ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆ. «ԵՍ ԱՄԵՆ ՕՐ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՐՀՆ ՈՒ... ԶԱՐՄԱՆՈՒՄ»


Ականավոր բեմադրիչ և մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ մեր ժամանակների տաղանդավոր և ամենանշանավոր անհատականություններից է. շատ վաղուց Երևանի դիմանկարի անքակտելի մաս կազմող անուն, ում հետ ամեն մի զրույց ուսանելի է և ցանկալի: - Պարոն Ծատուրյան, Դուք ուրախ մարդ եք, սիրում եք հաճախ ուրախ պատմություններ ներկայացնել Ձեր մտերիմների և բարեկամների, մեր արվեստի մեծերի մասին: Արդյո՞ք դրանք ավելի ուրախ են դարձնում Ձեր կյանքը: - Հայ նշանավոր գրող և դերասան Միքայել Մանվելյանը մի հրաշալի պատմվածք ունի` «Ծաղրածուն» վերնագրով: Երևի հիշում ես: Դա այն մարդու մասին է, ով ամեն օր կրկեսի արենայում զվարճացնում է մարդկանց, իսկ ինքը տառապում է անհանգստությամբ և մելամաղձությամբ: Չէ, ես այդ ծաղրածուն չեմ, ես մելամաղձությամբ չեմ տառապում, չնայած այս համացանց կոչվածը ինձ էլ է ստիպում գիշերները նստել համակարգչի դիմաց: Ես այդ պատմվածքը հիշեցի մի բանի համար. ապրում ենք բարդ ու դժվարին ժամանակներում, ես ամեն օր հայտնագործում եմ աշխարհն ու… զարմանում, տեսնում եմ բաներ, որոնք զայրացնում են ինձ: Տեսնում եմ արվեստի աղավաղումը, էժանացումը… Երբ պատմում եմ իմ ընկերների ու մեր մեծերի մասին` կարծես սփոփում եմ ինձ, մի տեսակ մխիթարում: Վարդան Աճեմյանի` իմ ուսուցչի, Մհեր Մկրտչյանի, մյուսների ներկայությունն եմ վերականգնում: Նրանք զարմանալի մարդիկ էին, զարմանալի անհատականություններ` տարօրինակ ու հանճարեղ: Հիմա նրանց տեսակն է բացակայում, դրա համար էլ պատմում եմ նրանց մասին: Նրանք ձևեր չէին անում, հանճարներ չէին խաղում` այդպիսին էին` սովորական հանճարներ: Համ էլ հումորն օգնում է ինձ, թև տալիս: - Դուք դասավանդում եք Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում, ղեկավարում եք Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնը: Այսինքն, շփվում եք և´ մայրաքաղաքի, և´ երկրորդ քաղաքի հետ: Տարբերությունները շա՞տ են: - Ես ուզում եմ փոքր-ինչ այլ կերպ կառուցել հարցն ու դրա պատասխանը: Ինչպե՞ս են ապրում մայրաքաղաքից հեռու: Վատ են ապրում, դժվար են ապրում, պարփակված են ապրում: Չեմ ուզում ասել, թե Երևանում ամեն օր տոն է, թե առատության եղջյուրից այստեղ բարիքներ են թափվում: Այստեղ էլ հեշտ չէ կյանքը, սակայն Գյումրիում պատկերը բոլորովին այլ է: Այո, ես դասավանդում եմ ԵԹԿՊԻ-ում, մեծ կուրս ունեմ, տարբեր տեսակի տղաներ ու աղջիկներ են, բայց մի ընդհանուր բան ունեն` նրանք Երևանում են, շարժումների մեջ ու կենտրոնում, իսկ ահա Գյումրիում ամեն ինչ այլ է: Շատ շնորհալի ու նվիրված մարդիկ են Գյումրու թատրոնի դերասանները, հատկապես ջահելները, որոնց շատ եմ սիրում, որոնց խնդրանքով վերադարձա գեղարվեստական ղեկավարի պարտականություններին, քանի որ մոտ երեք տարի ես ընդամենը գեղարվեստական խորհրդատու էի: Բայց նրանք տարբերվում են երևանցիներից` և´ անսահման նվիրվածությամբ, և´ կաշկանդվածությամբ: Տարիներ շարունակ անտարբերության մեջ են ապրում, նրանց մասին ոչ ոք չի մտածում, նրանց ճակատագրերը շատերին չի հուզում: Այդ պատճառով էլ նրանց մարդկային տեսակի մեջ անվստահություն է մտել: Այնպես եմ ուզում, որ մեր երկրի իշխանությունները հավասար մոտեցումներ ունենան, մտածեն մարզերի և հատկապես Գյուրմրիի մասին, որը Հայաստանի բացառիկ քաղաքն է: - Երկար ժամանակ բողոքում էիք, որ այնտեղ հանդիսատեսի խնդիր կա, որ թատրոնը կամաց-կամաց դուրս է մղվել մարդկանց գիտակցությունից: - Հիմա էլ եմ բողոքում: Շատ են խոսում գյումրեցիների թատերասիրության մասին, իսկ երբ ես ասում եմ, որ չեմ տեսել այդ թատերասիրությունը` ինձանից նեղանում են, անգամ ելնում իմ դեմ: Թատրոնում խանդավառված, ոգևորված աշխատում ենք, նոր բեմադրություններ իրականացնում, բայց դրանք խաղում ենք մի քանի անգամ, հաճախ` միայն պատանի հանդիսատեսի համար: Այս քաղաքում էլ է ձևավորվել անտարբեր վերաբերմունք թատրոնի հանդեպ: Խոսում են սոցիալական վիճակից, իբրև թե դժվար է թատրոնի տոմս գնելը, բայց համերգների ժամանակ կրկնակի թանկ տոմսեր են գնում, լցնում դահլիճը… Զարմանալի բան է կատարվում. թատրոնը, ուր ճշմարիտ հույզերն են, կենդանի կատարումները` շատ ավելի քիչ է մարդկանց հետաքրքրում, վարակում, քան` սերիալները: Ես հասկանում եմ, որ սա ժամանակի թելադրանքն է, որ հիմա սերիալների ժամանակն է, որն անցնելու է, սակայն այս ընթացքում թե´ հանդիսատեսն է շատ բան կորցնում, թե´ թատրոնը: Հին երգեր չերգեմ` ասելով, թե ահա մեր ջահելության ժամանակ մենք օրնիբուն թատրոնում էինք: Չէ, մենք էլ մեր հետաքրքրություններն ունեինք, կինո էինք շատ հաճախում, բաց չէինք թողնում ոչ մի հետաքրքիր համերգ, գիրք էինք կարդում, քննարկում, սակայն թատրոնն առանձնակի տեղ ուներ մեր կյանքում: Բեմից հնչող կենդանի խոսքը վարակում էր մեզ, իր հետևից տանում: Մենք կարծես գործողությունների և իրադարձությունների մասնակիցն էինք դառնում, յուրովի վերապրում բեմում կատարվողը, փորձում մեզ նայել բեմի իրադարձություն ների դիրքերից: Թատրոնը զորավոր ուժ ունի… Գուցե հիմա այդ ամենի կարիքը չե՞ն զգում մարդիկ: Բայց այդ դեպքում նրանք կորցնում են շատ բան, կորցնում են ինքնազննումի և ինքնաստուգման հատկությունը… - Եվ ի՞նչ եք առաջարկում, ի՞նչ անենք: -Եթե ես այդ հարցերի պատասխաններն ունենայի` շատ վաղուց ինձ աշխարհի ամենահանճարեղ մարդը համարած կլինեի: Չէ, ես դեղատոմսեր չեմ առաջարկում: Կան կազմակերպություններ և կառույցներ, կան պաշտոնյաներ, որոնք պիտի զբաղվեն այդ հարցերի պատասխաններով: Ես բեմադրիչ եմ, բեմադրություններ եմ անում, իմ զգացածը, իմ մտածածն եմ բերում բեմ` այսպես ստեղծելով բեմի և աշխարհի կապը, այսպես ստեղծելով իմ երևակայության մեջ ապրող աշխարհը: Ես իմ բեմադրություն ներում միշտ բարության կողմնակիցն եմ: Շատերը հիշում են Սունդուկյանի անվան թատրոնում իմ բեմադրած «Փրկեցեք ձեր հոգիները» ներկայացումը: Ամենադաժանի մասին ես «խոսում» էի բարությամբ: Թատրոնը բարություն տարածելու հատկանիշն էլ ունի: Ուրեմն, ուզում եմ, որ մեր հասարակությունը բարիանա, ազնվանա, փոխի ինքն իրեն: Հեղափոխությունները սոցիալական երևույթներ են, իսկ ես ուզում եմ, որ մեր հոգեբանությա´ն մեջ լինի հեղափոխություն, ինքներս փոխվենք, հասկանանք, որ նոր ժամանակներում ու նոր իրականության մեջ ենք ապրում: - Եթե Ձեզ առաջարկեն հանդես գալ մեր երիտասարդ ընթերցողների առջև, ի՞նչ թեմա կնախընտրեիք: - Ես կպատմեի իմ ընկերների ու մեր մեծերի մասին: Ուրախ բաներ կպատմեի: Ես անգամ ասել եմ, որ եթե իմ մասին գիրք գրեն, ապա պիտի գրեն կատակով, հումորով, «անլուրջ»: Չեմ սիրում չափազանցված լրջությունը: Ես ուզում եմ, որ մենք երբեք չհեռանանք ուրախ լինելու զգացումից ու գաղափարից, իսկ ուրախությունը ծնվում է հարուստ ներաշխարհից, մեր ձևավորած մարդկային բարի հարաբերություններից…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ