Միգալկաները» միացնելու ժամանակը


Ավելի քան երեքուկես տարի առաջ` 2008 թ. մայիսի 30-ին, ոստիկանության ղեկավար կազմին ներկայացնելով նորանշանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` ՀՀ նախագահը համոզմունք հայտնեց, թե նա կկարողանա միավորել ոստիկանության ջանքերը, որպեսզի ոստիկանությունը լինի ավելի պրոֆեսիոնալ, և համակարգն ամբողջապես կարողանա կատարել իր կարևոր առաքելությունը: Երկրի նախագահի մասնակցությամբ հաջորդ խորհրդակցությունը ոստիկանությունում տեղի ունեցավ մոտ երկու շաբաթ անց` 2008 թ. հունիսի 13-ին: Անդրադառնալով ոստիկանության առջև ծառացած բազում խնդիրներին, ոստիկանության դերին, նշանակությանն ու անելիքներին, Սերժ Սարգսյանը մասնավորապես նշեց, որ ոստիկանության գործունեության մասին հասարակությունն առաջին հերթին կարծիք է կազմում` տեսնելով Ճանապարհային ոստիկանության աշխատանքը և պահանջեց, որ այդ ծառայությունում առկա խայտառակ երևույթներն արմատախիլ արվեն, ճանապարհներից վերանա լկտիությունն ու ՃՈ ծառայողները բարեփոխեն իրենց ու երկրի կերպարը: Ընդամենը երկու շաբաթ առաջ նշանակված ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանն էլ իր հերթին այդ օրը հավաստիացրեց, թե համակարգն առավել քան երբևէ միասնական ու պատրաստ է անվերապահորեն կատարել առաջադրված խնդիրները: Իսկ ինքն էլ ջանք ու եռանդ չպետք է խնայեր` հասարակական կարգի ամրապնդման, հանցավորության և նրա տարբեր դրսևորումների դեմ նպատակաուղղված, անզիջում պայքար ծավալելու և ոստիկանության աշխատակիցների անբասիր աշխատանքի արդյունքում` ժողովրդի վստահության ու հավատի բարձրացման ուղղությամբ: Ժամանակ անցավ, և ոստիկանության համակարգի իրադարձություններին հետամուտ լրագրողներս, ցավոք, համոզվեցինք, որ հենց վերը նշված օրվանից էլ սկսվեցին, ոչ թե խոսքից կոնկրետ գործի անցնելու և երկրի Նախագահի սպասելիքներն արդարացնելու, ոչ թե ոստիկանության վարկանիշն ու դիմագիծը դրականորեն փոխելու և «համակարգի մատից» փուշ հանելու օրերը, այլ կուտակված հիմնահարցերին նորերն ավելացնելու, համակարգի ներսում հանցավորության առջև կանաչ ճանապարհ բացելու, որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ոտքից գլուխ հանցավոր չարաշահումների ու յուրացումների մեջ թաթախվելու, և, որ ամենազազրելին է` շլացուցիչ խոսք-խոստումների մռայլ ժամանակաշր ջանը: Անկեղծորեն` բոլորիս հոգնեցրել էին այդպես էլ խոսքից գործի չանցնելու և ոչինչ չասող, մեկը մյուսից սին ու ճոռոմ ելույթները: Եվ պատահական չէր, որ ուղիղ մեկ ամիս առաջ երկրիս Նախագահը վերստին այցելելով ոստիկանություն և ոստիկանության ղեկավար կազմին ներկայացնելով ոստիկանության նորանշանակ պետ Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ` նշեց, որ իր համոզմամբ այսօր ոստիկանությունը կարիք ունի հենց Վլադիմիր Գասպարյանի տիպի ղեկավարի: Նա վստահություն հայտնեց, որ գեներալ-լեյտենանտ Գասպարյանի պաշտոնավարմամբ մեր ժողովուրդն իրեն ավելի պաշտպանված է զգալու: Իսկ Վլադիմիր Գասպարյանն ամենևին էլ իր նախորդի պես խոսքաշատ չգտնվելով` վստահեցրեց, որ եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը: Ուժեղ մարդու, Գեներալի շուրթերից հնչած այդ խոսքերը շատերին հույս ու հավատ ներշնչեցին, և վստահ ենք` հասարակությունը նրան այսուհետ էլ կհավատա, քանի որ օր-օրի ուրվագծվում և իրականություն են դառնում այն փոփոխությունները, որոնց մարդիկ վաղուց սպասում էին: Եվ ոստիկանության նորանշանակ պետն այդ անում է առանց ավելորդ թմբկահարումների: Բառացիորեն` ցնցում է համակարգը, բայց առանց վնասակար ցնցումներ պատճառելու. թափ է տալիս հին փոշին` բերելով թարմ շունչ և աշխատաոճ, կարծրացածներին տեղեկացնելով, որ վաղուց մեկնել է ամենաթողության գնացքը, և պետք է հրաժարվել հին ու մերժելի ժառանգությունից: Ընդամենը մեկ օրինակ` Վլադիմիր Գասպարյանի հրամանով նոյեմբերի 30-ին զբաղեցրած պաշտոններից ազատվել են ճանապարհային ոստիկանության երկու տեսուչներ: Ոստիկանության մայոր Աղասի Խաչատրյանը և ոստիկանության լեյտենանտ Արման Մկրտչյանը ծառայություն իրականացնելով Աշտարակի խճուղում` թաքնվել էին մի «տաքուկ հատվածում» և չէին միացրել ոստիկանական ավտոմեքենայի «միգալկաները»` փարոսիկները, որպեսզի առանց ավելորդ ճիգ ու ջանքի «որսային» արագությունը գերազանցող վարորդներին: Տեսուչները, փաստորեն, կատարել էին «թաքնված» ծառայություն` իրենց որոշ մոլորյալ ծառայակիցների պես մոռանալով, որ արդեն մեկ ամիս է` եկել է «միգալկաները» միացնելու ժամանակը: