Նույնքան յուղոտ ու նույնչափ խոցելի


ԿՅԱՆՔԻ աստիճաններով իջնել¬բարձրանալու մասին հայտնի արտահայտությունն այս օրերին ինքնաբերաբար կարելի է մտաբերել` Գագիկ Բեգլարյանին նոր պաշտոնի նշանակելու լուրերն առնելուց հետո: Սակայն եթե խոսքը համեմատության մասին է, ապա հիմնականում արդեն անցյալում մնացած տարեվերջյան խայտառակութ յունից հետո Երևանի նախկին քաղաքապետն այդ աստիճաններով ոչ թե իջավ, այլ գահավիժեց: Ընդ որում, մինչև հիմա էլ դժվար է ասել, թե նման պաշտոնյան ինչպե՞ս այդքան մեծ ու ճակատագրական սխալ գործեց: Ամեն դեպքում, էքսքաղաքապետը, չնայած բազմիցս շրջանառված ու քննարկված բազմաթիվ թերություններին, ինչպես ասում են, փողոցից գտնված մարդկանցից չէ: Ուստիև չի բացառվում, որ իշխանությունը եզրակացրած լինի, թե երկու ամիսը բավական է, որպեսզի նա, ինչպես ասում են, խելքը գլուխը հավաքած լինի: Չի բացառվում նաև, որ հետզհետե մոռացվող այս գործչին նոր պաշտոնի նշանակեն` համենայն դեպս իշխանության հանդեպ ունեցած ընդգծուն հավատարմության ու մինչև վերջ նվիրված մնալու երդումը վերստին կորզելուց հետո: Իշխանության ու նախկին պաշտոնյայի ճանապարհները տարիներ շարունակ չեն հատվել, և, եթե չլիներ հայտնի միջադեպը, ապա Գ. Բեգլարյանը դեռևս իր աթոռին բազմած կմնար: Այսքանով հանդերձ` գաղտնիք չէ, որ Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնն էլ իր հերթին որքան յուղոտ, նույնքան էլ խոցելի է: Մեր երկրում եթե կոռուպցիա ու անօրինականություն են ասում, ապա Կադաստր կոչվածը նույնպես ժամանակի ընթացքում այդ ախտի խորհրդանիշերից մեկն է դարձել: Ու նման իրավիճակում առանց այն էլ ոչ բարի վերջաբանով ասպարեզը թողած մեկին այդչափ խոցելի ոլորտ վստահելը, բնականաբար, ռիսկի մեծ չափաբաժին է պարունակում: Մանավանդ որ` հազիվ թե չգրված օրենք գոյություն ունենա` պաշտոնանկ արվող քաղաքապետերին դեպի կադաստր գործուղելու վերաբերյալ: Համենայն դեպս, Երվանդ Զախարյանի պարագան տվյալ դեպքում պարզապես զուգադիպություն է: Ավելին, եթե իսկապես առաջիկայում նոր նշանակման ականատեսը դառնանք, ու Գ. Բեգլարյանն իրեն փոխարինած Կարեն Կարապետյանի նման կտրուկ քայլեր ու հասունացած ռեֆորմներ նախաձեռնի, ապա այս նշանակմամբ իշխանությանը կհաջողվի փրկել և´ նշված ոլորտի, և´ իր երբեմնի հուսալի համարված գործչի կորսված հեղինակությունը: Եվ եթե առաջիկա օրերին հանրությունը մոռացվող էքսքաղաքապետին վերադարձնելու արարողության ականատեսը դառնա, ուրեմն իշխանության հաշվարկը առավելապես վերը հիշատակված երկու երանիները համատեղելու շրջանակում է ամփոփվել: Ի վերջո, եթե նախկին քաղաքապետի հետ իշխանությունը, բառի ամենալավ իմաստով, բոլոր հաշիվները մաքրած լիներ, ապա նույնիսկ նման խոսակցություններ շրջանառելու իմաստ ներկայում այլևս չէր լինի: