Հետապնդումները շարունակվում են


Ոհմակը շարունակում էր հետապնդումները: Լուսիկին ուղղակի փողոցում բռնում, գցում են մեքենան ու տանում Սևանի հոգեբուժարան: Նորից նրան ետ են ուղարկել: Հետո տեսնելով, որ այդ բուժհիմնարկի դռները փակվել էին Լուսիկի առջև, փնտրեցին ու գտան ևս մի հիվանդանոց: Երկու անգամ նրան Նորքի հոգեբուժարան տարան: Բռնություններին վերջ տրվեց, երբ ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ դատախազությունը պաշտոնապես գրեցին, որ «Լուսիկ Օհանջանյանը հոգեպես առողջ է, իրավաբանորեն իրավունք ունի իր հարցերով զբաղվել»: Վերջապես, 1989 թվականին նա իր տանն էր: Հուլիսին դիմում է ներկայացրել քաղխորհրդի գործկոմի նախագահին և թույլտվություն խնդրել` մեկ սենյակը վերակառուցելու համար: Քնած չէր Մելքուշը: Նա անմիջապես շրջկոմի առաջին քարտուղարին դիմում է ներկայացնում, որ բնակարանը մութ է, խոնավ, ընտանիքը մեծացել է և բնակարանային բարելավման կարիք ունի: Գլխավոր ճարտարապետ Գ. Հարությունյանը ստուգում է և նախագահին զեկուցում, որ բնակարանը լուսավոր է, չոր, որ աղջիկը ամուսնացել է և իր երեխաների հետ միշտ ապրել ու ապրում է ամուսնու երկհարկանի առանձնատանը: Մելքուշը ընտանիքի աճի արհեստական փաստ է ստեղծել: Նույն ստուգումների արդյունքներով բողոք է ներկայացրել միջշրջանային դատախազ Ֆ. Խաչիկյանը: Ավելին, նա հայտարարել է նաև, որ Մելքուշը նշված հասցեում սեփականատիրական ոչ մի իրավունք չի ունեցել, բերված փաստաթղթերը կեղծ են, անօրինական: Շրջկոմի առաջին քարտուղարի ճնշումը, ենթակաների պաշտոնները կորցնելու վախը շատ բան փոխեց գործկոմում: Փոխվեց գլխավոր ճարտարապետի զեկույցը. Մելքուշի բնակարանը դարձավ «խոնավ, մութ, բազմանդամ…»: Այսպես նախագահի ղեկավարությամբ նիստ հրավիրվեց և թիվ 27 որոշումն արձակվեց. Մելքուշին թույլատրեցին քրոջ սեփական տան վրա երկհարկանի առանձնատուն կառուցել: Բնակարանի բարելավումից հետո ինչո՞ւ գործկոմը ետ չվերցրեց նրան հատկացված տնամերձ հողատարածքը: Մոռացան, որ Ալավերդյան փողոցի թիվ 42 առանձնատունը նրա քրոջ սեփականությունն էր, ապացույցը` 1971 թվականի ժողդատարանի վճիռն էր: