Մտահոգիչ վիճակագրություն


 

Եվրամիության երկրների շուրջ 1 մլն 300 հազար քաղաքացի 2012-ին կհեռանա կյանքից` տարբեր քաղցկեղային հիվանդությունների պատճառով: Հետազոտության մտահոգիչ այս արդյունքների մասին հայտնել են իտալացի և շվեդ գիտնականները` հիմք ընդունելով 1997-2007 թթ. մահացության և եվրոպական երկրների բնակչության աճի վիճակագրութ յունը: Քաղցկեղին զոհ են գնալու շուրջ 717 հազար 398 տղամարդ և 565 հազար 703 կին:

Թեև բնակչության ընդհանուր ծերացմամբ պայմանավորված` թվերն ավելի մտահոգիչ են, քան 5 տարի առաջ, այնուամենայնիվ, գիտնականները հույս էին հայտնել, որ տղամարդկանց մահացությունը 10, իսկ կանանցը` 7 տոկոսով կկրճատվի: Վիճակագրությունը ծանոթացնում է ավելի մանրակրկիտ փաստերի հետ: Մասնավորապես` 20 %-ով կկրճատվեն ստամոքսի, 10 %-ով թոքերի քաղցկեղների, 11 %-ով սպիտակարյունության պատճառով տղամարդկանց մահացության դեպքերը: Կանանց պարագայում պատկերը մի փոքր այլ է: Ավելի հուսադրող է կրծքագեղձի քաղցկեղից մահացության դեպքերի թիվը: Այն կկրճատվի 17 %-ով: Ենթաստամոքսային գեղձի և թոքերի քաղցկեղի դեպքերը կավելանան հատկապես Բրիտանիայում և Լեհաստանում, որտեղ նախքան վերջին հետազոտությունն էլ այս հիվանդություններից մահացության տոկոսն ամենաբարձրն է: