ՄԵՐՕՐՅԱ ԲԱՐՔԵՐ


Տասնյակ տարիներ առաջ, «Ավանգարդ» թերթի խմբագիր, գրող Լևոն Մանուկյանը մի երկտող ստացավ: Հուզված էր: Ինձ հանձնարարեց, որ գնամ հետքերով, բացահայտեմ կեղծիքները, օգնեմ կնոջն այնպես, ինչպես Վարպետն է ցանկանում: Իսկ ի՞նչ էր ցանկանում. «Շատ եմ խնդրում իմ այս գրաբերի գործով ավելի սրտագին զբաղվեք: Մարդու բախտի աստղիկն այնքան է թեքվել դեպի անդունդ, որ, ահա, նա ամենքին է դիմում... Ինչպես անգամ նվաստիս... Ուստի, խնդրում եմ մեծ մարդասիրությամբ կպչեք գործին, այնպես որ մարդն անտուն, անօթևան չմնա»: Հովհ. ՇԻՐԱԶ «Բախտի աստղիկը թեքված» կնոջը հանդիպեցի իր ծննդավայր Էջմիածին քաղաքում, բայց ոչ իր սեփական տանը, այլ վթարված «Վաղարշապատ» հյուրանոցի մի փոքրիկ, աղքատիկ սենյակում: Կանաչ հագուստով էր, դեղին գլխաշորով: Կրում էր հասարակ շղթայով մի խաչ` Տիրոջ պատկերով: Էջմիածին քաղաքի գեղեցիկ աղջիկներից մեկն է եղել: Բայց 17-ամյա աղջկա «բախտի աստղիկը թեքվել է», երբ մահացել է նրա երեխան: Հետո նա ընդմիշտ հեռացել է ամուսնական կյանքից, ապրում է Աստծո պատվիրաններով: Տարբեր եկեղեցիներ է գնում, մոմեր վառում, աղոթում, Տիրոջից խնդրում խաղաղություն տալ աշխարհին, մարդկանց հոգիները մաքրել չարությունից: Թադևոսի տանը երեխաներից մնացել էին Մելքուշն ու Լուսիկը: Հեռատես մարդ է եղել նրանց հայրը: Զգացել է, որ Մելքուշի ու նրա կնոջ` Նորայի հետ անհամատեղելի է նույն հարկի տակ ապրելը, քաղխորհրդի գործկոմից ստացել է տնամերձ հողատարածք (նոտարական գործ թիվ 1053), տվել նրանց, որ տուն կառուցեն, հեռանան: Սակայն հոր մահից հետո էլ նրանք չեն հեռացել: Ապագա ծրագրերը հանգիստ չէին տալիս ամուսիններին: