ԿԱՍՊԻԱԿԱՆ ԹՆՋՈՒԿԸ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում


Էներգետիկ նախագծերը, անգամ դրանց վերաբերյալ մտադրություններն իրենց անմիջական ազդեցությունն են ունենում Հարավային Կովկասում առկա գործընթաց ների վրա: Ադրբեջանը մշտապես փորձում է Ղարաբաղյան խնդրում որոշիչ գործոնի վերածել իր էներգետիկ կարողությունները: Համենայն դեպս, Ռուսաստանը շրջանցող «Նաբուկո» գազային նախագծին մասնակցելու վերաբերյալ նախորդ տարեվերջին Բաքվի պայմանավորվածությունները, կարծես, հետաքրքրեցին եվրոպացիներին և, բնականաբար, որոշակի անհանգստություն առաջացրին Մոսկվայում: Այդ անհանգստության հետևանք կարելի է, թերևս, համարել վերջերս Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում «Գազպրոմի» և Ադրբեջանի նավթային ընկերության նախագահների բանակցությունները, որոնց համաձայն Ռուսաստանն այս տարի 2,5 անգամ պետք է ավելացնի ադրբեջանական գազի գնումները: Հատկանշականն այն է, որ այս հանդիպմանը զուգահեռ, Բաքու ժամանեց Դմիտրի Մեդվեդևի վարչակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը` ռուսական լրատվամշակութային նոր շենքի բացման պատրվակով: Հասկանալի է, որ Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի այցի իրական նպատակը բոլորովին էլ լրատվամշակութային նոր շենքի բացմանը մասնակցելը չէր. նման բարձրաստիճան պաշտոնյայի այցի համար պետք է որ շատ ավելի լուրջ շարժառիթներ լինեին: Իսկ դրանց թվում կարելի է դասել նաև Ադրբեջանի հանդեպ Եվրոպայի ուշադրությունը` հիշյալ գազային նախագծին միանալու նրա մտադրության առնչությամբ£ Սակայն որքանո՞վ կարող է իրականանալի լինել գազային այդ նախագիծը: Այն ենթադրում է ոչ միայն ադրբեջանական, այլ նաև թուրքմենական գազի արտահանումը Եվրոպա: Այսինքն, այդ նախագծի իրականացման համար անհրաժեշտ է Կասպից ծովով գազամուղ անցկացնել դեպի Ադրբեջան: Հենց այստեղ էլ սկսվում են անհաղթահարելի խոչընդոտները: Մինչև Սովետմիության փլուզումը, Կասպից ծովը համատեղ օգտագործելու իրավունք երկու երկրներ ունեին` ԽՍՀՄ-ը և Իրանը: Նրանց միջև կնքված պայմանագրերի համաձայն, Կասպիցի ջրերն ու հատակը չէին սահմանազատվում, սակայն կասպիականում այլ երկրների նավերի մուտքն արգելվում էր: Իսկ ԽՍՀՄ փլուզմամբ` Կասպյան ավազանում առաջացան հինգ պետություններ, որոնց շահերը միշտ չէ, որ համընկնում են: Կասպիցի հատակին կան նավթի ու գազի հանքաշերտեր, որոնք էլ տնտեսական ու քաղաքական` շատ դեպքերում հարևաններին հակասող շահեր են առաջացնում: Այսպես, Ռուսաստանն ու Իրանը, մեղմ ասած, ոգևորված չեն «Նաբուկո» նախագծով, ուր մնաց` համաձայնեն, թե այն սպասարկելու համար Կասպիցի հատակով Թուրքմենստանից Ադրբեջան գազատար անցկացվի: Մոսկվային և Թեհրանին ձեռնտու են Կասպիցի վերաբերյալ նախկին պայմանավորվածությունները, և այդ երկրները մինչ օրս պնդում են, որ դրանց հիման վրա նոր պայամանագրեր կնքվեն: Իսկ մերձկասպյան մյուս պետությունները` Թուրքմենստանը, Ադրբեջանն ու Ղազախստանը, պահանջում են նոր պայմանագրեր կնքել բոլոր հինգի միջև: Մասնավորապես, Ադրբեջանն ու Ղազախստանը ցանկանում են ծովի ողջ տարածքը 5 երկրների միջև բաժանել գոտիների, ինչը նրանց հնարավորություն կտա արդյունահանել նավթն ու գազը: Իր հերթին, Թուրքմենստանն էլ է շահագրգռված` Ռուսաստանը շրջանցող գազամուղով իր գազը եվրոպական շուկաներ արտահանել: Հինգ պետությունների միջև տնտեսական-քաղաքական շահերի հակասութուններն այն աստիճան սրվեցին, որ անցած տարվա վերջին Բաքվում կայացած` այս երկրների գագաթնաժողովի ընթացքում, իրանական ինտերնետ կայքերից մեկում հաղորդագրություն էր զետեղվել, որում, ոչ պակաս-ոչ ավել, ասվում էր, թե Կասպիցի վերաբերյալ խորհրդաիրանական համաձայնագրերը չպետք է փոխվեն, հակառակ դեպքում Իրանը տարածքային պահանջներ կներկայացնի Ադրբեջանին: Հանգամանքների այսպիսի դասավորության դեպքում Ռուսաստանն անհանգստանում է, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ իր քաղաքական ուղեծրից, և դա կանխելու նպատակով, թերևս, Բաքու է այցելում նախագահի վարչակազմի ղեկավարը: Իլհամ Ալիևի և Սերգեյ Նարիշկինի առանձնազրույցի մանրամասները, բնականաբար, չեն հաղորդվում: Միայն ասվում է, թե որպես ռուս-ադրբեջանական բարեկամության դրսևորում գնահատելով ռուսական լրատվամշակութային նոր շենքի բացումը, Նարիշկինը գոհունակությամբ փաստել է, որ դրանով սկսվեց նոր` 2011 թվականը: Սա թերևս նշանակում է, որ Ռուսաստանը ինչ-որ պայմանավորվածություններ է ձեռք բերել Ադրբեջանի հետ: Իսկ Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ ռազմավարական գործընկեր Հայաստանի նախագահը ռուսաստանյան ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարում է, որ իր երկիրը պաշտպանում է խաղաղ նպատակներով միջուկային ծրագիր իրականացնելու Իրանի իրավունքը:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ