ԱՆԱՆՑ ԱՐԺԵՔՆԵՐ Բոլոր ժամանակների մեծերից մեկը


ԽՍՀՄ և ՀՍՍՀ ժողովրդական արտիստուհի, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Մետաքսյա Սիմոնյանը 20-րդ դարի ազգային թատրոնի այն մեծություններից էր, ովքեր իրենցով պայմանավորեցին մի ողջ դարաշրջանի գեղարվեստական հաստատումների ընթացքն ու տրամաբանությունը, ովքեր ձևավորեցին այնպիսի ավանդույթներ, որոնք դպրոց եղան արդեն եկողների համար: Հայ բեմարվեստի պատմության մեջ շատ դերասանուհիներ էին նշանավորվել, շատերի անուններն են դրոշմվել մեր հիշողության մեջ. Արուսյակ Փափազյանի ու Սիրանույշի, Ազնիվ Հրաչյայի ու Արուս Ոսկանյանի, Ժասմենի ու Սաթենիկ Ադամյանի, Օլգա Գուլազյանի ու Հասմիկի, Արուս Ասրյանի ու Վարդուհի Վարդերեսյանի անուններն առմիշտ արդեն մեր թատրոնի շքեղ պատմությանն է: Մետաքսյա Սիմոնյանն այս փաղանգի մի մասն է, ամենաշքեղներից մեկը, ով բեմ եկավ 1948-ին` թատերական ինստիտուտի առաջին դերասանական կուրսն ավարտելուց հետո: Նրա առաջին դերը Անանին էր` Գ. Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» կատակերգության բեմադրության մեջ, խաղընկերներն էին սունդուկյանական ավանդույթների մեծագույն կրողները` Ավետ Ավետիսյանն ու Օլգա Գուլազյանը: Այս կատարումը նրա համար յուրատեսակ քննություն էր, որը նա «հանձնեց» մեծ հաջողությամբ և մեկ տարի անց արդեն խաղաց Նինա` Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի բեմադրության մեջ: Վահրամ Փափազյանի, Վաղարշ Վաղարշյանի, Հրաչյա Ներսիսյանի խաղընկերությամբ ստեղծված այս կատարումը մեծ ճանաչում ու հռչակ բերեց դերասանուհուն, պարտադրեց ամենախստապահանջ թատերագետներին` բարձր գնահատել դերակատարումը, հմայվել դերասանուհու անկեղծությամբ ու անմիջականութ յամբ, խորը դրամատիկականությամբ, հոգեբանական մանրամասների ընդգծումներով, հոգեպարար քնարականությամբ: Հատկանիշներ, որոնք էլ ցայտուն էին դարձնում կերպարը, առանձնացնում նրան մարդկային բազմադեմ դիմակահանդեսի մեջ… Ինչպես ռուս, այնպես էլ հայ բեմում երբեք Նինայի կերպավորման շուրջ լուրջ խոսակցութ յուններ չէին եղել, կերպարը չէր դիտարկվել որպես բարդ հյուսվածքի իրողություն, մինչդեռ Մետաքսյա Սիմոնյանը բեմ էր բերել մի այնպիսի հերոսուհու, ով դառնում էր բոլոր իրադարձությունների կենտրոնը, նպաստում սյուժեի ողբերգական լարմանը: Նինային հաջորդեցին նոր ու հետաքրքիր այլ դերեր, որոնք վառ պատկերացում ձևավորեցին արտիստուհու ստեղծագործական նախասիրությունների և դերասանա կան դիապազոնի մասին: Ցայտուն կատակերգականից մինչև ողբերգություն, թեթև ու նուրբ վրձնահարվածներով ստեղծված կերպարներից մինչև բազմաշերտ, երբեմն պարադոքսների վրա կառուցված հոգեբանական նկարագրեր. այսպիսին է նրա ստեղծագործության բնութագիրը, որում առաջնայինը գեղարվեստական թեմայի եզակիությունն է: «Ցավ մի պատճառեք կնոջը, չէ՞ որ նա գեղեցիկ է»,- ահա այսպես է Մետաքսյա Սիմոնյանի առաջատար թեման բնութագրել ակադեմիկոս Լևոն Հախվերդյանը` յուրովի ընկալելով և ներկայացնելով բեմական բոլոր հերոսուհիների գաղափարական ենթաշերտը: Սա դիպուկ է, բայց ոչ ամբողջական: Միայն գեղեցիկ կանանց դատի պաշտպանը չէր Մետաքսյա Սիմոնյանը, քանի որ նրա հերոսուհիները հզոր անհատականություններ էին նաև, պետության ու հայրենիքի առջև մեծ պարտք ունեցող կանայք, ըմբոստ ու արի անհատականություններ: Նուարդը, Փառանձեմը, Կլեոպատրան, Մարգարիտ Սամսոնյանը պատմաշրջանների ներկայացուցիչներն էին, նրանք ունեին իրենց կռիվն ու ընդվզումը, իրենց հավատամքը: Եթե ազգային խաղացանկում, բացի նշվածներից, մյուս գրեթե բոլոր կերպարները հառնում էին յուրատեսակ թեթևությամբ ու փափկությամբ, ապա ռուսական ու եվրոպական խաղացանկի շատ դերեր իրենց մեջ որոշակի ողբերգական լիցքեր ու կրքեր էին պարունակում: Դեզդեմոնան, Ջուլիետը, Կորդելիան` շեքսպիրյան ողբերգություններում, Նաստասիա Ֆիլիպովնան` Դոստոևսկու «Ապուշը» վեպի բեմականացման մեջ, Վիրջինիա Վուլֆը և այլ կերպարներ հզոր դերասանական տեմպերամենտի արտահայտություններն էին: