Հին հեքիաթը` «նոր Թուրքիայի» ղեկավարների շուրթերին


ՕՐԵՐՍ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալով` Աբդուլլա Գյուլը փորձեց եվրոպացի խորհրդարանականներին այսօրվա Թուրքիան ներկայացնել որպես «ժամանակակից ժողովրդավարության արժեքներ դավանող», «խաղաղասեր ու հարևանների նկատմամբ բարյացակամ տրամադրված» երկիր: Նրա ելույթից հետո Հայաստանի պատվիրակներից Նաիրա Զոհրաբյանն ի լուր բոլորի հայտարարեց. -Ցանկացած պետություն հզոր է, երբ կարողանում է բաց աչքերով նայել պատմությանն ու իր անցյալին… Չի՞ գտնում, արդյոք, Թուրքիայի ղեկավարը, որ ինչքան շուտ իրենք համարձակություն ունենան ընդունելու և ճանաչելու Հայոց ցեղասպանության փաստը, այնքան շուտ կկարողանան ազատվել սեփական անցյալի ծանր բեռից… Գյուլը բառացիորեն պատասխանեց. -Մենք չենք կարծում, որ ցեղասպանություն եղել է: Մենք պետք է պարզ խոսենք. պետք է ստեղծել հանձնաժողով, բացել բոլոր արխիվները, ուսումնասիրել բոլոր փաստաթղթերը, և մենք կհամաձայնենք ցանկացած արդյունքի հետ: Այո, եղել են մարդկային տառապանքներ, որոշ մարդկանց սադրանքների պատճառով եղել են բունտեր, տեղահանվածներ, ինչի համար ցավում ենք: Բայց երբ ասում եք ցեղասպանություն, դա ենթադրում է նպատակաուղղված սպանություններ, մինչդեռ հայերն Օսմանյան կայսրությունում եղել են Գերագույն դատարանի անդամներ, դեսպաններ… Մենք ցավում ենք բոլոր տուժածների համար, բայց պետք է նայենք դեպի ապագան: Ես չեմ կարող ընդունել ձեր մեղադրանքը… Այս պատասխանը ծայրից ծայր կեղծիք էր: Նախ, միայն մենք չէ, որ ցեղասպանության մեղադրանք ենք նետում Թուրքիայի անպատկառ երեսին: Հայոց ցեղասպանության փաստն ընդունել ու դատապարտել են 20-ից ավելի պետություններ: Դրանց զգալի մասի պատվիրակները նստած էին ԵԽԽՎ-ի դահլիճում: Գյուլը մարտահրավե՞ր էր նետում նրանց բոլորին: Այդ թվում` այն երկրներին, որոնք թեև դեռ պետական մակարդակով չեն դատապարտել Հայոց ցեղասպանությունը (օրինակ` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման), բայց երբեք կասկածի տակ չեն դրել այդ իրողությունը: Գյուլն անամոթաբար ստում էր, երբ խոսում էր «հանձնաժողով ստեղծելու, արխիվները բացելու և փաստաթղթերն ուսումնասիրելու» մասին: Ո՞վ է կասկածում, որ Թուրքիան իր արխիվները վաղո˜ւց է մաքրել սեփական ամոթն ապացուցող փաստաթղթերից: Իսկ Հայաստանի և այն ժամանակ մեր մեծ ողբերգությանն այս կամ այն կերպ առնչված մյուս բոլոր պետությունների` Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, անգամ Ամերիկայի և բազմաթիվ ուրիշների արխիվները, դիվանագիտական գրագրություն ները, Թուրքիայում Հայոց ցեղասպանության սարսափների մասին տեղեկացնող ժամանակի եվրոպական մամուլի արձագանքները երբեք էլ փակ չեն եղել: Դրանք վաղուց բաց են, դրանց հիման վրա տասնյակ-հազարավոր արխիվային փաստաթղթեր արդեն վաղուց հրապարակվել են: Ի՞նչ նոր «փաստաթղթեր» են պետք թուրք ցեղասպանների այսօրվա այդ ժառանգին, որ ազնվություն ունենա ինքն իրեն հարց տալու` ի՞նչ եղան անցյալ դարասկզբին իրենց բնապատմական հայրենիքում ապրող մոտ 4 միլիոն հայերը: Վայրագ ցեղասպանության ու հայրենազրկման դատապարտված հայ քաղաքացիները կամավո՞ր հեռացան իրենց 5-հազարամյա բնակավայրերից, թե՞ թուրքերին այնքա˜ն շատ էին «սիրում», որ կամավոր իրենց տուն ու տեղը, արտն ու կալը, մալ ու մուլքը «նվիրեցին» նրանց ու ցրվեցին աշխարհով մեկ… Եթե Թուրքիայում անցյալ դարասկզբին ապրած 4 միլիոն հայերից այսօր այնտեղ մնացել են միայն մի քանի տասնյակ հազարը, մի՞թե այդ զանգվածային հայրենազր կումը ցեղասպանություն չէր: Հապա ի՞նչ էր, եթե ընդհանրապես բոլոր ցեղասպանությունները դատապարտող ՄԱԿ-ի Կոնվենցիան «ցեղասպանություն» բառաեզրով է բնութագրում նաև որևէ պետության մեջ ազգային կամ կրոնական փոքրամասնությունների համար կյանքի այնպիսի անտանելի պայմանների ստեղծումը (էլ չխոսելով զանգվածային ջարդերի մասին), որը հարկադրում է բռնության ենթարկվողներին` բռնել հայրենալքության ճանապարհը: Եվրախորհրդարանի հայ պատվիրակի հնչեցրած հարցին Գյուլի տված պատասխանի ամենացինիկ հատվածն այն էր, ուր նա ասում էր` «այո, եղել են մարդկային տառապանքներ, որոշ մարդկանց սադրանքների պատճառով եղել են բունտեր, տեղահանվածներ, ինչի համար ցավում ենք…»£ Արի ու մի պատասխանիր` գլխիդ կպչի քո թրքաբարո ցավելը£ Ո՞վ է բունտ արել, ո՞վ է սադրանքներ կազմակերպել: Այդ բունտերի պատճառո՞վ եք ցեղասպանություն իրականացրել, թե՞ բունտերը եղել են հենց ձեր աներևակայելի-անմարդկային ճնշումների ուղղակի արձագանքը: Գյուլի բարբաջանքն այլ բան չէր, եթե ոչ դահիճներին արդարացնելու և մեղքը անմեղ զոհերի վրա դնելու թուրքական հին ոճրագործ էության նոր դրսևորում: Կարծես այդքանը քիչ էր, Թուրքիայի նախագահը փորձեց շրջանառության մեջ դնել «ցեղասպանություն» բառաեզրի նաև նոր «մեկնաբանություն»: Ըստ նրա` ցեղասպանությունն այն է, երբ «տեղի են ունենում նպատակաուղղված սպանություններ»: Իսկ մի՞թե հայերի, հույների, ասորիների, եզդիների, քրդերի, բալկանյան ժողովուրդների զանգվածային սպանությունները «նպատակաուղղված չէին»: Դրանք չէի՞ն կազմակերպվել Թուրքիան կառավարող բորենիների կողմից` ամենաբարձր պետական ու քաղաքական մակարդակով: Իթթիհադի Սալոնիկի կոնֆերանսում դեռևս 1911 թ. երիտթուրքերն իրենք չէի՞ն իրենց կուսակցության ծրագրում խնդիր դրել «օսմանացնել Թուրքիան», որն ուղղակի նշանակում էր այդ երկրի ազգային անխտիր բոլոր փոքրամասնությունների բնաջնջում կամ բռնի մահմեդականացում: Դա՞ էլ ցեղասպանական ծրագիր չէր, որն իրականացվեց առաջին իսկ պատեհ առիթով` Առաջին համաշխարհային պատերազմի թոհուբոհից օգտվելով: Աբդուլլա Գյուլի գիտելիքների մակերեսայնությունը նրան խանգարեց` ասելու, որ Թուրքիան իր զարգացման ընթացքում ձեռք բերած շատ քաղաքակրթական նվաճումների համար նույնպես պարտական է հարյուրամյակներով իր բռնակալության տակ գտնված հայ ժողովրդի մեծ զավակների հանճարին: Մեր Գրիգոր Զոհրապն է դրել Թուրքիայի օրենսդրության հիմքերը, մեր մշակույթի մեծ գործիչներն են նպաստել Թուրքիայում թատրոնի ու կինոյի զարգացմանը, հենց բուն թուրքերեն գրական լեզվի կատարելագործմանը` գրել են նրանց քերականության առաջին դասագրքերը, բառարանները… Իբրև զուտ թուրքավարի «երախտագիտություն»` այդ երկիրն իր հայազգի մեծ զավակներին ոչնչացրել ու մորթել է նախամարդու վայրագությամբ, օրինակ` Գրիգոր Զոհրապի հանճարեղ գլուխը ջախջախել են…սալաքարերով… Ֆրանսիացի պատգամավոր Ռոնե Ռուքեի այն հարցին, թե «Թուրքիայի նախագահը չի՞ գտնում, արդյոք, որ ղարաբաղյան հարցը նախապայման դնելով` հայ-թուրքական կարգավորումը փակուղի մտավ», Գյուլը փարիսեցիաբար պատասխանեց. թե «Հայ-թուրքական հարցն ու ղարաբաղյան հիմնախնդիրն իրար հետ չեմ կապում, սակայն անհրաժեշտ է, որ հայկական զինուժը դուրս գա Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: Ու՞ր մնաց «առանց նախապայմանների Հայաստանի հետ բնականոն միջպետական հարաբերություններ հաստատելու» Թուրքիայի հանձնառությունը: Բացի այդ, ի՞նչ է նշանակում «Ադրբեջանի գրավյալ տարածքներ» արտահայտությունը Գյուլի շուրթերին: Հայկական զինուժն իր քմահաճույքի համա՞ր է մտել «Ադրբեջանի գրավյալ տարածքներ», թե՞ հարկադրված, որպեսզի կանխի Ադրբեջանի կողմից արցախահայության նոր, ամենաիսկական ցեղասպանությունը հայության մյուս բնապատմական հայրենիքում` Արցախում, նրա շուրջն ստեղծելով անվտանգության հուսալի գոտի: Ավելի ցինիկ ու լկտի արտահայտվեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` բացահայտ հայտարարելով, թե «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողումը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելով»: Եվ սա ասաց մի մարդ, ով Ցյուրիխում իր ստորագրությունն է դրել Հայ-թուրքական հայտնի արձանագրությունների տակ, որտեղ ոչ մի բառով ղարաբաղյան հակամարտությունը չի հիշատակված: Այսպիսով, Դավութօղլուն ուղղակի խոստովանեց, որ համոթ իրենց` Անկարան իր արտաքին քաղաքականությունը կառուցում է Բաքվի կրտսեր եղբայրների թելադրանքից ելնելով… Գյուլը, թե Դավութօղլուն, այսպիսով, ամբողջ եվրահամայնքի առաջ ուղղակի խոստովանեցին նաև, որ ինչքան էլ իրենց երեսին թքում են` նրանք եղել ու մնում են նույն անբարո թուրքը: Ավա˜ղ, ա´յս է «ժամանակակի˜ց», «քաղաքակի˜րթ», իր միջազգային հանձնառություններին «հավատարի˜մ», դրանք կատարելու «քաղաքական կամք ունեցո˜ղ» Թուրքիան…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ