք, որոնցից 80000-ը` սպայական կոչումներով: * 1942-ին Պենտագոնում առանձին կորպուսի ձևավորումից հետո կանայք ձեռք բերեցին զինվորականի կարգավիճակ: Իսկ 1993-ից հնարավորություն ստացան նույնիսկ ռազմական ինքնաթիռներ վարել, ծառայել ռազմածովային, ռազմաօդային ուժերում: * Գերմանուհիներին 1975-ից թույլատրվեց ծառայության անցնել նախ սանիտարական զորքերում, ապա զինվորական նվագախմբում: 2011-ից նրանք կարող են զբաղեցնել ցանկացած զինվորական պաշտոն և ծառայել բոլոր ստորաբաժանումներում: 2010-ի տվյալներով` գերմանական Զինված ուժերում ծառայում է 17000 կին` 3000-ը սպայական կոչումներով: * 1985-ին կանադական զինված ուժերը համալրվեցին կին զինծառայողներով` առանց որևէ սահմանափակման` տղամարդկանց հավասար պայմաններում: Կանադական կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ ավանդույթներին և պահպանել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ներգրավվածությունը Զինված ուժերում: