ՀԱԿՈԲ ԶԻԼՖԻՄՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է


 

Անի Եղիկյանը 2004 թ. ընդունվել է այս մասնաճյուղի ռեժիսորական բաժին` պայմանագիր ստորագրելով հնգամյա կրթության մասին: Յուրաքանչյուր տարի վճարել է 220 հազար դրամ` ընդհանուր առմամբ վճարելով 1 միլիոն 100 հազար դրամ: Անի Եղիկյանը դիպլոմ ստանալու ժամանակ զարմացել ու ապշել է, որ իրեն շնորհվել է արվեստագիտության բակալավրի աստիճան, մինչդեռ ինքը պիտի ստանար ռեժիսորի որակավորում: Նրա ընդունելության ժամանակ Հայաստանը տակավին չէր անդամագրվել Բոլոնիայի համաձայնագրին, գոյություն չուներ բուհական և հետբուհական կրթության մասին օրենքը, իսկ ընդունվելուց հետո` օրենքը չէր կարող հետադարձ ուժ ունենալ: Այս ամենի մասին մասնաճյուղի տնօրեն Հակոբ Զիլֆիմյանը լռել է, չի տեղեկացրել ուսանողներին և շարունակել է գանձել հիգերորդ տարվա համար վարձավճարներ` փաստորեն խաբելով ուսանողներին:

Թող բարի լինեին մեզ ճիշտ ժամանակին զգուշացնել, որ օրինագծում կատարված փոփոխությունները տարածվում են նաև մեզ վրա, այդ ժամանակ մենք կկողմնորոշվեինք, կպահանջեինք նոր պայմանագիր կնքել` այս անգամ 4 տարվա ուսուցման համար: Հիմա եթե մենք որոշենք մագիստրատուրայում սովորել, ևս 700 000-720 000 դրամ փող ենք տալու: Բայց մեզ որտեղի՞ց էդքան գումար, իմ վարձավճարը մի կերպ ենք տվել, երբեմն բարեգործներն են փոխանցել: 2 տարի ավել վարձ ու 2 տարի ավել ժամանակ` լիարժեք մասնագետ համարվելու համար, բայց ինչո՞ւ,- ասել է Անի Եղիկյանը:

Նույն խնդիրն ունի նաև հիշյալ մասնաճյուղի պարարվեստի ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ Նորայր Եղոյանը, ով ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, վերադարձել և ստացել դիպլոմը` դարձյալ հայտնվելով անակնկալ և տհաճ իրավիճակում.

Սովորել եմ իբրև պարարվեստի ռեժիսոր, բայց դիպլոմը ստանալուց հետո նոր միայն իմացել եմ, որ ես ոչ թե պարարվեստի ռեժիսոր եմ, այլ շարքային պարող եմ: Մեզ ներկայացրել էին, որ պարարվեստն ու դերասանը սովորում են չորս տարի, իսկ ռեժիսորները հինգ տարի,- ասում է նա:

Երկու շրջանավարտներն էլ սոցիալապես անապահով ընտանիքից են, մեծ դժվարությամբ են հայթայթել վարձն ու վճարել, իսկ ահա մասնաճյուղի տնօրեն Հակոբ Զիլֆիմյանը, առանց խղճի խայթ զգալու, մուտքագրել է այդ գումարներն ու օրավուր բարձրացրել իր աշխատավարձը: Ի դեպ, այս մասնաճյուղում աշխատողների թիվը գերազանցում է ուսանողների թվին, իսկ թե ինչու` դժվար չէ ենթադրել…

Արդեն նախկին շրջանավարտները բողոքում են նաև իրենց ստացած անորակ կրթության համար, քանի որ, ըստ նրանց` մասնաճյուղն ապահովված չի եղել որակյալ մասնագետներով, դասախոսների մեջ կան բարձրագույն կրթություն չստացած անձինք, ուսանողները քանիցս են խոսել մասնաճյուղում տարածված կաշառակերության մասին…

Լ. Մ.