ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ


Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելը վտանգավոր է դարձել կյանքի ու առողջության համար: Վիճակագրությունը բռնության դեպքերի հետզհետե ավելի ու ավելի աճող թվեր է ներկայացնում: Մեծ հեղինակություն ու ճանաչում վայելող իրավապաշտպան Ա. Հասանովին ոստիկանները նախօրեին այնպես են ծեծել, որ նա ի վիճակի չի եղել մասնակցել նախորդ տարի Ադրբեջանի մի քանի շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղներից տուժած բնակիչների հրավիրած բողոքի ակցիային: Նախորդող ամիսներին տեղական լրատվամիջոցները բազմիցս են անդրադարձել խնդրին` նշելով, որ տարերային աղետի հետևանքով հազարավոր մարդիկ զրկվել են կենցաղային նվազագույն պայմաններից և զգալի նյութական կորուստներ կրել: Բողոքի հուժկու միջոցառումից առաջ Ա. Հասանովին ստիպողաբար ստորագրել են տվել կեղծված մի թղթի վրա: Ըստ որի` տուժած բնակիչների ակցիան հրահրվել է արտասահմանյան հատուկ ծառայությունների և երկրի առաջընթացը խոչընդոտող ուժերի կողմից: Ծեծի ենթարկված գործիչն ասել է, թե իրականում բարձրաստիճան պաշտոնյաների անտարբերության արդյունքում է տուժած շրջանների բնակչությունը նման իրավիճակում հայտնվել: Դեպքից հետո ադրբեջանցի չինովնիկները խոստացած են եղել աղետի վնասները փոխհատուցել և, ինչպես հաճախ, շատ արագ մոռացել են նաև այս մի խոստման մասին: Տեղական լրատվամիջոցները նշում են, որ իշխանությունը զլանում է անգամ պետական միջոցներն ըստ անհրաժեշտության տնօրինել` դա համարելով ավելորդ ու չարդարացված շռայլություն: Իսկ տվյալ դեպքում, շանտաժի դիմելով` ջրհեղեղի վնասների փոխհատուցման հարցը հետաձգելը խնդիրը մոռացության մատնելու պարզունակ նպատակն ունի: Բազմաթիվ սոցիալական խնդիրներ նման ծածկադմփոցներ սարքելու եղանակով շրջանցելու օրինակներ Ադրբեջանում հաճախ են գրանցվում: