ՄԽԻԹԱՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ


 

Ընտրությունները լավ առիթ են մոռացված դեմքերի վերադարձի համար: Ասում են, որ թիվ 13 ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունի նաև ԲՀԿ նախկին անդամ ու այդ կուսակցության քվոտայով սոցապ նախարար աշխատած Մխիթար Մնացականյանը: Նա հեռացավ նախարարի պաշտոնից, որովհետև Գագիկ Ծառուկյանը խիստ դժգոհ էր նրա գործունեությունից: Մնացականյանին շատ հաճախ կարելի էր տեսնել նախագահականի բակում ճեմելիս կամ էլ ահռելի մարմինը կուչ բերած` կանգնած մուտքի դռների մոտ: Նա այդպես կամենում էր երևալ երկրի ղեկավարի աչքին: Հիմա էլ երևի կամենում է երևալ մյուս պաշտոնյաների աչքին, այդ պատճառով էլ որոշել է անպայմանորեն առաջադրվել: Առաջադրվելը` ոչինչ, բայց արդյո՞ք նրան ձայն կտան այն բազմաթիվ կենսաթոշակառուները, որոնց զուր հույսեր էր տալիս: Կամ մի՞թե մարդիկ չեն հիշի, թե ինչպիսի նողկանքով էր նա այցելում մանկատներ ու ծերանոցներ` արհամարհանքով նայելով իր շքեղ, սև երկար վերարկուին դիպչող որբերին ու ծերերին…