ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է


 

ԱԺ պատգամավոր Արմեն Պուրտոյանը, ով գործող խորհրդարանում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Էրեբունի համայնքից, ընտրություններից դեռ մի քանի ամիս առաջ բավական անելանելի վիճակում է հայտնվել: Էրեբունի վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ անդամ Մհեր Սեդրակյանն արդեն հայտարարել է, որ ինքը նույնպես առաջադրվելու է թիվ 13-ում` համոզմունք հայտնելով, թե մրցապայքարում ներգրավվելիք թեկնածուների թվից անկախ` ինքը, միևնույն է, հաղթելու է:

Հենց այս հայտարարությունն էլ խառնել է Ա. Պուրտոյանի բոլոր նախնական հաշվարկները: Ու չնայած ընտրություններին մասնակցելու նախնական որոշմանը` վերջինս առժամանակ որոշել է լռել` երևի ընտրվել-չընտրվելու սեփական հնարավորությունները մեկ անգամ ևս վերահաշվարկելու: Չի բացառվում նաև, որ Ա. Պուտոյանը կուսակցական ցուցակում տեղ զբաղեցնի, քանի որ Մ. Սեդրակյանի ինքնավստահ հայտարարությամբ հանդերձ` թիվ 13 ընտրատարածքում թեժ ու անզիջում մրցապայքար է կանխատեսվում: