Պատմության գլխավոր դասերը


ԻՆՉՈ՞ւ են առաջանում… հեղափոխությունները: Դրանք այնպիսի արժեքների կորստի արդյունքն են, առանց որոնց մարդն այլևս չի կարողանում ապրել, և նրա մեջ կուտակված զայրույթը պոռթկում է, արթնանում է ամեն ինչ ջարդել-փշրելու մոլուցք: Մանավանդ` երբեք չեն պակասում այդ մոլուցքը թեժացնելու սիրահարներ, ովքեր զանգվածներին հորդորում են, թե «գալիք հեղափոխության մեջ պրոլետարիատը ոչինչ չունի կորցնելու, բացի իր շղթաները, մինչդեռ ձեռք կբերի մի ամբողջ աշխարհ»…: Յուրաքանչյուր հեղափոխություն ունենում է կազմակերպիչների կամ հրահրողների իր «կադրային բազան»: Մի դեպքում դրանք ազնիվ ուտոպիստներ են, ովքեր հավատում են, թե պայքարում են բարձր նպատակների համար: Մի այլ դեպքում` պաշտոնամոլությունից կուրացած ստահակներ են, ովքեր ձգտում են պղտոր ջրում ձուկ որսալով բարձրանալ հասարակական կյանքի մակերևույթ, հագուրդ տալ ուրիշների վրա իշխելու իրենց փառասիրական կրքերին, հընթացս նաև ապահովել նյութական բարիքներ հափռելու երաշխավորված հնարավորություն: Երբեմն էլ` նմանները խաղալիք են դրսի չարակամների ձեռքին, ովքեր ֆինանսավորում և խաղատիկնիկների նման օգտագործում են այդպիսիներին` տվյալ երկիրը, պետությունը կամ հասարակությունը ներսից քայքայելու, անգամ կործանելու համար… Երբեք չի կարելի հավատալ, թե երբևէ հնարավոր է հեղափոխություն անել` առանց… ֆինանսավորման: Եվ ուղղակի շատ միամիտ պիտի լինել` չհասկանալու համար, որ այս կամ այն ֆինանսավորողն առանց անձնական կամ քաղաքական շահի քսակ չի բացում հեղափոխականների առաջ… Բայց հեղափոխական թոհուբոհի մեջ այդ ամենի մասին ոչ ոք չի մտածում: Սթափության պահը վրա է հասնում ավելի ուշ, երբ հարյուր-հազարավորներն ու միլիոնավորները տեսնում են, որ իրականում իրենք ոչինչ էլ չեն շահել` մի հարստահարիչը փոխվել է մեկ ուրիշով, մի բռնակալը` մյուսով: Այլ խոսքով` հեղափոխությունները բերում են կառավարման մեխանիզմների անցում մեկ քաղաքական ուժի ձեռքից` մյուսին, իրականացնում են հասարակական բարիքների վերաբաշխում, ուրիշ ոչինչ: Ընդսմին, երկուսից էլ բարիկադների վրա մարտնչողները անմասն են մնում: Փոխարենը այդ ՆՈՐ ՏԵՐԵՐԻ հաստատման դիմաց նրանք առատորեն վճարում են… սեփական արյունով, անձնական խաթարված երջանկությամբ, պետության ու հասարակության կյանքի մի քանի տասնամյակի ետընթացով… Սրանք են մարդկային պատմության գլխավոր դասերը, որոնցից, ավա˜ղ, մարդկությունն այդպես էլ ոչինչ կամ գրեթե ոչինչ չի սովորել: Ամենևին պետք չէ մեծ խելք ունենալ` այս ճշմարտությունները հասկանալու համար: Կարիք չկա նեղություն կրել և ուսումնասիրել նաև մարդկության երկար ու ձիգ պատմության հեղափոխական դրվագները: Բավական է հայացք նետել հենց մեր պետության ձևավորման վերջին 20 տարիներին, հիշել ՀՀՇ-ական «թավշյա հեղափոխութ յան» կարգախոսները: Ո՞ւր են մեր երբեմնի «թավշյա» առաջնորդների հռչակած ազատությունը, արդարությունը, հավասարությունը… Կոմունիստների կառավարման 70 տարիների անարդարություններից մինչև կոկորդը կշտացած մեր ժողովուրդն ի՞նչ ստացավ, երբ մեր ազգային բախտի ղեկն իրենց ձեռքն առած երեկվա կոմունիստ ինքնակոչներին փոխարինեցին նոր, այսպես կոչված` «ազգընտիր» ինքնակոչները: Նրա´նք էլ ազգային հարստությունների վերաբաշխում իրականացրին` յուրաքանչյուրիս «մեծահոգաբար» նվիրելով սկզբում 10, ապա 20-հազար դրամ անվանական արժեքով մի թղթի կտոր` «վաուչեր» օտարահունչ անվամբ: Սովամահության եզրին հասած հարյուր-հազարավորներս դրանք հարկադրված վաճառեցինք 3, 5-4 հազար դրամով: Իսկ մեր ազգային բախտի նոր տերերն ու նրանց հովանավորյալները այդ արժեզրկված թղթերը մեզնից հնգապատիկ էժան գնելով` դրանցով բորենու ագահությամբ իրար մեջ բաժան-բաժան արեցին ամբողջ ժողովրդի 4-5 սերունդների արյուն-քրտինքով ստեղծված և կանխամտածված կերպով շատ ցածր մեկնարկային գնով վաճառքի հանված անբավ հարստությունները: ՄԻԺԻ հանդեսի անցյալ տարվա վերջին համարներից մեկում ընդգծված էր, թե տնտեսագետների հաշվումներով` ՀՀՇ-ի տարիներին Հայաստանից դուրս բերված կապիտալի ընդհանուր ծավալը կազմել է…120 միլիարդ դոլար: Համազգային թալանի երեկվա այդ կազմակերպիչները չե՞ն, որ այսօր նորից փորձում են ժողովրդին նոր հեղափոխության կոչել: Կոկորդիլոսի արցունքներ են թափում և աղմկում սոցիալական անարդարությունների, հայրենի պետության մեջ մարդու անպաշտպանվածության, ժողովրդավարական սկզբունքներից կատարվող շեղումների, քաղաքացիների տարրական իրավունքների ոտնահարումների, իշխանությունն իբր թե «ժողովրդին վերադարձնելու», «ավազակապետությունը կործանելու» և հազար ու մի այլ բաների մասին: Ոչ ոք չի ասում, թե մեր պետության մեջ այդպիսի այլանդակ երևույթներ չկան կամ դրանք չպետք է վերացվեն: Բայց վերացնողներն ովքե՞ր պիտի լինեն: Նրա՞նք, ովքեր մեկ անգամ արդեն խաբել ու կողոպտել են ժողովրդին… Ժողովրդական իմաստնությունն ասում է` եթե քեզ մեկ անգամ խաբել են` խաբողը սրիկա է, իսկ եթե նույն մարդը քեզ խաբել է երկրորդ անգամ` դու´ ես հիմարը: Մի՞թե այնքան հիմար պիտի լինենք, որ թույլ տանք` մեզ կրկին հեղափոխական խելահեղության տանեն: Այն էլ` նույն մարդիկ, երեկվա նույն արգահատելի «ազգընտիրները»: Մի՞թե իմաստնություն չունենք` դասեր քաղելու նաև…ուրիշների փորձից, կոնկրետ` այս օրերին Հյուսիսային Աֆրիկայի երկրները փոթորկող իրադարձություն ներից: Այդ երկրներում մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների, ժողովրդավարության, սոցիալական արդարության սկզբունքների անթիվ ոտնահարումներ կային ու կան, որ հանգեցրին հեղափոխական պոռթկումների: Ինչու՞ նախապես չվերացնել համանման արատները: Ինչո՞ւ չմտածել հարուստ ու աղքատ խավերի միջև գոյություն ունեցող սոցիալական անդունդի փոքրացման մասին: Մանավանդ` համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած լրացուցիչ դժվարություն ների, անզուսպ գնաճի, կյանքի մակարդակի իջեցման պայմաններում: Եթե մեր մեծահարուստները, որոնց ժողովուրդը, որպես հայհոյանք, «օլիգարխ» բառով է բնորոշում, այնքան տգետ են, որ չեն հասկանում, թե չի կարելի նստել հրաբխի եռացող խառնարանի վրա` դեռ խուփն էլ վրան դնելու հիմար մի փորձ անելով, ապա պետությունը պետք է սանձահարի նմանների ախորժակը, հասկացնի, որ Աստված մի արասցե` նոր սոցիալական պայթյունը կսրբի-կտանի թե´ իրենց ամբողջ հարստությունը, թե´ անգամ ամեն մի իշխանություն: Այսօր ավելի լավ է սատար կանգնել ժողովրդին, մանավանդ նրա առավել անապահով խավերին, քան դիմել ամեն ինչ կորցնելու ռիսկի: Աչքներիս առաջ Սաուդյան Արաբիայի իշխանություններն արդեն իսկ այդպիսի քայլեր են ձեռնարկում: Նրանք մշակել են ժողովրդին 30 միլիարդ դոլարի ուղղակի օժանդակություն տրամադրելու ծրագիր: Իսկ մենք չե՞նք կարող քիչ թե շատ տեսանելի ու շոշափելի նյութական աջակցություն ցույց տալ մե´ր քաղաքացիներին: Եվ ցույց տալ նախևառաջ` այլանդակ չափերի հասնող գնաճը սանձելով, աշխատատեղեր ստեղծելով, մարդկանց մի կտոր չոր հացից չզրկելով, 0 բարեգործություններով… Խելացին նա´ չէ, ով իր հայրենակցի վերջին շապիկն է հանում, այլ նա, ով հայրենակցին չի թողնում վերջին շապիկի հույսին: Ի վերջո, շապիկ չունեցողը չի կարողանա աշխատել, իսկ առանց աշխատանքի` ոչ մի կապիտալ չի բազմապատկվում… Ի դեպ, դա նույնպես պատմության դասերից մեկն է…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ