Առաջնորդը կուտի՞ առաջնորդին


այն էլ` ամենաուղղակի իմաստով Ուգանդայի ընտրյալ նախագահ Յովերի Կագուտա Մուսեվենին խոստացել է ուտել իր քաղաքական հակառակորդ Կիզա Բեսիջեին, ով ընտրություններում իր պարտությունից հետո քննադատել է իշխանությանը (տեղեկացրել է Associated Press¬ը): Իր ընդդիմախոսի քննադատությունը մեկնաբանելով` գործող նախագահն ասել է. - Մենք նրան կբռնենք և կարկանդակի նման կուտենք: Ուգանդայում պետության ղեկավարի ընտրությունների պաշտոնական արդյունքները հրապարակվել են փետրվարի 20¬ին: Քվեների 68 % առավելությամբ հաղթել է Մուսեվենին, իսկ Բեսիջեն ստացել է ընտրողների ձայների 26 %¬ը: Կենտրոնական ընտրահանձնաժողովի տվյալներին ծանոթանալուց հետո, ընդդիմության առաջնորդը հանդես է եկել ուղերձով` ընտրություններն ապօրինի հայտարարելով: Նա ուգանդացիներին կոչ է արել` տապալել իր պաշտոնին տիրացած Մուսեվենիին և նոր ընտրություն անցկացնել: Վերընտրված նախագահն էլ սպառնացել է կալանել բոլոր նրանց, ովքեր կփորձեն վիճարկել ընտրությունների արդյունքները: Նա նաև երկրի ընդդիմությանը նախազգուշացրել է` ձեռնպահ մնալ բողոքի զանգվածային գործողություններից: Յովերի Մուսեվենին ներկայումս 66 տարեկան է և վերջին 25 տարում` Ուգանդայի անփոփոխ նախագահը: 1985 թ., գլխավորելով ռազմական հեղաշրջումը, նա տապալեց Միլթոն Օբոտեի վարչակարգը, իսկ 1 տարի անց իրեն նախագահ հռչակեց: Իսկ Կիզա Բեսիջեն առաջին անգամ չէ, որ մրցակցում է նրա հետ. 2001 և 2006 թթ. նույնպես նրանք ընտրական բարիկադների վրա էին: Կիզան մշտապես պարտվել է, հետո ավանդաբար ձերբակալվել, ապա` ազատ արձակվել: Տեղին է նշել, որ մարդակերություն երևույթն իրականում գոյություն ունի ուգանդական քաղաքական վերնախավի միջավայրում: Պատմությանը հայտնի դեպքերից են, օրինակ, որ 1971-79 թթ. այս երկիրը ղեկավարած Իդի Ամինը ճանաչված է եղել որպես Աֆրիկայի ամենաարյունարբու միապետ և մշտապես սնվել է մարդկային մարմիններով` ուտելով նաև իր քաղաքական հակառակորդներին: