ԴԱՐՁՅԱԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՈՒՐՎԱԿԱՆԸ»


 

Ռոբերտ Քոչարյանի անվան շուրջ ծնունդ առնող խոսակցությունները, հավանաբար, նախընտրական շրջանի կարևոր բաղադրիչներից մեկն են: Նոր ինտրիգներ ու «սևեռումներ» փնտրող մեր քաղաքական դաշտում, այլ թեմաներ չգտնելով ու երևակայության բացակայության պատճառով, վերադառնում են Ռոբերտ Քոչարյանին` այսպես գուցե փորձելով առավել հետաքրքիր դարձնել նախընտրական զարգացումները:

Հիմա էլ ակտիվորեն շրջանառվում է այն վարկածը, թե` Հանրապետականի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը տրվելու է Ռոբերտ Քոչարյանին: Սակայն այս տարբերակը տարածողները մի «վերապահում» են անում` միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթի Վլադիմիր Պուտինը: Եթե-ի օգտագործումն, իհարկե, ձևական է, որովհետև ամեն ոք գիտի, որ ռուսաստանյան ընտրությունների ճակատագիրը վճռված է, և Վլադիմիր Պուտինը գրեթե Կրեմլում է` նախագահական աշխատասենյակի դռների մոտ… Ստացվում է ուրեմն, Ռուսաստանի առաջիկա նախագահը պարտադրում է Հայաստանի նախագահին` Ռոբերտ Քոչարյանին ընդգրկելու համամասնական ցուցակում, նրան հանձնել պատվավոր երկրորդ տեղը, իսկ ընտրություններից հետո էլ նրան նշանակել երկրի վարչապետ…Հետաքրքիր, սակայն հնացած սցենար է, որովհետև առանց ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու էլ` Ռոբերտ Քոչարյանը կարող էր դեռևս 2008-ին նշանակվել վարչապետ, եթե նման պայմանավորվածություն լիներ իր և նախագահ Սերժ Սարգսյանի միջև: 2008-ին նման նշանակում տեղի չունեցավ: Ոմանք հայտարարեցին, թե նման քայլից հայաստանյան իշխանությունները ձեռնպահ մնացին լոկ այն պատճառով, որպեսզի քաղաքական ընդդիմախոսները չասեն, թե Հայաստանը ոչ միայն պատճենում է ռուսաստանյան քայլերը, այլև գտնվում է նրա անմիջական թելադրանք ների ներքո:

Անկախ և ինքնիշխան պետության համար նշանակություն չուներ, թե ինչ կասեին ընդդիմախոսները, կամ էլ հուզումի ինչպիսի ալիք կբարձրացնեին` տեսնելով վարչապետի և երկրորդ նախագահի փոխատեղումները: Այդպես չեղավ, որովհետև երկրի «ամենաերիտասարդ թոշակառուն» միանգամայն այլ ծրագրեր ուներ, իսկ Սերժ Սարգսյանն էլ կամենում էր ստեղծել որակապես նոր կառավարություն` նրա գլուխ կանգնեցնելով երկրի թիվ մեկ բանկիրին:

Մի խոսքով` իշխանության վերարտադրություն, ինչի մասին խոսում էին ընդդիմադիր «նեոբոլշևիկները»` տեղի չունեցավ, ինչն էլ նախագահ Սարգսյանի գլխավոր ձեռքբերումն էր` իր հետընտրական քայլերում:

Վերջին մի քանի օրերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի անձին նորից անդրադառնալը պայմանավորում են նաև նրանով, որ ՀՀԿ-ԲՀԿ նկատելի լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցը հենց Քոչարյանին Հանրապետականի համամասնական ցուցակում ընդգրկելն է: Այդ դեպքում արդեն կհարթվեն բոլոր «կնճիռները», երկու հզորագույն կուսակցությունները հանդես կգան միասնաբար:

Բայց թե ինչ է նշանակում` միասնաբար հանդես գալ` անհասկանալի է, քանի որ Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիոն գործընկերներ են և նախագահ Սարգսյանի մոտ օրերս կայացած քննարկման ժամանակ հենց այդպես էլ որոշել են` լինել միասնական, սատարել արդար ընտրությունների անցկացմանը` բնականաբար առաջ տանելով սեփական ծրագրերը և քարոզչական սկզբունքները: Հետևաբար, չկան այնպիսի հակասություններ, որոնք կարող են հարթվել միայն Ռոբերտ Քոչարյանի «հանրապետակա նացմամբ»:

Այսքանից հետո մնում է հուսալ, որ մեզանում քաղաքական փսփսոցներ տարածողները կսկսեն հարգել սեփական խոսքը (եթե նույնիսկ դա ենթադրություն է) և շարժելով իրենց երևակայությունը` նոր «մեխանիզմներ» կդնեն շրջանառության մեջ: Այլապես երբ ամեն ինչ կրկնվում է` նմանվում է ճռռացող սայլի, որի արձակած հոգնատանջ «տնքոցներն» այլևս ուշադրություն չեն գրավում…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ