Տերովին տերն ա տարել, անտերին` կեղծիքը


Հետապնդումների, կեղծիքների բացահայտումներ... Երբ գայլերի ոհմակն է հարձակվում, զոհին այնքան երկար չեն տանջում, ինչքան մարդկայինը… Ամենասարսափելին` հարազատին զոհ դարձնելն է: Հայրական տանը տիրանալու մոլուցքը հանգիստ չէր տալիս Մելքուշին: Նախ մորը հավաքեց բռի մեջ: Հետո, քանի որ զրկված էր երեխա ունենալու հնարավորությունից, գնեց 2 տարբեր ազգերի երեխաներ և որդեգրությունը ապօրինի ճանապարհով օրինականացրեց քաղաքի զագսի գրասենյակում: Հայրական տնից քրոջը հեռու պահելու նպատակով, կնոջ` Նորայի հետ կարողացել են հարևանների ստորագրահավաք կազմակերպել, որ իբր Լուսիկ Օհանջանյանն իր աղոթքներով խանգարում է նրանց հանգիստը: Դիմում-բողոքը հաստատել է թաղային կոմիտեն, ՆԳ միլիցիայի թաղային լիազոր Մ. Ստեփանյանը: Ու այս փաստաթղթով, բռնությամբ նրան տարել են Երևանի հոգե¬նյարդաբուժական դիսպանսեր: Հիվանդանոցում հանդիպեցի գլխավոր բժշկին, բուԺող մասնագետներին: Ծանոթացա նրա «Հիվանդության պատմություն քարտին: որտեղ ամեն օր գրված էր` «Հիվանդը իրեն լավ է զգում»: Գլխավոր բժշիկը հայտնեց, որ «նա հավատացյալ է, ոչ թե` հիվանդ: Մենք նրան տուն ենք ուղարկել»: Հանդիպեցի բողոքող հարևաններին: Պարզվեց, որ այնքան էլ թանկ չեն եղել ստորագրությունները: Անգամ մեկ շիշ կաթ ու մածնով են վաճառել իրենց հոգիները, խիղճը: Ավելին, ստորագրողների ցուցակում 10 տարի առաջ հանգուցյալ հոր` Թադևոսի ազգանունն է ավելացվել ու նրա փոխարեն ստորագրվել: Անհանդուրժելին այն է, որ միլիցիայի թաղային լիազորն է այդ դաժան, զրպարտիչ մարդկանց կողքին եղել: Լուսիկին հետապնդողների ոհմակը համալրվեց մյուս եղբայր Գարուշով, նրա տղայով ու հարսով: Այս անգամ նրանք անօգնական կնոջն ավելի հեռու տարան. Սևանի հոգեբուժարան: 1971 թվականին Լուսիկը մնացել էր անօթևան: Գնացել էր Երևան ու չգիտեր որտեղ գիշերել: Մուտքերից մեկում, դռան վրա կարդացել էր` Հովհ. Շիրազ: Սեղմել էր դռան զանգի կոճակը: Դուռը բացել էր Վարպետը: Խաչակիր կնոջ անսպասելի այցելությունը հանկարծակիի էր բերել նրան: Ներս է հրավիրել օթևան խնդրող կնոջը: Կնոջ, ում կյանքի տխուր պատմությունը շատ է հուզել զգայուն բանաստեղծին: Հենց այդ գիշեր էլ գրել է «Խալ կա քո կրծքին…» բանաստեղծությունը: Առավոտյան արդեն երկտողեր է ուղարկել թերթերի խմբագիրներին, ռադիոյին, հեռուստատեսությանը և վերադաս այլ այրերի: Հետագայում ՀՀ դատախազին, հեռախոսազանգել է ՀՀ առողջապահության նախարար Նարիմանովին: Վերջինս հայտարարել է, որ «Կինը հավատացյալ է…»: Պատասխանը չի ուշացել. «Է, թող էս մեկն էլ հավատացյալ լինի, դրանից ծառերը պտուղ չե՞ն տա»,¬ ասել է վարպետը: Լուսիկին խորհուրդ տվեցինք քաղհայցով, սեփականության պահանջով դատարան դիմել: 1971 թ. սեպտեմբերի 10¬ին Էջմիածին քաղաքի ժողդատարանը (գործ թիվ 583, ժողդատավոր Ն. Հովհաննիսյան) նրա քաղհայցը բավարարել է` Ալավերդյան փողոցի թիվ 42 առանձնատան մի մասն իր հողատարածքով հատկացրել է (սեփականատիրական իրավունքով) Լուսիկ Օհանջանյանին: Մելքուշի մասին դատարանը ոչ մի որոշում չի կայացրել: Նա վճռի դեմ չի բողոքել: Բայց շարունակել է երկհարկանի տուն կառուցել քրոջ սեփական տան տարածքում: Գուցե առանց «շաբաշի» էր ձեռք բերել գույքաթերթ, հատակագիծ ու սեփականատիրական իրավունքով թքած ուներ քաղխորհրդի գործկոմի կառույցի արգելման ակտի վրա: 1972 թ. օգոստոսի 11¬ին Էջմիածնի քաղխորհրդի գործկոմի նոր նախագահ Ց. Մալխասյանը որոշեց վերջ տալ Ալավերդյան թիվ 42 առանձնատան նկատմամբ տեղի ունեցած ապօրինություններին: Արտահերթ նիստ հրավիրեց: Տարածքի իրացման պատրվակով որոշվեց քանդել ապօրինի կառույցը. Մելքուշի 4 անձից բաղկացած ընտանիքին ապահովեց երկսենյականոց բնակարանով, մորը` մեկ սենյականոց, իսկ առանձնատան սեփականատերը մնաց Լուսիկը: