Խոստովանություն, որը կրկին պատռեց Ալիևի դիմակը


 

Եվ այսպես, Իրանի արտգործնախարարությունն արդեն երկրորդ անգամ է իր մոտ հրավիրում Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավաշիր Ախունդովին` պահանջելով պարզաբանումներ տալ ադրբեջանա-իսրայելական խոշոր ռազմական գործարքի վերաբերյալ: Ինչպես արդեն նշել ենք, տվյալ գործարքի արդյունքում Իսրայելը Ադրբեջանին մատակարա րելու է 1,6 միլիարդ դոլարի զենք, այդ թվում` անօդաչու ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր: Իրանը համոզմունք է հայտնել, որ այդ զենքն Իսրայելը նպատակ ունի ուղղել իր պետության դեմ:

Ըստ իրանական լրատվական գործակալության, Ախունդովն այդ գործարքի նպատակները պարզաբանելիս հատուկ ընդգծել է, որ այն ուղղված չէ երրորդ երկրների` մասնավորապես Իրանի դեմ: Եվ ամենաուշագրավը. իր արդարացումները համոզիչ դարձնելու համար ադրբեջանցի դեսպանը հատուկ ընդգծել է, որ Իսրայելից ձեռք բերվող աննախադեպ խոշոր ծավալի տեխնիկան իրենք նպատակ ունեն օգտագործել «բռնազավթված» տարածքները հետ վերադարձնելու համար: Արժե՞ արդյոք հիշեցնել, թե Իլհամը վերջին մեկ տարում իր «կոտրած ձեռքով» քանի˜ հայտարարության և պայմանավորվածությունների տակ է ստորագրել առ այն, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի Հելսինկյան հիմնարար պակտի և Մադրիդյան սկզբունքների ոգուն ու տառին համապատասխան: Այն է` ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով` բացառելով ուժի գործադրումը: Միայն հինգ այդպիսի պայմանավորվածություն ձեռք է բերվել Մեդվեդև-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպումների ժամանակ: Դեռ չհաշված Մինսկի խմբի նախաձեռնությամբ անցկացված բանակցություններում կողմերի պայմանավորվածությունը, որ պետք է բացառել պատերազմի վերսկսումը և վերջ դնել ռազմական հռետորաբանությանը: Այս տեսանկյունից` Իրանում Ադրբեջանի դեսպանի կամա թե ակամա խոստովանությունը, թե Իսրայելից գնվող զենքը ուղղվելու է ԼՂՀ-ի դեմ, ոչ ավելի, ոչ պակաս ծաղր է` հասցեագրված թե´ Մինսկի խմբի համանախագահներին, թե´ հատկապես ՌԴ նախագահ Մեդվեդևին:

Սակայն արժե անդրադառնալ նաև «մեդալի» մյուս երեսին: Արդյո՞ք Ադրբեջանի պնդումը, որ Իրանի նկատմամբ նկրտումներ չունի, իրոք անկեղծ է: Իհարկե` ոչ: Դեռ փետրվարի 12-ին Իրանի արտգործնախարարություն կանչված նույն Ախունդովին իրազեկել էին, որ Իսրայելի հատուկ ծառայությունները ազատ գործունեություն են ծավալում Ադրբեջանում, իսկ «Մոսադ» իսրայելական գործակալությունը հենց Բաքվում էլ կազմակերպում և Իրան է ուղարկում ահաբեկիչների, որոնք էլ իրականացնում են ահաբեկչական գործողություններ իրանցի գիտնականների դեմ: Այնպես որ, այստեղ էլ Ալիևի ձեռքերը, մեղմ ասած, կեղտոտ են: